Մեկնաբանություն

05.05.2016 09:35


Հաղթանակի մասին սերժսարգսյանական պատկերացումները (տեսանյութ)

Հաղթանակի մասին սերժսարգսյանական պատկերացումները (տեսանյութ)

Հանրային խորհրդի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը խոսել է հաղթանակներից (նա բավական նյարդային էր ու այլայլված տեսք ուներ, ինչը հաղթանակներ ապահոված մարդկանց բնորոշ չի լինում):

«Ապրիլի սկզբին մենք հաղթել ենք, հաղթել ենք մեր միասնական կամքի ու մեր հավատի շնորհիվ: Մեր հաղթանակները շարունակվելու են, շարունակվելու են բոլոր ոլորտներում»,- ասել է ՀՀԿ ղեկավարը:

Նկատենք, որ սա շատ վտանգավոր և մտահոգիչ հայտարարություն է:

Եթե ապրիլյան հաղթանակ է համարվում այն, որ գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը զբաղեցնողի մակարդակով հայտարարվում է, թե կոնկրետ չգիտեինք, թե որտեղից է լինելու ադրբեջանական հարձակումը և այդ իսկ պատճառով սկզբում ահագին կորուստներ ունեցանք, ապա Աստված մեզ հեռու պահի նման հաղթանակներից ու դրանց կրկնությունից:

Երբ ադրբեջանական դիվերսիոն խումբը կարողանում է շատ արագ փլուզել մեր առաջնագիծը (մասնավորապես Ղարաբաղի հյուսիսարևելյան ուղղությամբ) և Թալիշում տարեց մարդկանց սպանում ու ականջներն են կտրում իրենց իսկ տներում, երբ չորս օրում ունենում ենք շուրջ հարյուր սպանվածներ ու ահագին վիրավորներ, երբ չորսօրյա պատերազմից առաջ ու հետո գրեթե ամեն օր մեկ կամ երկու սպանվածի անուն ենք լսում, երբ հանձնում ենք ռազմավարական նշանակության դիրքեր և ստանում ներքին փախստականներ, ապա դա հաղթանակ որակելը վտանգավոր բլեֆ է:

Իշխանական քարոզչամեքենան փորձ է անում սեփական անգործությամբ պայմանավորված անհաջողությունը ներկայացնել որպես հաղթանակ ու դեռ մի բան էլ սպառնալ, որ այդպիսի հաղթանակները շարունակվելու են բոլոր ոլորտներում: Դե իսկ եթե կողքից «շաբաշով» խոսողներն էլ հայտարարում են, թե Հայաստանի ու Ղարաբաղի իշխանությունները զուսպ ու հանդարտ ձևով ամեն ինչ ճիշտ են անում, ապա հասկանալի է դառնում, որ նոր փորձություններ են սպասվում:

Եթե սա միայն քարոզչական մակարդակով արվեր, դեռ կարելի էր հասկանալ, բայց «հաղթանակների» մասին քարոզը նաև «վերևների» մտածողության դրսևորում է, իսկ դա նշանակում է, որ մեր ժողովուրդը չի կարող ապահովագրված լինել ապրիլյան տիպի նոր «հաղթանականերից»:

Դատելով ամենից՝ Բ26-ում չորսօրյա պատերազմից հետո ոչ թե համապատասխան հետևություններ են արվել, այլ որոշում է կայացվել շեշտը դնել ներքին քարոզչության վրա և հանդես գալ «Մեր հաղթանակը՝ մեր պարտությունն է» օրուելյան բանաձևով:

Ի դեպ, ՀԽ-ի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը մեկ այլ «հաղթանակից» էլ խոսեց:

«Ապրիլ ամսին Պետական եկամուտների նախարարությունը հավաքագրել է հարյուր միլիարդ դրամ: Մեր երկրի պատմության մեջ այդպիսի բան չի եղել: ... Իհարկե էլի տեղ ունենք»,- նշեց Սարգսյանը:

Նախ գումարները ոչ թե հավաքագրվում են, այլ հավաքվում: Բանասիրական կրթություն ունեցող Սարգսյանը պետք է որ իմանար այդ մասին, բայց տվյալ դեպքում թողնենք բանասիրությունը և տեսնենք, թե ինչ է նշանակում ապրիլին գրանցված այս ներքին «հաղթանակը»:

Փաստորեն, ապրիլին, երբ հայ զինվորականները կենաց-մահու կռիվ են տվել հայրենիքի պաշտպանության համար, Սերժ Սարգսյանին կից ՊԵԿ-ը կռիվ է տվել զինվորականների ծնողների, եղբայրների ու բարեկամների դեմ՝ բիզնես մթնոլորտի վատացման պայմաններում նրանցից հավաքելով 100 միլիարդ դրամ և հպարտանալով, որ պլանը գերակատարվել է:

Ստացվում է, որ ապրիլին հայ ժողովրդի վրա հարձակվել են դրսից ու ներսից: Բայց եթե դրսից հարձակվողին հնարավոր է եղել հիմնականում հետ շպրտել, ապա ներսից հարձակումը հնարավոր չի եղել կասեցնել, քանզի քաղաքական դաշտում դեռևս բացակայում է կանոնավոր բանակը:

Եթե Սերժ Սարգսյանի համար տնտեսության վիճակի ու տնտեսական հաղթանակի գլխավոր չափանիշը ՊԵԿ-ի՝ հարկեր հավաքելու վարչարարական կարողությունն է, ապա զարմանալ պետք չէ, որ ութ տարի շարունակ մենք բիզնեսի անկում ունենք, աղքատության աճ և արտագաղթ:

Պետական բյուջեի չափը պետք է ֆունկցիա լինի տնտեսության վիճակից, այլ ոչ թե գլխավոր նպատակ: Երբ հարկերի հավաքումն է հայտարարվում պետության տնտեսական քաղաքականության թիվ մեկ կետը, ապա դա պարզապես կործանում է տնտեսությունը:

«Մեծ բյուջեի» հայեցակարգի կիրառումը հայաստանյան պայմաններում նշանակում է մեծ կոռուպցիայի համակարգի ստեղծում: Համակարգ, որն աշխատում է «մեկ պատուհանի» սկզբունքով:

Գաղտնիք չէ, որ այս իշխանություններն անարդյունավետ են գործում և անարդյունավետ են տնօրինում պետական միջոցները, այդ թվում՝ դրսից բերած միլիարդավոր վարկային ռեսուրսները: Բյուջեի ծախսային մասը «ատկատներով» ու կեղծ «տենդերներով» մսխելու պրակտիկայի մասին խոսվել է անգամ Վերահսկիչ պալատի մակարդակով: Սարգսյանն ինքն էլ է ընդունել, որ նման բան կա: Եվ ուրեմն «Մեծ բյուջեն» մեծ թալանի է վերածվում: Այն դառնում է «լեգալ կոռուպցիայի» գործիք:

Հարկային տեռորը որևէ դրական արդյունքի չի կարող հանգեցնել: Մեծ բյուջեն պետք է լինի տնտեսական աճի հետևանք: Իսկ եթե տնտեսական դաշտում անմխիթար վիճակ է, բայց դու հպարտությամբ հայտարարում ես, որ կարողացել ես շատ փող հավաքել բիզնեսից, նշանակում է հանրության «գլխին» դեռ նոր «հաղթանակներ» են ջարդվելու, ինչը, բնականաբար, չի կարելի թույլ տալ:

Ապրիլյան պատերազմում մեր ունեցած կորուստները սերժսարգսյանական մտածողության և 2008-ից վարվող քաղաքականության ուղղակի հետևանքն են:

Իրական հաղթանակներ ունենալու համար այս քաղաքականությունը պետք է արմատապես փոխել և ցտեսություն հայտնել «ներազգային միասնության» բոլոր մասնակիցներին: Այլընտրանքի հնարավորություն կա: Մնում է համախմբված աշխատանքը:

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.: Սարգսյանի ելույթի բովանդակությունը ցույց է տալիս, որ նա համարժեք չէ ստեղծված իրավիճակին: ՀՀԿ ղեկավարը խոսում է ինչ որ երևույթներից և հեռակա կարգով կռիվ տալիս ինչ որ մարդկանց դեմ, բայց այդ երևույթներն ու այդ մարդիկ չկան (Սարգսյանը հակադարձում է ԱԺ-ն լուծարելու կոչ անողներին և ռազմական դրություն մտցնելու ցանկություն հայտնողներին, բայց նման հարց քաղաքական դաշտում չի բարձրացվել. այդպիսով Սարգսյանը պարզապես հայտնում է իր ներքին ցանկությունները և ըստ էության ափսոսանք հայտնում, որ հիմա ինքը չի կարող գործել 37 թվի կանոններով):

Երբ ղեկավարի կարգավիճակ ունեցող մարդը հայտարարում է, թե ինքը թուլակամ չէ, ապա դա ըստ Ֆրեյդի այլ բան է նշանակում: Ուժեղ մարդը և ինքնավստահ ղեկավարը կարիք չունի անըդհատ հայտարարելու, թե ինքը թուլակամ չէ:

Այս խորագրի վերջին նյութերը