Մեկնաբանություն

10.05.2016 13:05


Մղձավանջային իրականություն. բարոյական արգելակներ չունե՞ք (տեսանյութ)

Մղձավանջային իրականություն. բարոյական արգելակներ չունե՞ք (տեսանյութ)

Երբ «բանակի քեֆի» թամադայի մտահորիզոն ունեցող մարդը երկիր է ղեկավարում, հայրենիքը խեղճանում, կուճուրվում է մի անկյունում ու ոչ միայն ականջներն է փակում, որպեսզի չլսի «թամադայի» կենացները, այլեւ աչքերն է ամոթից փակում, որ չտեսնի այն գաղջությունը, որ արմատակալել է մեզանում:

Չարչիության, տժվժիկության, խաչագողության «հաղթահանդեսը» վաղուց հատել է բարոյականության, արժանապատվության, պատվախնդրության սահմանագիծը եւ մեզ հետ է շպրտել այնտեղ, որտեղ «նաիրյան կոշմարն» է:

Հայ զինվորը պատերազմում չի սպանվում. նահատակվում եւ հերոսանում է: Բայց նրան կարող է բարոյապես սպանել այն իրականությունը, որում այսօր ապրում ենք:

Բոլոր ծակուծուկերից դուրսպրծուկներ են հայտնվել ասպարեզում եւ «բարեգործության» (փող լվանալու) անվան տակ ինքնագովազդով են զբաղվում: Միայն թշվառության ու աղքատության մեջ ապրող հանրությունը կարող է հանդուրժել նման բան: Երբ, ասենք, իշխանական TV-ներ են լցվում մերօրյա «ռասպուտիններ» ու գուշակություններով եւ կախարդանքով ապուշացնում են հանրությանը։ Կարճ ասած, լլկում են հանրային գիտակցությունը, որ հանկարծ ինքնագիտակցության չգա ու չկարողանա իրողությունների մասին սթափ դատել:

Ո՞վ է հորինել այս եղկելի մթնոլորտը: Ո՞վ: Հասցեն հայտնի է: Հազար անգամ նշել ենք:

Երբ ռաբիս երգչին Սերժ Սարգսյանը ՀՀ վաստակավոր արտիստի կոչում է տալիս՝ իրեն հաշիվ չտալով, որ արմենչիկներն արդեն իսկ իրենց «արվեստով» հոգեզրկել-աղքատացրել են հանրությանը՝ վերջինիս իջեցնելով մուղամային կլանչներից էլ անդին մակարդակի: Դրանից հետո նույն այդ արմենչիկները «Միկիտան Սաքոյի» «դաբրոյով» կարող են հայտնվել զինված ուժերում եւ արդեն հայրենիքի պաշտպանների մարտական ոգին իջեցնել զինվորական կոշիկներից ցած:

Նողկալի տեսարան է, երբ ռաբիս երգիչն իր լոսերից հասնում է Հայաստան, որ կես կիլոգրամանոց ճղճիմ ցելոֆանե տոպրակներ բաժանի մեր զինվորներին: Եվ այդ գարշելի «արարողությունն» էլ նկարահանի ու տարածի: Հայ զինվորին բարոյապես սպանելու այլ ձեւ չգիտեմ, քան սա է՝ շարք կազմած Արմենչիկի ձեռքից ցելոֆանե տոպրակ վերցնելը: Այդ ողջ պարունակությունը ես հաճույքով կլցնեի արմենչիկների գլխին:

Հայ զինվորին դուք ո՞ւմ տեղն եք դրել, ա՛յ, անհայրենիքներ: Սոմալիի որբերի՞: Ձեր դատարկ գանգատուփը, որ աղբով է լցված, նույն դիրքից նայում եք մեր հայրենիքի պաշտպանների՞ն, որոնց մեկօրյա սխրանքը դուք ողջ կյանքում չեք կարող կատարել, ա՛յ բտած խոճկորնե՛ր:

Մեծ հաշվով, հայրենիքն է բարոյապես «ընկնում», ինչի համար թիվ մեկ պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, որը բախտախնդիր ստահակների համար հայրենիքը սարքել է քարվանսարա:

Մեր անվտանգության միակ երաշխավորին՝ հայոց բանակին այս աստիճան նվաստացնելը, հայ զինվորին արմենչիկների ու մնացած թափթփուկների ձեռքին նայողի աստիճանի իջնեցնելը իսկական անբարոյականություն է:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը