Մեկնաբանություն

30.04.2016 11:40


Մեթոդական ցուցում սերժամետ «ռազմահայրենասերներին»

Մեթոդական ցուցում սերժամետ «ռազմահայրենասերներին»

Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանն արտաքին (նաև՝ ներքին) քաղաքականություն է վարում «օրվա կուրսով»: Այսինքն՝ նա մի օր կարող է քիրվայականության գիրկն ընկնել, մյուս օրը՝ պահանջել Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի իրագործումը, մի քանի օր անց ստորագրել հայ-թուրքական արձանագրությունները: Ծիծեռնակաբերդի լույսերը Գյուլի խաթեր համար անջատել, հետո Ծիծեռնակաբերդում մթության քողի տակ սրտաճմլիկ տեքստ արտասանել: Ասել, որ թող գրողի ծոցը վավերացնեն հայ-թուրքական արձանագրությունները, բայց, միևնույն ժամանակ, պինդ պահել ՀՀ ստորագրություններն այդ տխրահռչակ փաստաթղթերի տակ: Գնալ Կազան ու համաձայնություն տալ Ղարաբաղի շրջանները հանձնելուն, հետո ասել, որ չեմ ուզում բանակցել, այնուհետև հիշել, որ Աղդամը իր հայրենիքը չէ, և այդպես շարունակ:

Սարգսյանական կառավարման ոճն ու մտածողությունը որոշակի բարդություններ են առաջացնում նրա շրջապատում և քծնողական բրիգադում: Մարդիկ չեն կարողանում կողմնորոշվել, թե որն է տվյալ պահի «թրենդը», և ինչ է պետք անել:

Օրինակ՝ ԱԺ ՀՀԿ-ական փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը լսել էր Սարգսյանի՝ «Բլումբերգին» տված հարցազրույցն ու շտապել էր հանձնել Ղարաբաղի շրջաններն Ադրբեջանին: Նա հաշվել էր, որ պետք է շտապել, որպեսզի մյուս ՀՀԿ-ականները հետ մնան իրենից, ու ինքը կարողանա դառնալ Սարգսյանից հետո թիվ երկրորդ հանձնողը:

Նաղդալյանին դրանից հետո սկսեցին «փչացնել» ոչ միայն հանրության լայն, այլ նաև ՀՀԿ-ական նեղ շրջանակները: Փոխխոսնակը չգիտեր, որ հողերը հանձնելու մասին խոսելու մենաշնորհը պատկանում է Սերժ Սարգսյանին, և որ ՀՀԿ ղեկավարի մոտ հիմա այլ փուլ է: Չգիտեր ու դրա համար «քաշվավ»:

Մեթոդական ցուցում

Ի՞նչ պետք է անեն սերժամետ կամ կոնյունկտուրշիկ «ռազմահայրենասերները», որպեսզի Հերմինեի պես «չքաշվեն»: Նրանք պետք է գործեն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀԿ ղեկավարը որևէ արժեք չի տալիս սեփական խոսքին, քանզի կարող է մի բան ասել ու դրա հակառակն անել, կարող է այսօր մի բան հայտարարել ու վաղը դրա հակառակը պնդել:

Եվ ուրեմն, առաջին հիմնական խորհուրդը «ռազմահայրենասերներին» հետևյալն է՝ չշտապել: Շտապողները բազմիցս «քաշվել» են: Կամ, եթե շտապում են, ապա թող ասեն Սարգսյանի ասածի հակառակը, որպեսզի մի փուլ առաջ ընկնեն ու «օրվա կուրսով» հայտնվեն նույն «թրենդի» մեջ:

Օրինակ՝ հայ-թուրքական քիրվայության փուլում պաշտոնական Անկարան հայտարարում էր, թե մինչև Ղարաբաղի հարցում հայերը զիջումների չգնան, Թուրքիան սահմանը չի բացի ու ՀՀ-ի հետ դիվանագիտական հարաբերություններ չի հաստատի:

Ի պատասխան թուրքական կողմից հնչող նախապայմանների՝ Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ ինքը կմեկնի Թուրքիա՝ ֆուտբոլ նայելու, եթե լինեն բաց սահմաններ, կամ մենք գտնվենք սահմանների բացման նախաշեմին:

«Ռազմահայրենասերներն» այդ փուլում վերլուծեցին թուրքական ու հայկական ղեկավարության խոսքերն ու եզրակացրեցին, որ Սարգսյանը չի մեկնելու Թուրքիա, քանի որ սահմանների բացելու «հոտն» անգամ չի գալիս: Եզրակացրեցին ու սկսեցին Թուրքիային «փչացնել» ու ասել, որ ոչ մի արձանագրություն էլ չի լինի, որ հայկական շահերից չի բխում Թուրքիա մեկնելը, որ Սերժ Սարգսյանն իր խոսքի տերն է ու չի մեկնի Բուրսա և այլն, և այլն, և այլն:

Կյանքը ցույց տվեց, որ Թուրքիան սահմանը չբացեց, ու մենք չհայտնվեցինք բացման նախաշեմին, սակայն Սերժ Սարգսյանը մեկնեց ֆուտբոլ նայելու ու դեռ մի բան էլ ահագին ուրախացավ, երբ մերոնք գոլ «կերան»: Արդյունքում՝ «քաշվեցին» «ռազմահայրենասերները», ովքեր Սարգսյանի մեկնելուց հետո ստիպված սկսեցին էնտուզիազմով փառաբանել նրա քայլը, ինչպիսի էնտուզիազմով որ համոզմունք էին հայտնում, որ նա չի մեկնի Թուրքիա:

Հիմա Ղարաբաղի հարցում Սարգսյանի մոտ «հայրենասիրության» փուլ է: Բայց դա ոչինչ չի նշանակում:

Եթե նա թեթևությամբ հայտարարում է, որ Ղարաբաղի հյուսիս-արևելքում մեր կորցրած դիրքերն անկարևոր են (1994-ին ռազմավարական նշանակություն ունեցող այդ դիրքերի համար կատաղի մարտեր են տեղի ունեցել, և ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանի գլխավորած 5-րդ բրիգադից շուրջ 700 հայորդի է զոհվել), ապա մեծ է հավանականությունը, որ վաղը կարող է Աղդամի կամ այլ ուղղությամբ դիրքերը նույնպես նրա համար դառնան անկարևոր:

Եվ ընդհանրապես, Սերժ Սարգսյանի համար միակ կարևոր դիրքն իշխանական աթոռն է, որը նա փորձում է պահել ամեն գնով: Այստեղից բխում է ամենակարևոր մեթոդական ցուցումը սերժամետ կամ կոնյունկտուրշիկ «ռազմահայրենասերներին»՝ «չքաշվելու» համար հայտարարություններ արեք՝ ելնելով Սերժ Սարգսյանի աթոռային շահերից:

Դե, իսկ հայ ժողովրդի համար ամենակարևոր մեթոդական ցուցումն այս ամենից ձերբազատվելն ու քաղաքական փոփոխությունների միջոցով մեր պատմության այս խայտառակ էջը փակելն է:

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը