Մեկնաբանություն

07.05.2016 10:25


Հաճախորդությունը թաքցնող «հիմնավորումների» մասին

Հաճախորդությունը թաքցնող «հիմնավորումների» մասին

Վերջին ութ տարվա ընթացքում արձանագրվող մակրոցուցանիշների, քաղաքական գաղջ մթնոլորտի, թալանի ու դիլետանտության համադրությունը հանգեցրեց չորսօրյա պատերազմի և կորուստների:

Սերժ Սարգսյանը հիմա թույլ է՝ ինչպես երբևէ: Օգտվելով նրա թուլությունից՝ քաղաքական դաշտի մի հատվածում փորձում են «հայրենասիրական» լոզունգների ներքո վերակենդանանալ և ՀՀԿ ղեկավարին կցվելու միջոցով քարշ տալ սեփական գոյությունը (մեկը լիներ՝ Սարգսյանի գոյությունը քարշ տար):

Հաճախորդները, արդարացնելու համար սեփական վարքագիծը, մի կեղծ թեզ են հորինել, թե, իբր, 90-ականներին մեր հաղթանակների պատճառն Ադրբեջանում քաղաքական անկայությունն էր, երբ իրար էին փոխարինում նախագահները: Ըստ այդմ՝ ստացվում է, որ ոչ թե մեր զորքն է լավ կռվել, այլ Ադրբեջանում տեղի ունեցած իշխանափոխություններն են նպաստել մեր հաղթանակին: Ավելի անգրագետ և վիրավորական բանաձև հնարավոր չէր մտածել:

Համ էլ՝ չի կարելի խառնել պատճառահետևանքային կապը: Ադրբեջանում իշխանափոխությունը հաջորդում էր իրենց ռազմական անհաջողությանը, այլ ոչ թե նախորդում դրան: Հեյդար Ալիևը 1993-ի մեր ռազմական հաղթանակներից հետո հոկտեմբերին եկավ իշխանության, երբ մերոնք պաշտպանականից արդեն անցել էին ազատագրական մարտերի:

Եվ ուրեմն, հաճախորդներն իրենց «ատմազկաները» լափշաների նման թող կախեն անտեղյակների ականջներից:

«Ներազգային միասնության» ջատագովների հորինած «հայրենասիրական» թեզը չի դիմանում ոչ մի քննադատության: Պատմությանը հայտնի են դեպքեր, երբ ներքին անկայունություն ունեցող երկրները և՛ հաղթել են, և՛ պարտվել են պատերազմներում: Կա նաև հակառակ օրինակը՝ ներքին կայունությամբ երկրներն էլ և՛ հաղթել են, և՛ պարտվել: Ասել է թե՝ չկա օրինաչափություն:

Օրինակ՝ 1994-ի սկզբում ներքին խնդիր չունեցող Հեյդար Ալիևը որոշակի արդյունք գրանցեց ռազմի դաշտում՝ հաջողացնելով հետ վերցնել Քելբաջարը: Նույն թվականի փետրվար-մարտ ժամանակահատվածում մերոնք կարողացան անցնել հակահարձակման ու ազատագրել Քելբաջարը: Դրանից հետո Բաքվում քաղաքական ցնցումներ չեղան, բայց ադրբեջանական բանակը շարունակեց նահանջել Ղարաբաղի հյուսիսարևելյան հատվում (Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում այդ հատվածը չորսօրյա մարտերի արդյունքում հանձնվել է թշնամուն) ու վերջում զինադադար մուրալ:

Մեկ այլ օրինակ: Չորսօրյա պատերազմից առաջ Հայաստանում Սերժ Սարգսյանի դիրքերը քաղաքական առումով շատ ամուր էին: Համենայնդեպս, քաղաքական դաշտն անապատացել էր՝ նպաստելով Սարգսյանի մենիշխանության հաստատմանը: ՀՀԿ ղեկավարը կարողացավ քաղաքական դաշտից հեռացնել «սահմանադրական» հեղաշրջման խոչընդոտին, նամակագրական սիրախաղի մեջ մտցնել «էջմիածնական միաբաններին» և հեշտությամբ «խփել» հանրաքվեի տոկոսները: Սարգսյանը հաղթեց Հայաստանի հանրությանն ու քաղաքական դասին, սակայն մեր երկիրը տարավ պարտության՝ չորս օրվա ընթացքում տալով մեծ թվով զոհեր, վիրավորներ ու կորցնելով ռազմավարական նշանակության դիրքեր: Ասել է թե՝ հայաստանյան իշխանությանը ներսից չսպառնացող վտանգը երաշխիք չդարձավ, որ Ղարաբաղում հաստատված ստատուս քվոն ի վնաս մեզ չփոխվեր:

Այնպես որ, «հայրենասիրական» դեմագոգիան չի անցնում: Պատերազմի չորս օրերին պարզ է, որ Սերժ Սարգսյանի հեռացման հարցը բարձրացնելը և ներքաղաքական լարվածություն առաջացնելը սխալ էին, բայց հիմա այլ իրավիճակ է: Ու երբ ասվում է, որ եկեք համախմբվենք Սարգսյանի շուրջը, որպեսզի նա լավ բանակցի (բանակցի, որ ի՞նչ անի, գնա միակողմանի զիջումների՞), ապա դա էլ է դեմագոգիա և հաճախորդությունը թաքցնելու անհաջող փորձ:

Հակառակը՝ Հայաստանի շահերից բխում է Սերժ Սարգսյանին բանակցություններից առաջ ճնշելը, որպեսզի նա միակողմանի զիջումների չգնա և փորձի դուրս գալ կազանյան գործընթացից:

Սարգսյանը միայն սեփական աթոռը կորցնելու վախից է քայլեր անում: Նրան, հետևաբար, պետք է վախեցնել, որ եթե հանկարծ փորձի մեր պետությանը վնասող որոշումներ ընդունել, ապա իշխանափոխության անցնցում տարբերակը կփոխարինվի ֆորսմաժորային տարբերակով:

Իսկ այն, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը մոտենում է իր ավարտին, ու նրա շուրջը համախմբվողներից պետք է «փսիխոյի» թուղթ պահանջել, հասկանում են անգամ ՀՀԿ ղեկավարի ամենամոտ շրջապատի մարդիկ:

Սերժ Սարգսյանի անփառունակ կառավարումը մոտենում է իր ավարտին: Մենք շատ թանկ գին վճարեցինք նրա նախագահության դիմաց:

ՀՀԿ ղեկավարի հայտնվելը Բ26-ում պատմական թյուրիմացությունների ու պատահականությունների շարքին կարելի է դասել:

Սերժ Սարգսյանը հեռանում է՝ իր հետ տանելով նաև քիրվայականների բոլոր հակապետական գաղափարները:

ՀՀԿ ղեկավարը գործնականում ցույց տվեց, թե ինչ կործանարար հետևանքների է հանգեցնում «Առանց ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական հարա­բե­րու­թյունների կարգավորման՝ Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի, անկախ այն հանգա­մանքից, թե ում ձեռքում կլինի իշխանության ղեկը» բանաձևը:

Շատ խորհրդանշական է, որ այժմ միավորվել են Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը: Երկուսն էլ պարտված գործիչներ են ու միասին ընդմիշտ կհեռանան քաղաքական դաշտից: Իսկ առայժմ թող սելֆիներ անեն Բակո Սահակյանի հետ և համալրեն Ղարաբաղում սելֆի շոուին մասնակցածների «բանակը»:

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.: 1994թ. փետրվարի 18-ին, Լևոն Տեր-Պետրոսյանի հանձնարարությամբ, Սերժ Սարգսյանը (այդ ժամանակ նա ՀՀ պաշտպանության նախարարն էր) Մոսկվայում ստորագրեց մի արձանագրություն, որի գործնական կիրառումը մեր բանակը թույլ չտվեց՝ Քելբաջարի ուղղությամբ հակահարձակման անցնելով:

Ադրբեջանն այդ պահին կարողացել էր հետ վերցնել Քելբաջարը (այդ պահին Քելբաջարի պաշտպանության պատասխանատուն հետագայում գեներալ դարձած Գուրգեն Մելքոնյանն էր) ու իր վերահսկողության տակ առնել Մարտակերտի շրջանը, Ղարաբաղի հյուսիսարևելյան հատվածները: Արձանագրությամբ նախատեսվում էր ամրագրել Ադրբեջանի այդ հաղթանակը, հետ քաշել զորքերը հատման գծերից առնվազն 20 կիլոմետրով, շփման գծի արանքում տեղակայել կողմեր և Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչներից բաղկացած խառը կազմի դիտարկման պահակակետեր, ստեղծել ձեռք բերված պայմանավորվածությունների իրացման վերահսկողության միացյալ շտաբ, որը պետք է գլխավորեր Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:

Նախատեսվում էր, որ 1994թ. մարտի 1-ից (մարտի 1-ը, փաստորեն, միշտ իրար է կապում Սարգսյանին ու Տեր-Պետրոսյանին) պետք է դադարեցվեին ռազմական գործողությունները: Արձանագրությամբ, ըստ էության, ամրագրվում էր հայկական կողմի կապիտուլյացիան և ռուսական զորքերի մուտքը Ղարաբաղ: Այսինքն՝ փաստացի զրոյացվում էին մինչ այդ մեր ունեցած հաղթանակները:

Ինչպես հայտնի է, այդ ամենը կյանքի չկոչվեց, և մենք ունեցանք 1994-ի մայիսին ամրագրված ստատուս քվոն՝ լրիվ այլ տարածքներով ու լրիվ այլ պայմաններով:

Մի խոսքով, Սարգսյանն ու Տեր-Պետրոսյանը դեռևս նախորդ դարից են «ներազգային միասնության» մեջ գտնվում: Շատ մոտ են նրանց մտածողությունները:

Այս խորագրի վերջին նյութերը