Մեկնաբանություն

10.05.2016 11:45


Ով կհաղթի «սառը» կամ «տաք» պատերազմներում

Ով կհաղթի «սառը» կամ «տաք» պատերազմներում

Ղարաբաղի խնդրի բանակցային կարգավորումը գոնե տեսանելի ապագայում հնարավոր չէ: Ինչքան էլ գեղեցիկ տերմիններ հայտնաբերվեն ու հրամցվեն, միևնույն է, դրանից բան չի փոխվելու:

Սա ինտելեկտուալ խնդիր չէ, որ ինչ-որ մեկը գյուտ անի ու «էվրիկա» բացականչի:

Հայաստանի, Ղարաբաղի ու Ադրբեջանի պատկերացումները հակամարտության կարգավորման վերաբերյալ խոր հակասության մեջ են: Հետևաբար, հարցը կա՛մ պետք է լուծվի ռազմի դաշտում, կա՛մ սառեցվի:

Կա նաև այլ՝ երրորդ տարբերակ: Դա դրսից լուծում պարտադրելու տարբերակն է: Այսօր, սակայն, դա հնարավոր չէ. Ռուսաստանն այնքան ուժեղ չէ, որ առանց Արևմուտքի միանձնյա որոշում կայացնի ու պարտադրի այդ որոշումը հակամարտող կողմերին, բայց այնքան էլ թույլ չէ, որ Հարավային Կովկասում իր հետ հաշվի չնստեն: Արդյունքում՝ հարցը տեղափոխվում է հակամարտող կողմերի հարթություն. ով ավելի լավ պետություն կառուցի, ունենա դինամիկ զարգացող տնտեսություն և առաջադեմ հասարակություն, նա էլ կհաղթի:

Չորսօրյա պատերազմը ցույց տվեց, որ հայաստանյան իշխանությունները մինչապրիլյան կիսասառը պատերազմի փուլը շատ անարդյունավետ են օգտագործել: Սերժ Սարգսյանը՝ որպես գերագույն գլխավոր հրամանատար և մեր երկրի անվտանգության երաշխավոր, մեղմ ասած, թերացել է: Նա հույսը դրել է դրսի ուժերի վրա և ոչինչ չի արել մեր պաշտպանական համակարգն արդիականացնելու համար:

Հայկական կողմի խնդիրը, հետևաբար, ռազմավարության փոփոխությունը պետք է լինի: Այսինքն՝ պետք է ապավինել սեփական ուժերին, դրսում միայն դաշնակիցներ փնտրել և բանակաշինության հայեցակարգն արմատապես վերանայել: «Սառը» կամ «տաք» պատերազմում հաղթելու այլ սցենար չկա:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը