Տնտեսական

05.05.2016 21:15


Մայքրոսոֆթ Հայաստան, «ՖՐԵԴԱ» և «Դոմ-Դենիել» ընկերությունների միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր

Մայքրոսոֆթ Հայաստան, «ՖՐԵԴԱ» և «Դոմ-Դենիել» ընկերությունների միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր

Այսօր՝ մայիսի 5-ին, տեղի ունեցավ «4-րդ ինդուստրիալ հեղափոխություն՝ նորարարական ամպային լուծումներ փոքր և միջին բիզնեսի համար» համաժողովը (օր 2-րդ), որի ընթացքում Մայքրոսոֆթ Հայաստանի տնօրեն Լիանա Կորկոտյանը, Մայքրոսոֆթ կորպորացիայի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի հանրային ոլորտի աշխատանքների գծով տնօրեն Թրուդի Նորիս-Գրեյը, «ՖՐԵԴԱ» ընկերության ղեկավար Ալեքսանդր Քալանթարյանը և «Դոմ-Դենիել»-ի խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր:

«Այս հուշագրի հիման վրա վեց ամսվա ընթացքում կմշակվի ինվեստիցիոն ու տեխնիկական աջակցման ծրագիր ինչպես գործող, այնպես էլ ստարտափ ընկերությունների համար»,- նշեց Մայքրոսոֆթ Հայաստան գրասենյակի տնօրեն Լիանա Կորկոտյանը:

«ՖՐԵԴԱ»-ի տնօրենը նշեց, որ նախատեսում են համատեղ քննարկել, ֆինանսավորել և մշտադիտարկել նորարարական, ռիսկային ծրագրեր, ու թեև գիտեն, որ երբեմն նաև կտուժեն, բայց վստահ են, որ հաջողված ծրագրերը կփոխհատուցեն կորուստները, իսկ «Դոմ-Դենիել»-ի խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը հավելեց. «Այս հուշագրի կնքումը չորրորդ ինդուստրիալ հեղափոխության շրջանակներում մեր զարգացման ռազմավարության ևս մեկ քայլ է: Այս ծրագրի շնորհիվ կմշակվեն լուծումներ բիզնեսի աջակցման, ավտոմատիզացիայի և կիբեր-ֆիզիկական համակարգերի ստեղծման համար ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաների համար»:

Հուշագրի շրջանակներում տրամադրվելիք աջակցությունը կխթանի բիզնեսի զարգացումը, ավտոմատացումն ու կիբեր-ֆիզիկական լուծումները՝ հզորացված ամպային տեխնոլոգիաներով:

«Յուրաքանչյուրդ այսօր դեր եք խաղում ապագան փոխելու հարցում, ամեն ինչ ձեր ձեռքերում է, ես տեսնում եմ, որ հայերի կարողություններն իսկապես մեծ են։ Դուք կարող եք բարեփոխել կյանքը»,- միջոցառման 2-րդ օրվա մասնակիցներին ողջույնի իր խոսքը հղեց Թրուդի Նորիս-Գրեյը:

Հուշագրի ստորագրումից հետո հայաստանյան ՏՏ ոլորտի 8 առաջատար ընկերություններ, այդ թվում՝ LimeTech, Teamable, Smart Production (Hay Sell), Margasoft, eHealth, SoloLearn, Monitis ընկերություններն ու Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի ներկայացուցիչները ներկաներին պատմեցին իրենց գործունեության ու պրոդուկտների մասին, որոնք հիմնված են ամպային լուծումների վրա: Միջոցառման առաջին օրը կողմերը քննարկել էին փոքր ու միջին ձեռնարկությունների մրցակցության բարելավման արդյունավետության, ինչպես նաև գյուղական ՓՄՁ-ների և ՏՀՏ ընկերությունների արտահանման մրցունակության բարձրացնման գծերով հնարավոր համագործակցության տարբերակները, այս քննարկումների տրամաբանական շարունակությունը ստորագրված համագործակցության հուշագիրն է:

Համաժողովի կազմակերպիչներն են Microsoft կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչությունը և «Դոմ-Դենիել» ընկերությունը՝ ՀՀ կառավարության աջակցությամբ։ Հիշեցնենք, որ համաժողովին մասնակցել է Մայքրոսոֆթ կորպորացիայի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների պարվիրակություն՝ հանրային ոլորտի աշխատանքների գծով տնօրեն Թրուդի Նորիս-Գրեյի գլխավորությամբ։

***

Մայքրոսոֆթի հայաստանյան գրասենյակը հիմնադրվել է 2006 թվականին։ Ընկերությունը լուրջ ներդրումներ է կատարում տեղական ՏՏ ոլորտում, որոնցից կարևորագույներից է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի (www.micarmenia.am) և Մայքրոսոֆթ ՏՏ Ակադեմիայի (Microsoft IT Academy) գործունեությունը։ Զգալի ներդրումներ կատարվում են նաև կրթության ոլորտում:

«Դոմ-Դենիել» ընկերությունը համակարգերի ինտեգրացիայի լուծումներ առաջարկող կազմակերպություն է, որի գլխամասային գրասենյակը Հայաստանում է։ 2003-ին ստեղծված ընկերությունը համակարգերի ինտեգրացիայի, խորհրդատվության և ծրագրային ապահովման շուկաների առաջատարն է։

Ընկերությունը Մայքրոսոֆթի սերտիֆիկացված գործընկեր է, Հայաստանում լիցենզավորված լուծումների մատակարար (LSP), Ամպային լուծումների (CSP) և ծառայությունների մատուցման պայմանագրերի մատակարար (SPLAR) Կենրոնական և Արևելյան եվրոպական 15 երկրներում։

Հայաստանում Գյուղական Տարածքների Տնտեսական Զարգացման Հիմնադրամը (ՀԳՏՏԶՀ, FREDA) հիմնադրվել է 2009 թվականի հունվարի 8–ին: Հիմնադրամն իր ակտիվ գուծունեությունը սկսել է 2009 թ. սեպտեմբերի 1-ից: ՀԳՏՏԶՀ-ն առաջին ներդրումային հիմնադրամն է Հայաստանում, որը նորարարական ֆինասական գործիքների միջոցով ներդրումներ է կատարում գյուղական ուղվածություն ունեցող ՓՄՁ-ներում՝ միաժամանակ տրամադրելով նաև կառավարչական աջակցություն, որն էլ հնարավորություն է ընձեռում ՓՄՁ-ներին բարելավել իրենց մրցակցային դիրքերը և դրանով էլ խթանել գյուղական տարածքների արագ զարգացմանը: ՀԳՏՏԶՀ-ի հիմնական խնդիրն է Հայաստանի գյուղական տարածքների զարգացման միջոցով նվազեցնել աղքատության մակարդակը երկրում:

Այս խորագրի վերջին նյութերը