Լրահոս

05.12.2009 16:14


Փորձագետ. «Բարձր ատյաններում «ով գործում է, սխալներ է թույլ տալիս» նախադասության կիրառումը պետք է արգելվի»

Փորձագետ. «Բարձր ատյաններում «ով գործում է, սխալներ է թույլ տալիս» նախադասության կիրառումը պետք է արգելվի»

Նոյեմբերի 28-ին ՀՀԿ 12-րդ համագումարում  Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ չսխալվելու երաշխիքն ու հոմանիշը դեռ երեկ ոչինչ չանելն էր, իսկ այսօր ոչինչ չանելը հավասարազոր է սխալվելուն:

«Համոզված եղեք՝ մեր ժողովուրդը կների՛ սխալները, չի՛ ների անգործությունը»,- հայտարարել էր ՀՀ նախագահը:

Այսօր «Հայելի ակումբում» «7օր»-ը քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանից և կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանից հետաքրքրվել է, թե, օրինակ,  Հայաստանի կողմից նախաձեռնած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական դիվանագիտությունը որտե՞ղ է սխալվել։

Ըստ Ա. Իսկանդարյանի՝ այս գործընթացում որոշակի սխալներ կան, որովհետև մարդը ապահովագրված չէ սխալներից, իսկ դիվանագիտությունը բազմաթիվ մարդկանց գործունեության արդյունքն է։

-Կարող էր այլ կերպ ընթանալ վավերացման գործընթացը։ Արձանագրությունները գրված են անփույթ, կարող էին գրված լինել ավելի լավ,- մասնավորապես նշել է քաղաքագետը։

Հ. Մեսրոբյանի խոսքերով էլ՝ որոշ նախադասություններ կան, որոնք մարդը կարող է օգտագործել բացասական զարգացումներ գրանցվելու պարագայում իրեն ապահովագրելու համար.

-Օրինակ՝ ով չի գործում, նա սխալներ թույլ չի տալիս, ով գործում է, սխալներ է թույլ տալիս։ Այսինքն, ցանկացած սխալ հետո կբացատրվի, որ ես գործել եմ, դրա համար էլ սխալվել եմ։ Նույն տիպի ուրիշ նախադասություն՝ դիվանագիտությունը հնարավորությունների արվեստ է։ Այսինքն՝ եթե ինչ-որ բան ձեզ մոտ չի ստացվում, կասեք՝ դե դիվանագիտությունը հնարավորությունների արվեստ է։ Հիմա շրջանառվում է մեկ այլ նախադասություն՝ եթե մենք չլինեինք, ապա այս ճգնաժամն ավելի վատ կանդրադառնար։ Նախադասություններ, որոնք բովանդակային ոչ մի իմաստ չունեն, ուղղակի պարարտ հող են նախապատրաստում վաղվա ցանկացած վտանգավոր զարգացումները բացատրելու հետևյալով՝ բայց մենք զգուշացրել ենք, չէ՞, որ կարող ենք սխալվել, զգուշացրել ենք, որ դիվանագիտությունը միայն հնարավորությունների արվեստ է և այլն,- ասել է կառավարման փորձագետը՝ ավելացնելով, որ ցանկացած ատյանում պատասխանատվության նվազեցմանը միտված նմանատիպ նախադասությունների արտահայտումը, հրապարակումը պետք է արգելվի.

-Պատկերացնո՞ւմ եք՝ եթե Ալեքսանդր Մակեդոնացին իր զորքերին կանգնեցնելով՝ ճակատամարտից առաջ ասի՝ գիտե՞ք ինչ, զինվորներ ջա՛ն, մենք սկսում ենք պատերազմը, բայց կարող է՝ ես սխալվում եմ՝ ինչ է լինելու այդ ճակատամարտի վերջը։ Կամ էլ՝ ճի՛շտ է, մենք պարտվեցինք, բայց եթե ես չլինեի, ավելի վատ վիճակ կլիներ։ Չի՛ կարելի այդպիսի արտահայտություններ անել։ Նման արտահայտությունները մենք կարող ենք ասել մեր առօրյա խոսակցությունների ժամանակ, բայց երբ խոսվում է հանրության, դիմացի ուժերի համար, նման նախադասություններն ուղղակի անթույլատրելի են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը