Տնտեսական

28.04.2016 13:25


Նաիրիտցի. «Տիգրան Սարգսյանն է մեղավոր, որ գործարանն այս վիճակում հայտնվեց»

Նաիրիտցի. «Տիգրան Սարգսյանն է մեղավոր, որ գործարանն այս վիճակում հայտնվեց»

Արդեն մի քանի տարի է, ինչ Կառավարության նիստի օրերին գործադիր մարմնի շենքի առաջ են հավաքվում տարբեր խնդիրներով բողոքող քաղաքացիներ: Այս հինգշաբթին էլ բացառություն չէր. «Vesti.am» թղթակիցը հայտնում է, որ բողոքի ակցիա էին անցկացնում Երևանի «Նաիրիտ» գործարանի մի խումբ աշկխատակիցներ, Եկմալյան փողոցի բնակիչները և Դալմայի այգիների նախկին սեփականատերերը:

«Նաիրիտի» աշխատակիցները պահանջում էին գործարանի վերագործարկում և աշխատավարձերի տոկոսների հատուցում: Գործարանի նախկին աշխատակից Նորիկ Ղահրամանյանն ասել է, որ եկել է բողոքելու, բայց չի հավատում, որ Կառավարությունը խնդրին լուծում կտա.

-Վարչապետի մոտ ինչ-որ բողոքի ակցիա արեցիր, հաջորդ օրը դու գործի չես գա: Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը եկավ գործարան, ես էլ իմ փաստաթղթերը ցույց տվեցի, թե ով եմ ես, ասացի՝ պարոն վարչապե՛տ, երկու հարց կարելի է, ասաց՝ ինչո՞ւ չէ։ Բայց հետո հաստավիզները հարձակվեցին վրաս, թե դու ով ես, որ վարչապետին ընթացքում հարց տաս: Տիգրան Սարգսյանն է մեղավոր, որ գործարանն այս վիճակում հայտնվեց: Ինքն է քանդել, այս երկիրն էլ են իրենք քանդել:

Եկմալյան փողոցի բնակիչները, որոնց տները ժամանակին Կառավարության որոշումներով ներառված էին գերակա շահի տակ ընկած տարածքներում՝ այլ կառուցապատումների համար,12 տարի է, ինչ պայքարում են իրենց ոտնահարված իրավունքների համար:

-Մինչև այժմ այդ տարածքը կիսաքանդված մնացել ա, ժողովրդին ո՛չ բնակարան են տալիս, ոչ էլ այդ հողակտորի համար փող են տալիս: Փողոցում ենք մնացել: Հիմա մենք մեր Կառավարությանը, մեր վարչապետին խնդրում ենք՝ մեր բնակարանների հարցը լուծի, այսպես չենք կարող փողոցում մնալ: Բազմիցս դիմել ենք, Կառավարությունը մեզ ոչնչով չի օգնում, ոչ մի հույս չունենք նրանցից,-ասել է Եկմալյան փողոցի բնակիչներից Անահիտ Պողոսյանը:

Կառավարության որոշումից հետո այսպիսի վիճակում է հայտնվել 16 ընտանիք:

Եկմալյան փողոցի նախկին բնակիչ Անուշ Խուդավերդյանը հայտնել է, որ իրենց ընտանիքի 5 անդամները ՀՀԿ անդամ են, և ի նշան բողոքի՝ գետին է նետել իրենց կուսակցական անդամատոմսերը:

Գրեթե նույն վերը նշված խնդրի առջև են կանգնած նաև Դալմայի այգիների նախկին սեփականատերերը: Սարգիս Գրիգորյանը նշում է, որ Դալմայի տարածքի այգիների սեփականատերերից 90%-ին փոխհատուցում տվել են, մնացել են 18 հոգի:

-Խաբել, փողը չեն տվել: Տարածքները վերցրել են ու փոխհատուցում չեն տալիս: Մեր քրտինքով մշակած հողերն են, այդ փողերը պետք ա տան մեզ: Ամեն կերպ պայքարելու ենք, որ վերցնենք,-ասել Գրիգորյանը՝ հավելելով, որ իրենց խնդիրը 13 տարվա պատմություն ունի:

«Vesti.am»

Այս խորագրի վերջին նյութերը