Մեկնաբանություն

02.05.2016 00:05


Մեր հաղթանակը մեր պարտությո՞ւնն է

Մեր հաղթանակը մեր պարտությո՞ւնն է

Չորսօրյա պատերազմից առաջ գրեթե ամեն օր տեղեկանում էինք, որ շփման գծի այս կամ այն հատվածում ունենք զոհ (զոհեր) կամ վիրավոր (վիրավորներ): Նշանակում է, որ մենք խոցելի էինք ու կային կարգապահական խնդիրներ։

Չորսօրյա պատերազմի ժամանակ մեր զոհերի ու վիրավորների քանակը տասնապատկվեց: Նշանակում է, որ մենք խնդիրներ ունենք և՛ առաջնագծում, և՛ թիկունքում։

Ապրիլի 5-ից հետո կրկին վերադարձել ենք մինչապրիլյան ռեժիմին, այսինքն՝ գրեթե ամեն օր լսում ենք մեկ կամ երկու սպանվածի ու վիրավորների, ինչպես նաև հրետակոծությունների մասին: Ասել է թե՝ կռիվը շարունակվում է, պարզապես հիմա այն դարձել է մաշեցնող, ջլատող ու դանդաղ արնաքամ անող: Եթե ամեն օր զոհ ենք ունենում, նշանակում է, որ խնդիրները շարունակում են մնալ և միգուցե խորանալ։

Մեր հանրությունը շոկ ապրեց մի քանի օրում մոտ հարյուր սպանվածի մասին լուրից, բայց հիմա կարծես կրկին վերադարձել է իր անխռով ու անդարդ կյանքին՝ որպես սովորական ընդունելով մեկ կամ երկու սպանվածի մասին լուրը: Շատերը կրկին մտածեցին, որ կռիվն իրենց տնից հեռու է և հետևաբար անհանգստության կարիք չկա։

Պատերազմը խաղաղությունն է

Հայաստանյան իշխանություններին որոշ չափով հաջողվեց լղոզել հարցերն ու ստեղծել շուռ տված պատկեր: Նրանք քարոզչական դաշտում իրականացրեցին լայնամասշտաբ «սպեցօպերացիա»՝ սեփական ձախողումները բարդելով այլոց վրա։

Բ26–ից իջեցրած շրջաբերականով ադրբեջանական ագրեսիայի մեղավոր հռչակվեց Ռուսաստանը, իսկ մեր վատ զինված լինելու մեղքը բարդեցին «օլիգարխների» ու պաշտոնյաների վրա, ովքեր իբր մեղավոր են, որ բանակը «մերկ ձեռքերով» է կռվում։ Իսկ ահա տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատու Սերժ Սարգսյանը ներկայացվեց որպես անմեղ ու վատ շրջապատի ձեռքը կրակն ընկած մեկը:

Եթե հավատալու լինենք պաշտոնական ու «Գեբելսյան» քարոզչամեքենաների պահվածքից՝ մենք չորսօրյա պատերազմի արդյունքում հուժկու հաղթանակ ենք տարել Սերժ Սարգսյանի իմաստուն ղեկավարման ու մի քիչ էլ հայ զինվորի ոգու շնորհիվ:

Նկատենք, որ դա շատ տարօրինակ հաղթանակ է, քանզի 1994-ի մայիսից հաստատված ստատուս քվոն խախտվել է ի վնաս մեզ:

Մենք Ղարաբաղի հյուսիսարևելյան և հարավարևելյան հատվածներում ունենք դիրքային կորուստներ, որոնք ռազմավարական նշանակություն ունեն:

Օրինակ՝ Թալիշում այսօր բնակիչ չկա, քանզի այդ գյուղում ապրելն անվտանգ չէ: Անվտանգ չէ նաև Մատաղիսում։ Եվ ընդհանրապես՝ շփման գծի ողջ երկայնքով ամեն օր կրակում են, ու մենք զոհ ենք ունենում ինչպես հյուսիսում, այնպես էլ հարավում։

Այն դիրքերը, որոնք չորսօրյա թեժ մարտերից հետո անցել են ադրբեջանիցների ձեռքը, հնարավորություն չեն տալիս թալիշցիներին վերադառնալ իրենց տները: Ի դեպ, նույն այդ դիրքերը վերցնելու համար 1994թ. շուրջ 700 զոհ է տվել ներկայումս գեներալ-պատգամավոր և ազատամարտիկ աշխատող Մանվել Գրիգորյանը: Իսկ այսօր Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ դրանք անկարևոր դիրքեր են, և ընդամենը մի քանի հարյուր մետր տարածք ենք զիջել, որն իբր հետ չենք ուզում գրավել, որպեսզի զոհեր չլինեն, բայց «մոռանում» է, որ այդ դիրքերը մեկ ամիս առաջ հանձնելուց մի քանի տասնյակ զոհ ենք տվել ու ամեն օր շարունակում ենք տալ (իրականում հյուսիս-արևելքում և հարավ-արևելքում, ընդհանուր առմամբ, զիջվել է մի քանի քառակուսի կիլոմետր տարածք, որոնք ռազմավարական նշանակություն ունեն):

Իշխանական քարոզչամեքենան ուզում է մեր մարդկային ու տարածքային կորուստները ներկայացնել որպես հաղթանակ ու Սերժ Սարգսյանին «ֆորա» տալ, սակայն դա հիշեցնում է օրուելյան անտիուտոպիաներում առկա պատկերը: Փաստորեն, ստացվում է, որ մեր հաղթանակը մեր պարտությունն է, իսկ մեզ խոստացված խաղաղությունը պատերազմն է:

Հաղթանակ է ներկայացվում այն, որ թշնամին կարող էր շատ ավելի մեծ վնասներ տալ, սակայն մենք Սարգսյանի հմուտ ղեկավարության ու հայ զինվորի ոգու հաշվին դա թույլ չտվեցինք: Սա հիշեցնում է տնտեսական խայտառակ անկման վերաբերյալ Տիգրան Սարգսյանի հնչեցրած բացատրություններից մեկը:

Երբ Հայաստանում տնտեսական անկման համաշխարհային ռեկորդ գրանցվեց 2009թ., օֆշորային սկանդալի հերոսներից հանդիսացող Տ. Սարգսյանը նշեց, թե վիճակը շատ ավելի վատ կլիներ, եթե իրենք չմիջամտեին: Այսինքն՝ առաջարկվեց ուրախանալ, որ մենք ՀՀ դրամով հաշված ունեցել ենք ոչ թե 35, այլ մոտ 15–տոկոսանոց տնտեսական անկում (դոլարային հաշվարկով՝ այդ անկումը շուրջ 35 տոկոս էր): ՀՀ քաղաքացիներն այդ տրամաբանությամբ պետք է գոհ ու շնորհակալ լինեն, որ 2008-ից հետո աղքատությունն աճել է ոչ թե հարյուր, այլ հիսուն տոկոսով, որ վերջին ութ տարում մեր երկրից արտագաղթել է ոչ թե կես միլիոն, այլ 300 հազար մարդ, և այդպես շարունակ:

Չորսօրյա պատերազմն էլ են մեզ առաջարկում գնահատել «Կարող էր շատ ավելի վատ լինել» բանաձևի շրջանակներում և կորուստներն ընդունել որպես ձեռքբերումներ:

Ցինիզմը, փարիսեցիությունը և դեմագոգիան հասել են այն աստիճանի, որ Սերժ Սարգսյանի ակնհայտ ձախողումները հանրությանը հրամցվում են որպես մեր երկրի հաղթանակ: Եթե սա միայն քարոզչություն լիներ, դեռ կարելի էր մի կերպ հասկանալ, բայց սա մտածողություն է և կառավարման փիլիսոփայություն, ինչը վկայում է այն մասին, որ ճշգրիտ վերլուծություններ չեն արվում, իրերի դրության իրական գնահատական չի տրվում և համապատասխան եզրակացություններ ու քայլեր չեն արվում։ Իսկ դա վտանգավոր է։

Փոխարենը շտկեն այն վիճակը, որը կա պետական կառավարման համակարգում ու մասնավորապես բանակում, ասում են ամեն ինչ կարգին է։ Դեռ մի բան էլ բարձր մակարդակով հեքիաթներ են պատմում այն մասին, թե իբր 90–ականներին Սերժ Սարգսյանի ռազմական ղեկավարության ներքո են հաղթանակները տարվել։ Երևի ազատագրական մարտերի ժամանակ Մոսկվայում գտնվելով նա կռիվ է տվել «տուշոնկայի» մատակարարման «ֆրոնտում» ու դրանով իսկ խուճապի մատնել թշնամուն, ինչի արդյունքում էլ տարածքներն ազատագրվել են։

Բա որ Սարգսյանի ղեկավարման ներքո ենք նախկինում տարածքներ ազատագրել, բա ինչո՞ւ ենք չորս օրում կիլոմետրերով նահանջում ու հայտարարում, որ դրանք կարևոր տարածքներ չեն։ Ինչևէ։

«Ներազգային միասնություն» խաղալիս

Սահմանի վրա ամեն օր զինվորական ենք կորցնում, իսկ «Գեբելսյան» քարոզչամեքենան այդ ընթացքում մի մեծ քարոզչական փուչիկ է փչում, ըստ որի՝ հանրությունը միավորվել է Սերժ Սարգսյանը շուրջը:

Բ26–ն իր տարած ու հետ բերած հաճախորդների հետ «ներազգային միասնություն» անունը կրող խաղն ուզում է ներկայացնել որպես հանրային միասնություն, սակայն դա մեծ բլեֆ է: Չկա՛ նման բան: Սարգսյանի շուրջ ներազգային միասնություն չկա։ Հանրությունը միավորված է բանակի ու սահմանի վրա կանգնածների, այլ ոչ թե բանակը հետևողականորեն թուլացնողի ու վարկաբեկողի շուրջը:

Հանրությանն առաջարկում են ուրախանալ, որ երիտասարդ զինվորականները մահացել են հերոսաբար կռվելով: Բայց հարց է առաջանում՝ ինչո՞ւ հասանք այն բանին, որ թեժ մարտեր սկսվեցին, ինչո՞ւ հանկարծակիի եկան երեխեքը, ո՞վ թերացավ իր գործում, և ինչո՞ւ իրեն «Խաղաղության կուսակցության» առաջամարտիկ ներկայացնող Սերժ Սարգսյանը դարձավ պատերազմի պատճառ:

Ով է մեղավոր, ինչ է պետք անել և ինչպես պետք է անել

Այս օրերին փորձում են կեղծ թեմաներ, կեղծ թիրախներ ու արհեստական հանրային օրակարգեր դնել շրջանառության մեջ: Իրականությունը, սակայն, լրիվ այլ է: Որքան էլ փորձեն քավության նոխազների միջոցով լղոզել պատասխանատվության հարցը, չի ստացվելու:

Հայաստանի ներքին ու արտաքին «նախաձեռնողականության» հետևանքով է թշնամին լկտիացել: Լկտիացել է, քանզի Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության արդյունքում մեր երկիրը թուլացել է, բանակը չի արդիականացվել, անվտանգության հարցերում հույսը դրվել է դրսի ուժերի վրա, և պետական բոլոր ռեսուրսներն օգտագործվել են ոչ թե պետականաշինության, այլ ընտրակեղծիքների, սեփական հարստությունն ավելացնելու և վերարտադրության նպատակով:

Ու որպեսզի Հայաստանը չշարունակի ապրել «Մեր հաղթանակը մեր պարտությունն է» կարգախոսով, պետք է հանրային լայն համախմբման միջոցով հասնել քաղաքական փոփոխությունների: Այլապես, Աստված մի՛ արասցե, մի օր կարող են ասել՝ ուրախացե՛ք, որ ազատագրված տարածքներն ու Մատաղիսը հանձնեցիք, բայց «զատո» Ստեփանակերտն ու Շուշին մերն են: Հետո էլ, թե բա՝ ուրախացե՛ք, որ Ղարաբաղը հանձնել ենք, բայց «զատո» տապալվեց թշնամու՝ Սյունիք կամ Վարդենիս մտնելու բլից–կրիգը, և այդպես շարունակ:

Հայաստանը պետք է դադարի օրուելյան անտիուտոպիայում ներկայացված պետությունը հիշեցնել և չպետք է որպես գաղափարական հիմք ընդունի «Չորս ոտքը լավ է, քան երկուսը» տարբերակը:

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը