Լրահոս

05.12.2009 16:54


Ալեքսանդր Իսկանդարյանը մտքափո՞խ է եղել

Ալեքսանդր Իսկանդարյանը մտքափո՞խ է եղել

2009թ. հոկտեմբերի 27-ին քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ 15 տարի մեզ փաստացի ասվել է, որ եթե կարգավորենք Ղարաբաղի հարցը, թուրքերը կբացեն սահմանը։

-15 տարի դա չի աշխատել։ Ի՞նչ է եղել, ինչո՞ւ միանգամից այն պետք է աշխատի այսօր։ Եթե 3 շաբաթում պետք է լուծվի Ղարաբաղի հարցը, ու նոր սահմանը բացվի, ինչի՞ համար էին արձանագրություններն այս տեսքով։ Կվավերացվեն արձանագրությունները, թե չեն վավերացվի, գործընթացը կանգ կառնի կամ կշարունակվի, Ղարաբաղի հարցի վրա դժվար թե ազդի,-նշել էր քաղաքագետը։

Սակայն այսօր «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ Ա. Իսկանդարյանն արդեն հայտարարել է. 

-Գրեթե ամենը, ինչ այժմ տեղի է ունենում տարածաշրջանում և դրա շրջակայքում, կապված է հայ-թուրքական գործընթացի հետ։ Գրեթե բոլոր խնդիրները, որոնք կան տարածաշրջանում, այժմ ծառայողական կամ էլ օգնող դեր են խաղում հայ-թուրքական հարաբերությունների գործընթացի համար։ Դա վերաբերում է նաև ղարաբաղյան խնդրին։ Համապատասխանաբար այն, ինչ տեղի է ունենում ղարաբաղյան հակամարտության գործընթացի շրջանակներում, որոշակի ծառայողական դեր ունի հայ-թուրքական հարաբերությունների գործընթացի վրա։

Հենց այս ենթատեքստում է Ա. Իսկանդարյանը դիտարկում նաև մյունխենյան և աթենքյան գործընթացները.

-Կողմերը միշտ ցանկանում են ցույց տալ, որ կա առաջընթաց, բայց այժմ նրանք ցանկանում են է՛լ ավելի ընդգծել, որ ղարաբաղյան գործընթացում առաջընթաց կա, որպեսզի հայ-թուրքական գործընթացի բարելավումը որքան հնարավոր է, թեթև ընթանա։ Կստացվի, թե ոչ, այլ խոսակցություն է։ Բայց ինձ թվում է, որ ղարաբաղյան հակամարտության ներկա փուլը կապված է հենց այդ գործընթացի հետ։

«7օր»-ի թղթակիցն Ա. Իսկանդարյանին հիշեցրել է, որ ոչ վաղ անցյալում նա նշում էր, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը ղարաբաղյան խնդրի հետ կապված չէ, հետևաբար ի՞նչ փոխվեց այդ ընթացքում, որ փոխվել է նաև իր կարծիքը։

-Ես չեմ հիշում, թե ինչ եմ ասել կոնկրետ որևէ ակումբում, բայց ես հիշում եմ, թե ես ինչպես եմ մտածել, և հասկանում եմ, թե ինչպես եմ մտածում այժմ։ Ես չեմ փոխել իմ կարծիքը,- պատասխանել է Ա. Իսկանդարյանը՝ լրացնելով, որ իրավական տեսանկյունից հայ-թուրքական և ԼՂ խնդիրները փոխկապակցված չեն, և դա են վկայում ինչպես արձանագրությունները, այնպես էլ որոշ հայտարարություններ։ Սակայն քաղաքական տեսանկյունից այդ երկու խնդիրները, Ա. Իսկանդարյանի պնդմամբ, ուղղակի հնարավոր չէ, որ ընդհանրապես կապված չլինեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը