Մեկնաբանություն

29.04.2016 09:20


Այսպես շարունակվել չի՛ կարող

Այսպես շարունակվել չի՛ կարող

Իշխանության հաբրգածությունը՝ որպես «քաղաքական կատեգորիա», ակտիվորեն շրջանառվում էր առաջին իշխանության տարիներին: Դրանից հետո հանրային գիտակցության մեջ աստիճանաբար մարեց այդ որակումը, քանի որ որոշակի ժամանակահատվածում նկատելի դարձավ կառավարման կարգապահությունը, եւ վերահսկողական ինչ-ինչ գորիծիքներ կիրառվեցին:

2008-ից հետո իշխանական հաբրգածությունը վերազարթոնք ապրեց, եւ մինչ օրս հանրությունը բառացիորեն ատելությամբ է հետեւում իշխող ուժի եւ նրա առաջնորդի յուրաքանչյուր որոշմանն ու քայլին:

Տիգրան Սարգսյանի «էքսպրոպրիատիվ» գործունեությունը, անհավանական ծախսերը, ծաղկող կոռուպցիան, «ատկատները» եւ, ընդհանրապես, նրա կառավարման վեցամյա շրջանը քամեցին երկիրը (արտաքին պարտքը բազմապատկվեց, տնտեսությունը փլուզվեց, երկրի դուռն էլ իր ետեւից փակեց ու հեռացավ 300 հազար մարդ): Եվ այդ ամենը անդրդվելի կեցվածքով եւ ժողովրդի «ինադու» հանդուրժում էր ՀՀԿ ղեկավարը, որի իրականացրած արտաքին եւ ներքին քաղաքականությունը յուրովսան հաբրգածության «գրավականն» է (որը ոչ միայն հայ-թուրքական հակազգային արձանագրությունները ստորագրեց, այլեւ՝ 2011-ին, ինչպես հիմա է պարզվում, կողմ է արտահայտվել 5 շրջանների հանձնմանը, խաղաղապահների տեղակայմանը, իսկ Ղարաբաղի կարգավիճակի հարցն էլ թողնելով անորոշության մեջ: Չենք խոսում արդեն այս ապրիլյան քառօրյա պատերազմում կարեւոր դիրքերի, այն է՝ տարածքների կորստի մասին):

2013-ի նախագահական ընտրությունների տոկոսխփոցին եւս պետք է դասել հաբրգածության շարքին: Ինչպես նաեւ՝ նոր Սահմանադրություն մոգոնելու եւ հանրաքվեն ցինիկաբար կեղծելու նրա «նախաձեռնողականությունը»:

Եվ այսպես, «սահուն քայլերով, աննշմար» եկանք հասանք պատերազմի շեմին, ինչը, ըստ «Բլումբերգին» տված հարցազրույցում արված Սերժ Սարգսյանի հայտարարության, «ակնկալվում էր»:

Պարզվում է՝ նրա համար ակնկալելի էր ապրիլյան պատերազմը, բայց հայոց բանակին սպառազինությամբ մատակարարելու հարցում, կարելի է ասել, մատը մատին չի խփել: Նման մոտեցումը նույնպես հաբրգածության վկայություն է: Երբ, մանավանդ, ցավալիորեն, մոտ 100 զոհ ու անհաշիվ վիրավորներ ունեցանք, բայց այդ ողբերգության համար նա իրեն պատասխանատու եւ մեղավոր չի համարում:

Դատելով նրա բռնած դիրքից՝ փորձում է ամեն կերպ իրենից «ցրել» այդ արյունալի չորս օրերը: Որտե՞ղ է տեսնված նման բան:

Հիմա էլ ամեն օր ցավալիորեն մեկ կամ երկու զոհի եւ կամ վիրավորների մասին լուրեր ենք լսում: Իսկ Սերժ Սարգսյանին մտահոգում են ոչ թե հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետեւանքով շարունակվող բախումներն ու դրանց հետեւանքով արձանագրված զոհերի ու վիրավորների փաստերը, այլ ներկուսակցական, ներքաղաքական հարցերը, որոնք քննարկելու համար ՀՀԿ-ում նիստ է անցկացնում: Հաբրգածությունն էլ ո՞նց է լինում:

Ուրեմն, ՀՀԿ ղեկավարին ավելի շատ հուզում է Ընտրական օրենսգրքի նախագծի անշշուկ անցկացումը, քան սահմանային աննախադեպ լարվածության պահպանման խնդիրը:

Սարգսյանին հուզում է Կուսակցությունների մասին օրենքի նախագծում փողոցային ու բակային կուսակցությունների ստեղծման մասին դրույթի ամրագրումը (դրանով իր համար ավելի վերահսկելի ու մեռելային քաղաքական համակարգ ունենալու հարցը), քան սգավոր ընտանիքների խնդիրը:

Սա ի՞նչ է, եթե ոչ հաբրգածության բացահայտ դրսեւորում: Եվ, իհարկե, նույն հաբրգածությամբ էլ խորհրդարանում, վարման կարգի խախտման միջոցով, մեծամասնությունն առաջին ընթերցմամբ ընդունեց ԸՕ-ի նախագիծը:

Իշխող ուժը եւ հատկապես նրա առաջնորդն այլեւս կորցրել են իրականության զգացողությունը եւ գործում են, ասես, «աֆեկտի տակ»: Այսպես, բնականաբար, չի կարող շարունակվել:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը