Մեկնաբանություն

05.05.2016 00:40


Վերապրոֆիլավորում. ՀԽ անդամները դառնում են «միասնության քարոզիչ»

Վերապրոֆիլավորում. ՀԽ անդամները դառնում են «միասնության քարոզիչ»

Հայաստանում, թերեւս, չկա ավելի անհեթեթ, ձանձրալի, անիմաստ, պորտաբույծ կառույց, քան Հանրային խորհուրդ կոչվածն է: Եվ այդ անդեմ, անգործունյա մարմինը եթե գնահատող կա, ապա ընդամենը մի հոգի՝ ՀՀԿ ղեկավարը: Դրա համար էլ Սերժ Սարգսյանը փոխանակ ուղղակի հասարակության, ժողովրդի հետ խոսելու, գնում է Հանրային խորհուրդ: Իբր այն արտահայտում է հանրության «ձայնը»: Չկա՛ նման բան:

Հանրային խորհուրդն անգամ իր ձայնը, իր կարծիքն ու տեսակետը չի արտահայտում, ուր մնաց թե հանդես գա իբրեւ հանրային ներկայացուցչական մարմին: Այդ կառույցը նայում է Սերժ Սարգսյանի դեմքին եւ գլուխը դրականորեն տմբտմբացնում է, եւ վե՛րջ (հարկ եղած դեպքում էլ ծափ է տալիս): Այսքանով ավարտվում են այդ խորհրդի «գործառույթները» (ականջդ կանչի, Գալուստ):

ՀՀԿ ղեկավարը գնացել է ՀԽ անդամների հետ հանդիպման եւ այդ մասին նախագահականից տարածված մամլո հաղորդագրությունը «բացահայտում» է հավաքի բովանդակությունը: Այսինքն՝ ոչինչ չի բացահայտում:

Նշվում է, թե, իբր, խորհրդի անդամները ապրիլյան պատերազմին, ներքին եւ արտաքին քաղաքականությանը, բանակցային գործընթացի հեռանկարին վերաբերող հարցեր են ուղղել Սարգսյանին: Վերջինս էլ պատասխանել է հարցերին: Կոնկրետ ովքեր են հարցերի հեղինակները, ինչպես են ձեւակերպել հարցերը, ինչպիսի պատասխաններ են լսել, այս ամենի մասին ոչ մի բառ նշված չէ: Միանգամից անցում Սերժ Սարգսյանի «դաստիարակչական-բարոյախոսական» մի քանի նախադասությանը, եւ այդքանով հաղորդագրությունն ավարտվում է (ի դեպ, հանդիպումը ներկայացնող մի քանի լուսանկարներում էլ ոչ մի դեմք չկա. ներկաներին թիկունքից են նկարել, որոնք նայում են ամբիոնում նստած երկու դեմքերին. Սարգսյան-Մանուկյան):

«Թող ոչ ոք չկասկածի՝ մենք վստահ քայլերով հասնելու ենք մեր բոլոր նպատակների իրականացմանը: Ապրիլի սկզբին մենք հաղթել ենք, հաղթել ենք մեր միասնական կամքի ու մեր հավատի շնորհիվ: Մեր հաղթանակները շարունակվելու են, շարունակվելու են բոլոր ոլորտներումՄենք նախ և առաջ մեր հանրության շրջանում պետք է վառ պահենք հաղթանակի բերկրանքը, հավատը սեփական ուժերին, մեզնից յուրաքանչյուրը պետք է դառնա միասնության քարոզիչ, միավորող առաջնորդ: Երբ մենք միասին ենք ու վստահ մեր ուժերին, ոչ ոք մեզ չի կարող վնասել: Իսկ մենք այսօր միասին ենք ու վստահ մեր ուժերին: Ուրեմն՝ մեր հրապարակային գործունեությամբ, մեր խոսքով ու գործով անենք այնպես, որ վաղն էլ նույն եռանդով միասնական ու վստահ լինենք: Ահա, թե ինչ օժանդակություն եմ ակնկալում ձեզնից»,- ասել է Սերժ Սարգսյանը: Ահա՛ այսպես:

Ուրեմն, մենք հաղթել ենք: Բայց թե ինչու է երկրում սուգուշիվանը շարունակվում, հայտնի չէ: 4 օրում 100-ից ավելի զոհերի եւ նույնքան եւ ավելի վիրավորների ու դիրքերի հանձնման գնով հաղթանակը ո՞րն է: Երբ, մանավանդ, այսօր էլ դեռ սահմանային բախումներն ու հրետակոծությունները շարունակվում են, բանակը 80-ականների զենքի ու բահի հույսին է, ամեն օր էլ զոհերի եւ վիրավորների մասին ենք լսում:

Ինչ վերաբերում է վստահ քայլերով մեր բոլոր նպատակների իրականացմանը հասնելու մասին տրված խոստմանը, ապա դրանում հաստատ կասկածում ենք: Ոչ թե կասկածում ենք, այլ ընդհանրապես չենք հավատում:

Միասնության քարոզ անելով երկիր չեն զարգացնում եւ ուժեղացնում: Ընդհանրապես, քարոզներով եթե լիներ, ապա անցած 8 տարում, ինչպես ասում են «հասել ու անցել էինք Ամերիկային»: Բայց տեղի է ունեցել հակառակը. բոլոր ոլորտներում հետընթաց է արձանագրվել, իսկ բանակն էլ մնացել է 20-րդ դարի զենքի հույսին:

Ինչեւէ, զգույշ եղեք, միասնության քարոզիչների թիվն ավելանում է, արտագաղթողներինը՝ նույնպես:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը