Մեկնաբանություն

02.05.2016 10:15


Ով նախաձեռնի, ում հրաժարականը պահանջեն

Ով նախաձեռնի, ում հրաժարականը պահանջեն

Տարօրինակ և զարմանահրաշ բաներ են կատարվում մեզ մոտ:

Գտնվել են չորսօրյա պատերազմի մեղավորները, մեր բանակի խնդիրների պատասխանատուները, հողերը հանձնող դավաճանները, փողերը թալանող չինովնիկները և այլն:

Գտնվել է նաև Հայաստանի ամենաանմեղ, ամենաազնիվ, ամենաիմաստուն, ամենանախաձեռնող պաշտոնյան:

Նրանք, ովքեր մեղավոր են, այժմ հուժկու հարձակման են ենթարկվում հանրության «ակԾիվ» հատվածի կողմից:

Օրինակ՝ Սերժ Սարգսյանը «Բլումբերգին» հարցազրույց է տալիս ու հայտարարում, որ Կազանում պատրաստ էր հանձնել Ղարաբաղի հինգ շրջանները՝ խաղաղապահների մուտքի և ԼՂՀ կարգավիճակի անորոշ ապագայի դիմաց, սակայն Ալիևը չհամաձայնեց (շնորհակալություն Իլհամ պարոն Ալիևին):

ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանը, փորձելով երկրորդել ՀՀԿ ղեկավարին, ասաց, որ պետք է հանձնել շրջանները ԼՂՀ անկախության դիմաց:

Նկատենք, որ և՛ Սարգսյանի, և՛ Նաղդալյանի ասածներն անընդունելի են, չեն բխում մեր երկրի անվտանգության շահերից և հակասում են ԼՂՀ սահմանադրությանը, բայց համեմատության մեջ ավելի հայամետ է Նաղդալյանը, քանզի ԱԺ փոխխոսնակը գոնե Ղարաբաղի անկախությունն է պահանջում հող հանձնելու դիմաց, իսկ ահա Սարգսյանը նման խնդիր չի դրել Կազանում: Սակայն, արի ու տես, որ մեր «ակԾիվ» շրջանակները պահանջում են Հերմինե Նաղդալյանի հրաժարականը, քանի որ դա հա՛մ «ռազմահայրենասիրական» է, հա՛մ անշառ է, հա՛մ տեղավորվում է Բ26–ի «գեներալնի» պլանի մեջ:

Սերժ Սարգսյանը հողերը հանձնելուց է խոսում և ընկել է քիրվայականության գիրկը, իսկ ահա թունդ հայրենասերները չզիջող նախագահ են պահանջում ու բողոքի ակցիա կազմակերպում ... Կառավարության շենքի մոտ, քանի որ դա հա՛մ «ռազմահայրենասիրական» է, հա՛մ տեղավորվում է Բ26–ի «գեներալնի» պլանի մեջ:

Այսպիսի պատկեր ունենք նաև մյուս հարցերում:

Սերժ Սարգսյանը նախաձեռնեց տխրահռչակ «Ֆուտբոլային» դիվանագիտությունը, սակայն պահանջում էին Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը: Հիմա էլ չորսօրյա պատերազմի համար են պահանջում Նալբանդյանի հրաժարականը, քանի որ դա հա՛մ «ռազմահայրենասիրական» է, հա՛մ տեղավորվում է Բ26–ին կից երիտբոլշևիկյան թևի «գեներալնի» պլանի մեջ:

Չինովնիկներն օֆշորներում փող են պտտեցնում «վերևի» գիտությամբ ու զգոն հայացքի ներքո, սակայն «ակԾիվիստները» պահանջում են կուլակաթափ անել «սլաքավարներին», քանի որ դա հա՛մ «ռազմահայրենասիրական» է, հա՛մ եկամտաբեր է, հա՛մ տեղավորվում է Բ26–ի «գեներալնի» պլանի մեջ:

Սերժ Սարգսյանը թանկացրեց հոսանքի գինն ու այդպիսով պաշտպանեց հայտնի շրջանակների մասնավոր շահերը, սակայն հոսանքի թանկացման դեմ պայքարողները պահանջում էին Բիբինի ու Նազարյան Ռոբերտի հրաժարականը, քանի որ դա հա՛մ «ռազմահայրենասիրական» է, հա՛մ տեղավորվում է Բ26–ի «գեներալնի» պլանի մեջ:

Հայաստանը վերջին ութ տարվա ընթացքում քառապատկել է իր պարտքը՝ այն ավելացնելով 4 միլիարդ դոլարի չափով, բայց հաջողացրել է այդ ընթացքում տնտեսական անկման ռեկորդ սահմանել: Բյուջեն թալանվել է, վարկերի հետքն անգամ չի երևում, և բնական է, որ բանակը պետք է այս օրին լիներ, հատկապես որ գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը զբաղեցնողն անվտանգության հարցում ապավինել է դրսի ուժերին: Հիմա պարզվում է, որ բանակի արդիականացման և 80-ականների զենքերի հույսին մնալու մեղավորը ... ՊՆ մատակարարման գծով պատասխանատու Ալիկ Միրզաբեկյանն է: Թե քանի ոչխար կհավատա այս հեքիաթին ու կծափահարի այն բանի համար, որ, իբր թե, այդ պաշտոնյայի հեռացմամբ արդարությունը հաղթանակ է տարել, թողնենք անասնագետների հաշվարկին:

Սերժ Սարգսյանի վարած ներքին ու արտաքին քաղաքականության հետևանքով Ադրբեջանը լկտիացավ ու անցավ ակտիվ հարձակման, որի արդյունքում չորս օրվա ընթացքում ունեցանք զոհեր ու վիրավորներ, ինչպես նաև՝ տարածքային ու ռազմավարական դիրքերի կորուստ (Թալիշում այսօր քաղաքացիական բնակիչ չկա), բայց «ակԾիվիստները» պահանջում են Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի ու մյուսների հրաժարականը, քանի որ դա հա՛մ «ռազմահայրենասիրական» է, հա՛մ անվտանգ, հա՛մ տեղավորվում է Բ26–ի «գեներալնի» պլանի մեջ:

Մի խոսքով, բոլորը մեղավոր են ու վատ են աշխատում, բացի մեկից՝ ամենաազնիվից, ամենաանմեղից, ամենաիմաստունից ու ամենանախաձեռնողից: Կարծում եմ՝ գլխի ընկաք, թե ով է նա:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը