Հարցազրույց

04.05.2016 13:25


Վ. Հովհաննիսյան. «Մեծ պատերազմից խուսափելու համար պետք է մի փուլ ապրենք կիսապատերազմական պայմաններում»

Վ. Հովհաննիսյան. «Մեծ պատերազմից խուսափելու համար պետք է մի փուլ ապրենք կիսապատերազմական պայմաններում»

Հարցազրույց ԱԺ պատգամավոր, «Համախմբում» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի հետ։

- Ծանր ապրիլից հետո ի՞նչ է մեզ սպասում առաջիկայում, կարո՞ղ եք որևէ կանխատեսում անել:

- Իսկապես Հայաստանն այս պահին ապրում է շատ բարդ ու բեկումնային օրեր: Հին կյանքն այլևս չկա: Ապրիլի առաջին օրերից հետո այն այլևս չի լինելու: Բայց անհնար է կանխատեսել, թե ինչպիսին է լինելու նոր կյանքը, հետապրիլյան Հայաստանը: Չի բացառվում, որ մենք կանգնած ենք նոր պատերազմի շեմին, ինչպես` չի բացառվում, որ այն չլինի, բայց լարվածությունը պահպանվի: Չի բացառվում, որ որոշ ժամանակով լարվածությունը կարող է թուլանալ, և եթե այդպես լինի, այդ ժամանակը մենք ուղղակի պարտավոր ենք գերէֆեկտիվ օգտագործել: Չի բացառվում, որ մենք չկարողանանք դա անել: Ես, անկեղծ ասած, չգիտեմ մեր հասարակության տրամադրությունները միջնաժամկետ կտրվածքով: Հիմա հերոսականության փուլ է, բայց դա երբեք հավերժ չի շարունակվում: Եթե հասարակությունը չտեսավ իրական կյանքում տեսանելի փոփոխություններ, իր կյանքում փոփոխություններ, ապա հերոսականությունը լրիվ ուրիշ բանի կարող է վերածվել: Իշխանությունը պետք է անի հետևություններ, իշխանության գոնե մի մասը դա պետք է անի, քաղաքական մյուս ուժերը էական ազդեցություն, ցավոք, չունեն, բայց կան անհատներ, որոնք պարտավոր են անել հետևություններ: Հիմա պետք է ձևավորվի, եթե կուզեք, նոր, ավելի լավ պետություն ստեղծելու ռեսուրսը:

Ընդհանրապես մեծ պատերազմից խուսափելու, մեծ խնդիրներից խուսափելու համար մենք պետք է մի փուլ ապրենք կիսապատերազմական պայմաններում: Սա ենթադրում է և՛ կամային որոշումներ, և՛ զսպվածություն:

- Դուք հաճախ եք խոսում ավելի լավ պետություն կառուցելու համար անհրաժեշտ ռեսուրսի մասին: Որտե՞ղ փնտրել դա:

- Ապրիլի առաջին օրերը ցույց տվեցին, որ այդ ռեսուրսը մեր հասարակությունը ունի: Այն ցաքուցրիվ է, այն անհատական մակարդակով կա բոլոր քաղաքական ուժերում, այն կա բոլոր սոցիալական խավերում, տարիքային խմբերում և այլն: Բայց մինչ այսօր չկա ձևը այդ ռեսուրսի կոնսոլիդացիայի: Այնպիսի կոնսոլիդացիայի, որը կբերի իրական փոփոխությունների: Թվում է` արդեն հասկացել ենք, որ մեր փոխարեն ոչ ոք գործ չի անի: Որ մեզնից յուրաքանչյուրիցս կախված է մի փոքր քայլ: Բոլոր երկրներում մեծ փոփոխությունները սկսվել են այս գիտակցումից: Բայց բոլոր այդ փոքր քայլերը, անհատական մղումները կարիք ունեն համախմբման, որպեսզի վերածվեն լուրջ գործողությունների:

Ու նաև կարիք ունենք ավելի մեծ հստակության, ներքին ազնվության ավելի մեծ չափաբաժնի: Այսօր սրճարաններում և սոցցանցերում խրամատավորվածների, օրը մեջ օնլայն իշխանություն փոխողների կամ Բաքուն գրավողների հայրենասիրական պաթոսը շատ քիչ առնչություն ունի իրականության հետ:

- Դուք «Համախմբում» կուսակցության նախաձեռնող խմբի մեջ եք: Ինչպե՞ս եք պատկերացնում կուսակցության դերը:

- Գիտեք, ես իմ տեսակով կուսակցական գործիչ չեմ, և ինձ կուսակցականության գաղափարը առանձնապես երբեք չի հետաքրքրել: Ես կուսակցությանը նայում եմ որպես տեխնիկական միջոցի` տարբեր շրջանակների մարդկանց համախմբելու, միասնական գրագետ ծրագիր մշակելու, հասարակությանը ներկայանալու, ընտրություններին մասնակցելու և միասին երկրում փոփոխություններ իրականացնելու համար: Ես նույնիսկ կոչ չեմ անի` եկեք, սա ամենալավ կուսակցությունն է, դարձեք նրա անդամը և այլն: Ոչ, բայց ես կանեմ այլ կոչ: Եկեք դուրս գանք սրճարաններում և սոցցանցերում երկիր կառուցելու ժանրից: Անկախ սոցիալական խավից, նախասիրություններից, եթե ունեք առաջարկ, ունեք մտահոգություն, աշխատելու ցանկություն, խնդրեմ, եկեք իրար հետ քննարկենք: Համախմբված աշխատենք. կուզեք` դարձեք կուսակցության անդամ, չեք ուզի` մի դարձեք, անկուսակցական կարգավիճակով աշխատենք, բայց ասեք ձեր կարծիքը, ասեք ձեր անհամաձայնությունը, ձեր առաջարկը: “Համախմբում” կուսակցությունն իր ոճով, իր աշխատանքով իսկապես պետք է տարբերվի մյուս ուժերից և իսկապես պետք է լինի բաց մյուս ուժերի հետ աշխատելու համար: “Համախմբում” կուսակցության նախընտրական ցուցակը չի կազմվելու միայն կուսակցականներից: Ամենևին ոչ: Այն կազմված է լինելու ամենատարբեր մասնագետներից, տարբեր սոցիալական խմբերի ներկայացուցիչներից, այն լինելու է շատ լայն, ընդգրկուն:

Քանի դեռ ես ու իմ ընկերները կունենանք կուսակցության քաղաքականության վրա ազդեցություն, այն գնալու է հենց այդ ճանապարհով: Այն չի վերածվելու ընդդիմության տիտղոսի համար պայքարողի: Մենք պայքարի իմիտացիայի հերթական մասնակիցը չենք ուզում դառնալ: Ոչ, այն լինելու է քաղաքական ուժ, լայն համախմբվածությամբ բևեռ, որը ձգտելու է իշխանության, որպեսզի վերջապես բազմաթիվ նորմալ մարդիկ լծակներ ձեռք բերեն`երկրում քաղաքական, տնտեսական լուրջ փոփոխություններ անելու համար:

Հարցազրույցն ամբողջությամբ` top-news.am կայքում

Այս խորագրի վերջին նյութերը