Մեկնաբանություն

28.04.2016 15:45


Բ26–ն ինստիտուցիոնալ տեսք է տալիս թայֆաներին

Բ26–ն ինստիտուցիոնալ տեսք է տալիս թայֆաներին

Պատերազմական գործողությունները հնարավորություն տվեցին Բ26–ին «ներազգային միասնության» տեղեկատվական աղմուկի տակ «սղացնել» Ընտրական նոր օրենսգիրքը և մտցնել քվեարկության։

Ընտրական նոր օրենսգրքում առկա բազմաթիվ վիճահարույց և ընտրակեղծիքներին նպաստող կետերն էլ իրենց հերթին ստվերում թողեցին ոչ պակաս վտանգավոր օրինագծեր, որոնք ներկայացվել են ԸՕ–ի հետ միևնույն փաթեթում։

Բանն այն է, որ Բ26–ն առաջարկում է փոփոխություններ իրականացնել Կուսակցությունների մասին օրենքում։

Փոփոխության նախագծից պարզ է դառնում, որ Հայաստանում թայֆաներն ու բանդաներն այլևս կարողանալու են, այսպես ասած, ինստիտուցիոնալ տեսք ստանալ՝ օրենքով սահմանված կարգով։

«Տեղական ինքնակառավարման խնդիրների առանձնահատկություններով պայմանավորված՝ կարող են ստեղծվել տարածքային կուսակցություններ: Տարածքային կուսակցությունները ստեղծվում են մարզերում եւ Երեւան քաղաքում: Տարածքային կուսակցությունները մասնակցում են համայնքի ղեկավարի եւ համայնքի ավագանու անդամի ընտրություններին միայն այն մարզերում, որոնցում գտնվում են»,– մասնավորապես, նշված է նախագծում։

Ավելի հակապետական բան դժվար էր մտածել։

Պարզ է, որ սա արվում է խոշոր քաղաքներում տարբեր խմբերին ու անհատներին ընտրությունների ժամանակ իրար դեմ հանելու և հետագայում դրանցից ամենազոռբային սեփականաշնորհելու նպատակով։ Կուսակցություն հասկացությունը պաշտոնապես դառնալու է ՍՊԸ–ի պես մի բան, երբ ամեն մի թաղի տղա կարողանալու է սեփական կուսակցությունը բացել՝ տեղական առանձնահատկություններից ելնելով։ Ու թքած, որ պետության հերն այդպիսով անիծվելու է։

Փաստորեն, սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի ժամանակ կուսակցությունների դերի բարձրացումից, պետական կառավարման համակարգի արդիականացումից և նմանատիպ այլ բաներից խոսող իշխանությունները գնում են մեր երկիրը մաս–մաս անելու, թայֆայականությունը խրախուսելու և պետական համակարգը առուծախի առարկա դարձնելու ճանապարհով։

Ի՞նչ է նշանակում տեղական ինքնակառավարման առանձնահատկություններով պայմանավորված՝ կարող են ստեղծվել տարածքային կուսակցություններ։ Յոնջալախի, Ղռերի, Կոնդի ու Չարբախի առանձնահատկություննե՞րն է հաշվի առել ՀՀԿ ղեկավարը, որ այդպիսի օրինագիծ է հանձնարարել ստեղծել, թե՞ որոշել է «բակային հայրենասիրությանը» զարկ տալ ու խրախուսել «մայլայիզմը»։

Հայաստանի տեղական առանձնահատկությունն այն է, որ ամեն մի մարզ կամ քաղաք ունի իր Լիսկան կամ դրա նման մեկը։ Հիմա Սերժ Սարգսյանը լիսկաներին օրենքով հնարավորություն է տալիս տեղական նշանակության կուսակցություն բացել։ Այսինքն՝ փորձ է արվում ստեղծել երևանցիների, գյումրեցիների, վանաձորցիների կամ սյունեցիների կուսակցություններ։ Դրանք, ըստ մտահղացման, պետք է դառնան տեղական հանցագործների «քաղաքական» հենարանները, վերածվեն ՀՀԿ–ի արբանյակ կառույցների, և բոլորը միասին ծառայեն «Վերջի բոլշևիկին»։

Եթե որևէ մեկը որոշեր Հայաստանը ներսից թուլացնել, մասնատել ու բզկտել, ապա այսպիսի օրինագիծ պետք է ներկայացներ։

Առանց չափազանցության կարելի է ասել, որ տարածքային կուսակցությունների գաղափարի ներմուծումը ոչ պակաս հակապետական մոտեցում է, որքան մեր բանակին առանց համապատասխան սպառազինության թողնելը կամ Ղարաբաղի տարածքները հանձնելու պատրաստակամություն հայտնելը։

Ադրբեջանից խփում են «Սմերչով», իսկ Բ26–ից՝ այլ տիպի զենքերով։ Ու դժվար է ասել, թե որ զենքն է ավելի վտանգավոր Հայաստանի պետականության համար։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը