Լրահոս

05.12.2009 17:57


Հարություն Մեսրոբյան. «Ե՛վ թուրքական, և՛ ադրբեջանական ուղղությամբ շոշափելի զիջումներ է անելու Հայաստանը»

Հարություն Մեսրոբյան. «Ե՛վ թուրքական, և՛ ադրբեջանական ուղղությամբ շոշափելի զիջումներ է անելու  Հայաստանը»

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը «7օր»-ին ասել է, որ Թուրքիայի համար հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և երկկողմ արձանագրությունների վավերացման ողջամիտ ժամկետն ապրիլի 24-ն է։ Թեև Ա. Իսկանդարյանը կարծում է, որ այդ ժամկետն այդքան էլ «երկաթյա» չէ, և արձանագրությունների վավերացման ժամկետային հնարավորությունները շատ ավելի մեծ են։

-Այս գործընթացի երկարաձգումը կհանգեցնի ընդդեմ հարաբերությունների կարգավորման հեռանկարի որակական փոփոխության,- այդուհանդերձ նշել է քաղաքագետը։

Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի կարծիքով էլ հայ-թուրքական արձանագրությունները չպե՛տք է վավերացվեն, առավել ևս՝ մինչև ապրիլի 24-ը։

-Եթե ստացվի այնպես, որ թե՛ Ղարաբաղի, թե՛ թուրքական գործընթացը նորից վերջանա մինչև ապրիլի 24-ը, նշանակում է, որ մենք երկրորդ մեխն ենք խփում ընդհանրապես մեր պատմության, մեր ազգի ապագայի դագաղի մեջ,- ասել է կառավարման փորձագետը։

Նա նաև նշել է, որ 2008թ. վրաց-օսական դեպքերից հետո միջազգային ուժերի համար վրացական ճանապարհային կապուղին բավական վտանգավոր է դարձել, և նրանց այլըտրանք է պետք։

-Այս իմաստով անիմաստ է լուծել բացառապես հայ-թուրքական կամ բացառապես հայ-ադրբեջանական խնդիրը։ Դրանք պետք է լուծվեն զուգահեռ,- կարծիք է հայտնել Հ. Մեսրոբյանը՝ ավելացնելով, որ միջազգային ուժերի համար շատ ավելի նպատակահարմար է ճնշում գործադրել Թուրքիայի և Ադրբեջանի միջև կանգնած Հայաստանի վրա՝ այդպիսով միաժամանակ լուծելով երկու խնդիր՝ զիջումներ ստանալ Հայոց ցեղասպանության և ԼՂ-ի ազատագրված տարածքների հարցում.

-Պարզ է, թե մենք ինչու թե՛ բաց, թե՛ քողարկված տեքստով տեսնում ենք, որ և՛ թուրքական, և՛ ադրբեջանական ուղղությամբ շոշափելի զիջումներ է անելու Հայաստանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը