Հարցազրույց

30.04.2016 22:02


Ա. Հարությունյան. ««Համախմբում» կուսակցությունն ի վիճակի է ձեռնոց նետել իշխանություններին»

Ա. Հարությունյան. ««Համախմբում» կուսակցությունն ի վիճակի է ձեռնոց նետել իշխանություններին»

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի հետ Vesti.am-ը զրուցել է նորաստեղծ «Համախմբում» կուսակցության և ներքաղաքական խնդիրների մասին։

-Պարո՛ն Հարությունյան, ինչպե՞ս եք գնահատում «Համախմբում» կուսակցության մոտեցումները և նպատակները, որոնք ներկայացվել են այդ ուժի նախաձեռնողների տարածած հայտարարության մեջ։

-Շատ ողջունելի է պարոն Օսկանյանի և նրա թիմակիցների նախաձեռնությունը։ Այն, իրոք, համախմբված մարդկանց նախաձեռնություն է: Բոլորին շատ լավ ճանաչում եմ՝ և՛ Վարդան Օսկանյանին, և՛ Անդրանիկ Թևանյանին, և՛ Երվանդ Բոզոյանին, և՛ մնացած գործիչներին, համոզված եմ, որ իրենք շատ սկզբունքային են: Իրենց վերջին տարիների և՛ ելույթները, և՛ քաղաքական գործունեությունը ցույց տվեցին, որ հավատարիմ են իրենց սկզբունքներին և, «չտեղավորվելով» եղած որևէ կուսակցության մեջ, իրենք նախաձեռնեցին «Համախմբում» կուսակցությունը: Համոզված եմ՝ այն դրույթները, որոնք իրենք արդեն հայտարարել են, իրոք, շատ կարևոր են, և ամենաէականն այն է, որ իրենք կրում են այն արժեքները, որոնց մասին խոսում են՝ ի տարբերություն շատ գործիչների, որոնք կարող են խոսել ամեն ինչի մասին, բայց լրիվ ուրիշ բան անել:

-Հայտարարվել է, որ նախաձեռնվելու է իրական համախմբում։ Տեսնո՞ւմ եք այդ հնարավորությունը։

-Ինչպես հայտարարել ենք, մեր կուսակցությունը պատրաստ է համագործակցել: Շատ ճիշտ է ընտրված անունը՝ «Համախմբում». իրոք, պետք է համախմբվել քաղաքական դաշտում, իսկ քաղաքական դաշտը՝ այն, ինչ ներկայացված է պառլամենտում, չի արտահայտում ժողովրդի քաղաքական կամքը, մանավանդ տեսանք նաև ԸՕ քվեարկության ժամանակ որոշ կուսակցությունների երկակի խաղը:

-Ի՞նչ ձևաչափով եք տեսնում ձեր համագործակցությունը «Համախմբման» հետ:

-Ամենասերտ կարգավիճակում: Մեր բոլոր մոտեցումները՝ կապված երկրի վիճակի հետ, լիովին համընկնում են: Նաև ընտրություններին համատեղ մասնակցությամբ ենք պատկերացնում։

-Կուսակցության նախաձեռնող խմբի հայտարարության մեջ ասված է, որ առանցքային քաղաքական ուժ դառնալու հայտ է ներկայացվում: Դուք այդ պոտենցիալը տեսնո՞ւմ եք։

-Շատ ընդդիմադիր կուսակցությունների հիմնական նպատակն է ներկայություն ունենալ խորհրդարանում, և դրա համար պատրաստ են ամեն ինչի. շատ կարևոր է, որ «Համախմբում» կուսակցությունը ոչ թե որոշակի ներկայություն ունենալու խնդիր է դնում, այլ խոսքը իրավիճակ փոխելու մասին է. կոպիտ ասած, ձեռնոց է նետում իշխանություններին: Այսօր Հայաստանում, բացի «Համախմբում» կուսակցությունից, ուրիշ կուսակցություն, քաղաքական ուժ չեմ տեսնում, որն ի վիճակի է ձեռնոց նետել իշխանություններին, որովհետև իշխանություններին միշտ ձեռք է տալիս 5-5 տոկոսներ բաժանել Բաղրամյան 26-ի հովանու ներքո գործող «ընդդիմադիրներին» և վերջում մեծամասնություն վերցնել: Պատահական չէ իշխանությունների հիստերիան նոր ստեղծվող այդ կուսակցության վերաբերյալ։ Հաճախորդները հերթ չեն տալիս մեկը մյուսին՝ հարվածելու «Համախմբում» կուսակցությանը: Ամեն ինչ ցույց է տալիս, որ այս իշխանությունները նույնիսկ այսքան զոհերից հետո դասական դարձած Վլադիմիր Գասպարյանի ասած՝ չսթափվեցին, ինչը ցույց են տալիս Հրազդանի ընտրությունները, ԸՕ-ն ուժային մեթոդներով անցկացումը: Այս իշխանությունների պարագայում հույս ունենալ, որ ինչ-որ բան կշտկվի, հեքիաթների ոլորտից է։ Ժամանակը ցույց է տվել, որ այս իշխանությունները, եթե այն ժամանակ ասում էին բոլոր ոլորտներում ձախողվել են, և փորձում էինք չխոսել բանակի մասին, տեսանք, որ ամենակարևորը՝ մեր դարպասները բաց են, և փառք մեր զինվորին, ով կարողացավ իր արյան գնով, կյանքի գնով չթողնել, որպեսզի ունենանք լուրջ կորուստներ: Հնարավոր չէ, որ այսպես շարունակվի, և շատ կարևոր է, որպեսզի ներսում «ավգյան ախոռները» մաքրվեն, ինչը նշանակում է, որ իշխանության հարցերը պետք է լուծվեն, և այսօր այն ուժը միայն իրավունք ունի խոսել, որը, փաստորեն, վերջին տարիներին եղել է շատ սկզբունքային, այդ թվում հատկապես «Համախմբում» կուսակցության հիմնադիրները, մեր կուսկացությունը, որոնք մինչև վերջ մնացել են սկզբունքային և, եթե նայում ենք, տեսնում ենք, որ ոչինչ չի փոխվել մեր մոտեցումներում, պարզապես մենք այսօր պարտավոր ենք ճշմարտությունն ասել մինչև վերջ՝ նաև բանակի հետ կապված:

Vesti.am

Այս խորագրի վերջին նյութերը