Հարցազրույց

03.05.2016 23:39


Ռ. Կարապետյան. «Հայաստանի իշխանություններն անկարող եղան ադեկվատ արձագանքելու մարտահրավերներին»

Ռ. Կարապետյան. «Հայաստանի իշխանություններն անկարող եղան ադեկվատ արձագանքելու մարտահրավերներին»

Հարցազրույց ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Կարապետյանի հետ

-Պարո՛ն Կարապետյան, ի՞նչ ցույց տվեց չորսօրյա պատերազմը և ի՞նչ քաղաքական եզրահանգումներ կարելի է անել:

-Չորսօրյա պատերզամը շատ լուրջ ազդեցություն ունեցավ մեր հասարակության բոլոր շերտերի վրա: Պատերազմը սպասելի էր և անակնկալ չէր, որովհետև այս ամենի մասին տարիներ շարունակ ոչ միայն Ադրբեջանը խոսում էր, այլև հասցրել էր լավ նախապատրաստվել: Բաքվի նպատակը հստակ էր ՝1994թ. հաստատված ստատուս-քվոյի փոփոխությունը, ինչին նա միշտ ձգտել է: Հայկական կողմը տեղյակ լինելով դրա մասին պետք է բացառեր նման «անսպասելության» հանգամանքը և նույնպես նախապատրաստվեր: Այդ իմաստով չորսօրյա պատերզամը, մի քանի հարցեր առաջացրեց՝ ինչո՞ւ էր հարձակումն այդքան անսպասելի մեր բանակի համար, արդյոք արդարացվա՞ծ էր զոհերի այն քանակը, որ մենք տվեցինք, ինչո՞ւ կասեցվեց մեր հակահարձակումը և այլն:

Փաստորեն, ամենակարևոր դասը, որ մենք պետք է քաղենք ապրիլյան այս օրերից, դա Հայաստանի իշխանությունների անկարողությունն էր ադեկվատ արձագանքելու ռազմական և այնուհետև դիվանագիտական մարտահրավերին: Փաստվեց այն ինչ մշտապես հնչեցվել է, որ ներքին համակարգային խորը ճգնաժամի մեջ գտնվող Հայաստանը, իր «առանց արտաքին քաղաքականության դիվանագիտությամբ», փաստորեն ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը մտցրեց փակուղի՝ հնարավոր դարձնելով հակառակորդին՝ դիմել ԼՂ ստատուս-քվոյի փոփոխությանը ռազմական միջոցով: Այսօր մենք ունենք ստատուս-քվոյի ոչ թե սառեցված, այլ անորոշ վիճակ, որը դիվանագիտական բանակցությունների բացակայության պայմաններում նորից հղի է ռազմական գործողությունների վերսկսմամբ և անկանխատեսելի հետևանքներով:

-Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Կազանում համաձայնել էր 5 շրջանները հանձնել՝ Ղարաբաղի անորոշ ապագայի դիմաց, սակայն Ալիևը չէր համաձայնել: Թե ի՞նչ կլիներ, եթե կյանքի կոչվեր կազանյան փաստաթուղթը, դժվար չէ կռահել: Փաստորեն ստացվում է, որ Ալի՞ևն է ակամայից դարձել մեր անվտանգության երաշխավորը:

-Հասկանում եմ Ձեր տված գնահատականի ենթատեքստը:

Ինչպես չորսօրյա պատերազմը մեկ անգամ ևս ապացուցեց՝ մեր անվտանգության հիմնական երաշխավորը Հայկական բանակն է ու մեր ժողովրդի անկոտրում կամքը: Ներկա պահին կարևոր է մեր բանակի վերազինումը, ինչպես նաև հայեցակարգային ու ռազմավարության խնդիրների լուծումը, իսկ ապագայում՝ լուրջ բարեփոխումների իրականացումը:

-Այս օրերին շատ է խոսվում այն մասին, որ պետք չէ հիմա քննադատել իշխանություններին և մասնավորապես Սերժ Սարգսյանին, քանի որ Ղարաբաղում անհանգիստ է: Այդ տրամաբանությամբ՝ Սերժ Սարգսյանին պետք է հավերժ պահել իշխանության ղեկին, ինչին ինքն, ի դեպ, ձգտում է: Ձեր մեկնաբանությունն այս առումով:

-Ես չէի ցանկանա որևէ քաղաքական ուժի ասածները մեկնաբանել: Այսօր մեր պետականության առջև ծառացած թիվ մեկ խնդիրն ազգային համախմբումն է մեկ նպատակի շուրջ՝ ձևավորել լեգիտիմ, ժողովրդի մեծամասնության վստահությունը վայելող իշխանություն: Միայն այդպիսի իշխանությունը ի վիճակի է դուրս հանել երկիրը այս խորը համակարգային ճգնաժամից: Համախմբումը այդ առումով պետք է լինի որպես առաջին քայլ՝ ներազգային վստահության վերականգման հարցում: Այսօր ահռելի անջրպետ է գոյացել բոլոր ոլորտներում՝ և՛ իշխանություն-ընդդիմությունում, և՛ ընդդիմության, և՛ ընդդիմության և հասարակության միջև: Այժմ մենք ունենք կարևորագույն մի հարց՝ վերացնել այդ անվստահությունը: Դա կլինի առաջին քայլը դեպի արդարության հաստատում Հայաստանում:

-Պարո՛ն Կարապետյան, Դուք հանդիսանում եք «Համախմբում» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ: Այդ ուժը առանցքային և իշխող ռեժիմին այլընտրանք դառնալու հայտ է ներկայացնում: Ինչպե՞ս եք դա հնարավոր համարում:

- Այս վերջին մի քանի տարիների ընթացքում մենք ականատես եղանք թե ինչպես սրընթաց կերպով Հայաստանի Հանրապետությունը մոտեցավ ազգային անվտանգության սպառնալիքի այսօրվա այն վտանգավոր շեմին՝ «կարմիր գծին», որի հատումը հղի է մեր պետականության և ժողովրդի համար անդառնալի քաղաքական, տնտեսական, մարդկային, բարոյահոգեբանական և այլ կորուստներով:

Ես միացել եմ «Համախմբում» կուսակցության ստեղծմանը՝ քաջ գիտակցելով, որ հասունացել է ճշմարտության պահը և, որ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի ուղղակի իրավունք չունի Հայրենիքի համար այս ճակատագրական պահին կրավորական կեցվածք ընդունելու և իր քաղաքացիական, թեկուզ ամենահամեստ ներդրումը չունենալու մեր երկրում արդարարության հաստատման գործում:

Երբ ունես ապագայի հստակ տեսլական ու ծրագրեր, չես մտածում ժողովրդին դուր գալու մասին, այլ ձգտում ես ժողովրդին մասնակից դարձնել այդ ծրագրերի իրականացմանը: Երբ զբաղված ես հետևողական նպատակային աշխատանքով, կարիք և ժամանակ չունես ուժերդ դատարկ տեղը սպառելու, հատկապես՝ չարակամ քննադատություններին պատասխանելու: Երբ արարում ես հանուն գաղափարի, ինչ որ մեկին հակադրվելու իմաստ չկա: Հուսով եմ, որ մենք այդպիսի քաղաքական նոր ուժ ենք լինելու, նոր մշակույթ ու մտածելակերպ սերմանող ուժ ենք լինելու:

Հայաստանը մեր բոլորի տունն է: Մենք կարող ենք տարբերվել իրականացման մեթոդների ու մարտավարակական այլ հարցերի շուրջ, սակայն մենք բոլորս համակարծիք ենք գերնպատակի՝ ԱՐԴԱՐ և ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ունենալու հարցում:

Vesti.am

Այս խորագրի վերջին նյութերը