Լրահոս

15.10.2010 17:50


Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը հանդիպել է Ռումինիայի ԱԳ նախարար Թեոդոր Բակոնսկու հետ

Հոկտեմբերի 15-ին Ռումինիայի ԱԳ նախարար Թեոդոր Բակոնսկին (Teodor Baconschi) ընդունեց Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանին: Զրույցի ընթացքում շոշափվեցին հայ-ռումինական օրակարգի ընթացիկ հարցեր, ինչպես նաեւ մտքեր փոխանակվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ նյութերի շուրջ:

Երկուստեք կարեւորվեց տարբեր ոլորտներում առկա կապերի եւ հնարավորությունների լիակատար օգտագործումը եւ համագործակցության առավել ծավալումը, որի համար նպաստավոր պայմաններ են ընձեռնում մասնավորապես հայ-ռումինական միջկառավարական խառը հանձնաժողովի գործունեությունը եւ կրթության, գիտության ու մշակույթի ոլորտներում համագործակցության հնգամյա ծրագիրը:

Հատուկ ուշադրություն դարձվեց բարձր մակարդակով քաղաքական կանոնավոր երկխոսության պահպանմանը, ԱԳՆ-երի միջեւ խորհրդակցությունների շարունակմանը, ինչպես նաեւ եվրոպական ու միջազգային կառույցներում շփումներին' համարելով դրանք անհրաժեշտ պայմաններ հարաբերությունների հետագա զարգացման եւ կապերի խորացման առումով:

Հանդիպման վերջում դեսպան Գասպարյանը երախտագիտություն հայտնեց Ռումինիայի կառավարությանը, որը մշտական հոգատարություն եւ աջակցություն է ցուցաբերում Ռումինահայոց պատմամշակութային հարուստ ժառանգության պահպանմանը եւ ռումինահայ կառույցների ու հաստատությունների գործունեության ապահովմանը:

Այս խորագրի վերջին նյութերը