Մեկնաբանություն

07.05.2016 00:03


Սարգսյանը մնում է, որ ի՞նչ անի

Սարգսյանը մնում է, որ ի՞նչ անի

Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ, երբ Սերժ Սարգսյանն ասաց, որ ինքը թուլակամ չէ, դրանով ակնարկում էր, որ ինքը հրաժարական չի տա:

Ճիշտ է, այդպիսին չլինելու հանգամանքը կապեց այլ թեմաների հետ (իբր ԱԺ-ն լուծարելու կամ ռազմական դրություն մտցնելու մասին պահաջներ ներկայացնողներ են եղել. իրականում նման պահանջներ ոչ ոք չի ներկայացրել. երեւի, ուրիշ երկրի ռադիո է լսել), բայց սեփական հրաժարականին էր վերաբերում:

Նա շատ լավ գիտի, որ չորսօրյա պատերազմից հետո հանրային տրամադրությունները սրվել են, ավելին՝ մարդկանց, հատկապես զոհերի եւ վիրավորների ընտանիքների զայրույթը հասել է գագաթնակետին (անեծքների ու վիրավորանքների չափաբաժինը բազմապատկվել է):

Հանրության շրջանում քննարկվող առաջնային եւ կարեւոր հարցը Սերժ Սարգսյանի հրաժարականին է վերաբերում (սոցցանցերում վխտացող իշխանական ֆեյքերը հրաշալի գիտեն, թե այսօր ինչ է բոլորի (բացի «ներազգայիններից») ուզածը. Սարգսյանի հրաժարականը):

Ժողովուրդը երկար է համբերել, հեգնել ու ծաղրել է նրա խոստացած «Ապահով Հայաստան» կարգախոսը, որն այդպես էլ կարգախոս մնաց, իսկ պատերազմը ավելի ընդգծվածությամբ ի ցույց դրեց այդ բլեֆը:

-Լա՛վ, հասկացանք, թիկունքը կարող էր ապահով չլինել, բայց որ բանակն է՞լ է անտեսվել ու մնացել ամենաանապահով վիճակում, դա արդեն իսկական անտերության դրսեւորում է,-զարմացած են մարդիկ:

Դա աններելի բան է, երբ, մանավանդ, գերագույն գլխավոր հրամանատարը, կոպիտ ասած, արհամարհել ու շրջանցել է զինված ուժերը անհրաժեշտ չափով արդիական զինատեսակներով ապահովելու խնդիրը: Չէ՞ որ թիվ մեկ պատասխանատուն ինքն է, որը, սակայն, անուշադրության է մատնել բանակը զինելու, այն է՝ երկրի ու ժողովրդի անվտանգությունը ապահովելու հարցը: Եվ հիմա թուլակամ չլինելուց է խոսում: Այսինքն՝ բոլորի «ինադու» կառչած է մնալու աթոռին: Դե, երկիրը, ժողովուրդը, հայրենիքի պաշտպաններն էլ՝ ջհանդամը: Զատո ինքը թուլակամ չէ ու հրաժարական չի տա:

Եթե մարդը այսօր է փորձում ներկայանալ իբրեւ «կամային» ղեկավար, ապա դա շատ ծիծաղելի է: Քանի որ նման հատկանիշ է վերագրում իրեն միայն այն ժամանակ, երբ զգում է, որ աթոռը երերում է ու ինքն էլ փորձում է հզոր կամք դրսեւորելով, «չագուճն ու մեխը» ձեռքն առած՝ ամրացնել սեփական աթոռը:

Մինչդեռ, կամային ղեկավարը անցած տարիներին ջանք կթափեր, որպեսզի կարողանար երկիրն ու բանակն ամրացնել, որպեսզի այսօր սեփական աթոռը չերերար: Բայց դե, ՀՀԿ ղեկավարն իր առջեւ նման խնդիր չի դրել: Նա իր 8-ամյա պաշտոնավարման շրջանում հոգացել է բացառապես աթոռն ամուր պահելու խնդիրը: Հետեւանքը աչքներիս առաջ է. ապահով Հայաստան չկա, ապահով բանակ չկա, անվտանգություն չկա: Կա պատերազմ եւ չոքած երկիր: Եվ ամենավտանգավորը՝ անորոշություն: Իսկ անորոշությունը սպանում է մարդուն:

Թուլակամ չլինելը ստից բան է, եթե կարող ես խոհեմություն դրսեւորիր, ընդունիր, որ անզոր ես քո իսկ մեղքով ստեղծված իրավիճակը շտկելու եւ պոկվիր աթոռիցդ: Բոլորի «ինադու» իշխելու մոտեցումը ավերմունքի է հանգեցնելու:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը