Մեկնաբանություն

28.04.2016 19:40


Խայտառակություն խորհրդարանում

Խայտառակություն խորհրդարանում

Այսօր Ընտրական նոր օրենսգրքի քվեարկության ժամանակ տեղի ունեցավ ԱԺ կանոնակարգ օրենքի կոպտագույն խախտում։ Կարելի է ասել, որ 25–ամյա պառլամենտարիզմի հայկական քիչ թե շատ կայացած մշակույթի վրա տապանաքար դրվեց, այն էլ՝ Ընտրական նոր օրենսգքրի ընդունման շրջանակներում։

Այն, ինչ տեղի ունեցավ, պարզապես խայտառակություն էր։ Սակայն մինչև այդ խայտառակությանն անդրադառնալը մի փոքր նախաբան։

Երեկ հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը ՀՀԿ–ական պատգամավորներին հավաքել էր ՀՀԿ գրասենյակում և բարկացել հատկապես որոշ ազդեցիկ պատգամավորների վրա՝ հասկացնելով, որ կասկածում է նրանց հավատարմությանը, քանզի վերջին օրերին նրանք քննադատական ելույթներ են ունեցել և մատնանշել թերությունները (նա նաև նեղսրտել է, թե ինչու չորսօրյա պատերազմի հետ կապված իշխանության հասցեին հնչող քննադատությանը ՀՀԿ–ականները չեն պատասխանում և իրեն չեն պաշտպանում)։ Սարգսյանը, ըստ մեզ հասած տեղեկությունների, հայտարարել է, թե ՀՀԿ–ական պատգամավորները պետք է մեկ մարդու պես ներկայանան խորհրդարան ու ապահովեն Ընտրական նոր օրենսգրքի անաղմուկ ընդունումը։

Իսկ հիմա վերադառնանք բուն թեմային։ Քիչ առաջ Ընտրական օրենսգիրքը, քաղաքական մի շարք ուժերի ու հասարակական խմբերի կողմից անընդունելի դրույթներով հանդերձ, դրվեց քվեարկության և անցավ 98 կողմ ձայնով (անհրաժեշտ նվազագույն «կողմ» ձայների քանակը 79–ն էր)։

Քվեարկության ընթացքը տեղի ունեցավ ԱԺ կանոնակարգի կոպիտ խախտմամբ։ Գալուստ Սահակյանը, ով իր խորհրդարանական աթոռին մոտեցավ կողմնակի աջակցությամբ, հնարավորություն չտվեց ելույթ ունենալ մի շարք պատգամավորների, ովքեր ձայն էին խնդրել վարման կարգով։ Սահակյանին կողքից հուշում էին ԱԺ փոխնախագահներ Հերմինե Նաղդալյանը և Էդուարդ Շարմազանովը։ Վերջիններս Սահակյանին ասում էին, որ քվեարկությունից առաջ վարման կարգով ելույթի հնարավորություն տա ցանկացողներին, քանզի դա օրենքի պահանջ է, սակայն ԱԺ խոսնակն անդրդվելի էր և քվեարկության դրեց Ընտրական օրենսգիրքը։

Առաջին քվեարկությունը չեղյալ հայտարարվեց։ Հետո, երբ երկրորդ անգամ օրենսգիրքը դրվեց քվեարկության, Շարմազանովն արդեն դարձավ օրենքի խախտման մեղսակից։

«Սղմի՛, դե սղմի՛, որ քվեարկությունը լինի»,– Գ. Սահակյանին էր կոչ անում Շարմազանովը, որից հետո էլ տեղի ունեցավ քվեարկությունը:

Օրենքն առաջին ընթերցմամբ ընդունվեց, որից հետո մի շարք պատգամավորներ, ովքեր դեմ էին քվեարկել կամ նույնիսկ չէին հասցրել քվեարկել, ի նշան բողոքի՝ դուրս եկան նիստերի դահլիճից։

Ուշագրավն այն է, որ Նաղդալյանն ու Շարմազանովը, ովքեր մինչև քվեարկությունը կոչ էին անում Սահակյանին վարման կարգով ձայն տալ պատգամավորներին, քվեարկությունից հետո պաշտպանեցին Սահակյանի վարքագիծը՝ հայտարարելով՝ ի՞նչ խախտում. 98 հոգի օրը ցերեկով տեսախցիկների առջև կողմ է քվեարկել. ով ուզել ա՝ դեմ ա քվեարկել, ով ուզել ա՝ կողմ ա քվեարկել, ով ուզել ա՝ բոյկոտել ա, ի՞նչ խախտում։

Նկատենք, որ Սերժ Սարգսյանի պահանջն այդպիսով չկատարվեց. նախագիծն առաջին ընթերցմամբ անցավ օրենքի կոպիտ խախտմամբ, ինչպես նաև խորհրդարանական մեր նորագույն պատմության մեջ տեղի ունեցավ աննախադեպ խայտառակություն։

Դժվար է ասել՝ խորհրդարանի խոսնակն ու փոխխոսնակները յուրօրինակ «պոդստավկա» արեցին Սերժ Սարգսյանին գիտակցաբա՞ր, թե՞ պատահաբար, բայց փաստն այն է, որ այս երեքը ՀՀԿ ղեկավարին «քաշեցին»։ ՀՀԿ գրասենյակում հնչեցված առաջադրանքը չկատարվեց։ Սարգսյանն ուզում էր անաղմուկ, բայց չստացվեց:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը