Հարցազրույց

15.10.2010 17:50


Վլադիմիր Կոստանյան

Վլադիմիր Կոստանյան

Հարցազրույց դերասան, ԱԺ պատգամավորության նախկին թեկնածու Վլադիմիր Կոստանյանի հետ

-Վերջին շրջանում Ձեր արվեստագետ գործընկերներից շատերը սկսել են բարձրաձայնել, թե այսպես շարունակվել չի կարող, համատարած անճաշակություն է և այլն։ Դուք համաձա՞յն եք։

-Մասամբ համաձայն եմ, մասամբ՝ ոչ։ Ես ուզում եմ ասել, որ ամբողջ աշխարհում է տիրում «մաֆիան»: Մեր երկրում էլ է հեռուստատեսային մաֆիան գործում, և պետք է լինես բարեկամ, ծանոթ, ընկեր, կամ ընդհանրապես անծանոթ մարդ, որ փողոցից բռնեն ու ասեն՝ այսքան գումարի դիմաց արի նկարվի. ուղղակի նկարվի, որակը կարևոր չէ։ Այ, հենց դա է բերում անորակության։ Մեր հեռուստաընկերությունները չեն մտածում, թե որակ ունենան։ Իրենց քանակն է պետք, ժամն է պետք՝ լրացնում են։ Եթե, օրինակ, արհեստավարժ դերասանին պետք է վճարեն 15-20 հազ. դրամ, փողոցից բռնած հասարակ մարդուն եթե հարցնեն, թե ուզո՞ւմ ես կինոյում նկարվել, նա էլ ասի՝ այո, 3000 դրամով կբերեն ու կնկարեն։ Այ, դրա համար էլ ուզում եմ ձեր կայքի միջոցով ասել, որ վերջ տան այդ ախմախությանը։ Հիմա մեր ազգը բոլորը դերասան են դարձել։ Բայց կան նաև դերասաններ, ովքեր այսօր խաղում են, և լավ են խաղում, դրա համար ես մասամբ եմ համաձայն, որ կա անճաշակություն։

-Բայց չէ՞ որ բազմաթիվ հեռուստահաղորդումներ կան, որտեղ հայտնի մարդիկ են նկարահանվում, սակայն անորակ կամ անճաշակ բան է ստացվում։

-Ընդունում եմ՝ «ճաշակին ընկեր չկա» բառերը շատ տեղին են հնչում։ Ժամանակին ես էլ «Էս էլ ըսենց» հաղորդաշար ունեի, որը հիմա նորից ուզում եմ վերականգնել։ Այդ հաղորդման մասին շատ-շատերը, թեև ոչ իմ առջև, բայց ասում էին, թե ախմախ բան է։ Բայց մեկ տարի է արդեն, ինչ ես եթերում չեմ, իսկ ժողովուրդն ինձ տեսնելիս «էս էլ ըսենց» է ասում։ Նշանակում է, որ մարդիկ դա հավանել են, կամ այդ խոսքը մտել է իրենց մեջ, կամ մի մասին դուր է եկել, մի մասին՝ ոչ։ Դրա համար միանշանակ ասել չի կարելի։

-Շատ արվեստագետներ, ովքեր ժամանակին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողքին էին, հիմա բողոքում են իշխանությունից՝ շատ հաճախ դա անելով պատերի տակ։ Ինչպե՞ս եք դա գնահատում։

-Կյանքն այդպես է ստեղծված, որ այսօր ա՛յս թիմում է, վաղը կարող է ուրի՛շ թիմում լինել (ծիծաղում է)։ Երևի ինչ-որ մի բանից նեղանում են։ Ճիշտ չէ դա։ Եթե մեկին հարգում ես, ուրեմն պետք է հարգես ու շփվես, իսկ եթե չես հարգում, ուրեմն մի՛ հարգիր։ Եթե մարդիկ շփվում են, ուրեմն պետք է այդպես էլ շարունակվի, մանավանդ քաղաքականությունում, որովհետև քաղաքականությունը շատ դժվար, բարդ բան է։

-Ժամանակին խորհրդարանական ընտրություններին Դուք թիվ 10 ընտրատարածքում առաջադրեցիք Ձեր թեկնածությունը, հետո հանեցիք։ Ոմանք Ձեզ մեղադրում են պալատական արվեստագետ լինելու համար։

-Այնքանով եմ պալատական, որ թեկնածությունս հանելու համար փող չվերցրեցի, ինչպես մի քանիսը արեցին կամ անում են. դա ընդունված ձև է։ Այսօր ես նաև մի մեծ աշխատանք կունենայի, էկրանից ներքև չէի իջնի, եթե պալատական լինեի։ Այսօր մի ջիփ կքշեի, ոչ թե 31-10։ Ես «Ժամանց» մշակութային կենտրոնի տնօրենն էի, հիմա էլ աշխատում եմ իմ 7 հոգով, ապրում եմ, վայելում եմ, ժողովուրդն ինձ սիրում է, ես էլ իրենց եմ շատ սիրում։

-Դուք ասացիք, որ ոմանց նման փող չեք վերցրել Ձեր թեկնածությունը հանելու համար։ Իսկ ո՞վ է փող վերցրել։ Կոնկրետ այդ ընտրատարածքում եղե՞լ է նման դեպք։

-Այս պարագայում ես ո՛չ կարող եմ «այո» ասել, ո՛չ էլ՝ «ոչ», որովհետև ինքս ներկա չեմ եղել այդպիսի խոսակցությունների, ոչ մեկն էլ ինձ փող չի առաջարկել։ Բայց իմ կարծիքով՝ մարդ կա, որ եղել է։

-Իսկ անունը կասե՞ք։

-Հաստատ չեմ կարող ասել։

-Կրկին անդրադառնանք մեր թեմային՝ համատարած անճաշակությանը։ Այս իրավիճակի պատասխանատուն Ձեր կարծիքով ո՞վ է։

-Իմ կարծիքն այն է, որ ղեկավարությունը պետք է իր խոսքն ասի։ Նախկինում գրաքննություն կար, դա լավ և ճիշտ բան էր։ Ամեն ինչ չէ, որ կարելի է ցուցադրել հեռուստատեսությամբ։ Եթե ես լինեի մշակույթի նախարար, առաջարկություն կանեի, որ ինչ-որ օրենք ընդունեին և կարգավորեին։ Ունենք հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով, որին կից մի գեղարվեստական խորհուրդ պետք է լինի, որ գոնե հետևեն եթերին։

-Վերջերս շատ է խոսվում քաղաքական սերնդափոխության անհրաժեշտության մասին։ Արվեստում կա՞ սերնդափոխության անհրաժեշտություն։

-Միշտ էլ փորձը պետք է։ Երիտասարդներն էլ պետք է անպայման գան, փոխարինեն մեծերին։ Ամենուր է այդպես։ Բայց քաղաքականությունը դժվար բան է, պետք է սերնդափոխություն, բայց պետք է այնպես արվի, որ չզգացվի։ Եթե ֆուտբոլում սերնդափոխություն է արվում, մեկ-երկու տարի կաղում է ֆուտբոլը, մինչև կարողանում է ոտքի կանգնել։ Բոլոր ասպարեզներում էլ սերնդափոխություն պետք է, բայց՝ շատ զգույշ ու դանդաղ։

Զրույցը վարեց Սյուզի Մելքոնյանը

Այս խորագրի վերջին նյութերը