Մեկնաբանություն

28.04.2016 12:05


ՀՀԿ ղեկավարի համար Հայաստանը որբի գլուխ է

ՀՀԿ ղեկավարի համար Հայաստանը որբի գլուխ է

Տխրահռչակ «Ֆուտբոլային» դիվանագիտության մեկնարկային փուլում հանրությանը հրամցվեց, որ Սերժ Սարգսյանը, այսպես կոչված, խաղաղության կուսակցության ներկայացուցիչ է։

«Հայ–թուրքական գործընթացը գին ունի, և ես պատրաստ եմ վճարել այդ գինը»,– հայտարարեց Սերժ Սարգսյանն ու անցավ գործի։

Նա, իհարկե, չէր ընդունում, որ հայ–թուրքական այն գործընթացը, որը նախաձեռնել էր, խնդիրներ էր առաջացնելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և Ղարաբաղի ու Հայաստանի անվտանգության համար։ Այսինքն՝ չէր ընդունում, որ գինը լինելու են Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի փաստացի սառեցումը և ղարաբաղյան ճակատում մեր հնարավոր կորուստները։

Այժմ, երբ «Ֆուտբոլային» դիվանագիտությունն ավարտվեց չորսօրյա պատերազմով, Սերժ Սարգսյանը ռազմահայրենասիրական ձևով հայտարարում է, որ հրաժարվում է հակամարտության շուրջ բանակցություններից։ Մարտավարական առումով նրան կարելի է հասկանալ։ Այո՛, իմաստ չունի բանակցել, երբ Ադրբեջանը խախտում է 1994–ին ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը։ Խոսքը, սակայն, այս պահի մասին չէ։ Խոսքն այն մասին է, որ չէր կարելի բերել այն վիճակին, որ Հայաստանը թուլանա ու առիթ տա Ադրբեջանին լկտիանալու, և որ բանակցությունները փոխարինվեն պատերազմով։

Սերժ Սարգսյանը տարիներ առաջ հայտարարում էր, որ ինքը խաղաղություն է ուզում, և դրա համար է նախաձեռնողական դարձել։ Պարզվում է, որ նա խաղաղությունը պատկերացրել է Ղարաբաղի խնդրի լուծման փուլային տարբերակի միջոցով, քանզի Կազանում համաձայնել է հինգ շրջանների վերադարձին և խաղաղապահների մուտքին, իսկ Ղարաբաղի կարգավիճակը թողել անորոշ ապագային։

Հենց կազանյան գործընթացի ժամանակ հայկական կողմի աններելի ու կոպիտ սխալն էլ պատճառ է դարձել Ադրբեջանի լկտիացմանը։ Չորսօրյա պատերազմն ուղղակի հետևանք է «Ֆուտբոլային» դիվանագիտության ու Ղարաբաղի հարցում պաշտոնական Երևանի պարտվողական դիրքորոշման։

Հիմա Սարգսյանն ուզում է դուրս գալ կազանյան խայտառակ գործընթացից այնպես, ինչպես «Ֆուտբոլային» դիվանագիտությունից։ Սակայն ինչպես հայ–թուրքական գործընթացից նա չի կարողանում մինչև վերջ հրաժարվել ու պահում է Հայաստանի ստորագրությունը մեռելածին արձանագրությունների տակ, այնպես էլ կազանյան իր խոստումներն են նրան ճնշում, ու նա էքսցենտրիկ բաներ է անում։

ՀՀԿ ղեկավարը հիմա շատ լավ հասկանում է, որ կազանյան գործընթացից դուրս գալու երկու տարբերակ կա՝ կա՛մ հրաժարական տալ, կա՛մ գնալ վա բանկ, այսինքն՝ պատերազմի։

Սարգսյանն ընտրել է երկրորդ տարբերակը։ Այսինքն, ստացվում է, որ նա իր սխալներն ուզում է արյամբ մաքրել։ Եվ սա այն դեպքում, երբ 2008–ին ինքնահռչակվել էր որպես խաղաղության կուսակցության առաջամարտիկ։

Կա, իհարկե, նաև երրորդ տարբերակը, երբ Ադրբեջանը վախենա, ու միջնորդներն էլ փորձեն վերականգնել բանակցային գործընթացը, սակայն դա տեսական սցենար է և մոտ ապագայի հարց չէ, հետևաբար այս պահին իմաստ չունի դիտարկելը։

«Ես Կազանում պատրաստ եմ եղել զիջումների, սակայն Ալիևը չի համաձայնել, քանզի պահանջել է ամբողջը և միանգամից, ինչին ես չէի կարող համաձայնել, որովհետև կկորցնեի իշխանությունս։ Այժմ ես, կրկին իշխանությունը կորցնելու վտանգից ելնելով, ուզում եմ հրաժարվել իմ կազանյան խոստումներից՝ հույսս դնելով հայ զինվորի ոգու վրա։ Դե, եթե հայ ժողովուրդն ինձ հանդուրժել է պետության ղեկին, ապա թող հատուցի դրա համար և իմ սխալներն ուղղի ռազմի դաշտում։ Եթե չեն ուզում հող հանձնել, ապա թող կռվեն։ Ինձ համար կարևորը՝ աթոռիս բան չլինի»։

Սրա՛նք են Սարգսյանի այժմյան քայլերի ներքին տրամաբանությունը և մտածողությունը։

Հայաստանը նրա համար որբի գլուխ է դարձել, որի վրա կարելի է դալլաքություն սովորել։

Սարգսյանն, ի դեպ, շատ է սիրում առաջնորդվել «Չի սխալվում նա, ով ոչինչ չի անում» կարգախոսով։ Նա սխալվել է «նախաձեռնողականության» հարցով, և հիմա այդ գինը վճարում է հայ ժողովուրդը՝ իր որդիներով ու կորցրած տարածքներով։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը