Աշխարհ

29.04.2016 13:15


ՌԴ–ն նորագույն սերնդի անխոցելի հրթիռներ է մշակում ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգերի համար

ՌԴ–ն  նորագույն սերնդի անխոցելի հրթիռներ է մշակում ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգերի համար

Ռուսաստանն ավարտում է նորագույն սերնդի հրթիռների մշակումը, որոնք անխոցելի են ՆԱՏՕ-ի սպառազինությունների, մասնավորապես ՀՕՊ համակարգերի համար։ Այս մասին «ria.ru»–ին հայտնել է ՌԴ Դաշնության խորհրդի Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Եվգենի Սերեբրեննիկովը՝ նշելով, որ հենց այդ հրթիռները կտեղակայվեն ՌԴ սահմաններին, եթե Շվեդիան անդամակցի ՆԱՏՕ-ին։

Ավելի վաղ շվեդական «Դագենս Նյուխետեր» թերթի հետ հարցազրույցում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ի պատասխան հարցին՝ ինչ քայլեր կձեռնարկի իր երկիրը, եթե Շվեդիան որոշի անդամակցել ՆԱՏՕ-ին, ասել էր, որ Ռուսաստանը հյուսիսային սահմաններում ստիպված կլինի անհրաժեշտ ռազմատեխնիկական միջոցներ ձեռնարկել, քանի որ սահմանից այն կողմ ռազմաքաղաքական դաշինք է գործում, որը Ռուսաստանին սպառնալիք է համարում և ուզում է զսպել նրան։

Փորձագետների կարծիքով խոսքը կարող է հյուսիս-արևմուտքում ռուսական զորքերի ուժեղացման մասին լինել։ Մոսկվան, մասնավորապես, կարող է սահմանին «Իսկանդեր» համալիրներ տեղակայել և Բալթիական նավատորմը հագեցնել «Կալիբր» տեսակի հրթիռներով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը