Հարցազրույց

27.04.2016 19:45


Մանվել Եղիազարյան. «Մենք պարտավոր ենք ըմբոստանալ, բարձրաձայնել բացթողումները»

Մանվել Եղիազարյան. «Մենք պարտավոր ենք ըմբոստանալ, բարձրաձայնել բացթողումները»

Նորաստեղծ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության անելիքների և արցախյան քառօրյա պատերազմի մասին Vesti.am-ը զրուցել է կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, «Արաբո» ջոկատի հիմնադիր հրամանատար Մանվել Եղիազարյանի հետ:

-Ինչո՞ւ որոշեցիք դառնալ «ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ և ի՞նչ խնդիրներ եք ուզում լուծել։

-Ներկայիս իրավիճակում, որպես հայորդի՝ մենք պարտավոր ենք մեր ձայնը բարձրաձայնել: Եթե վաղը իմ քաղաքական ուժը որոշի Արցախի ճակատագիրը, ես ուզում եմ իմ որոշիչ խոսքն ասեմ: Որպես մարդ՝ մենք պարտավոր ենք ըմբոստանալ, բարձրաձայնել այն բացթողումները, խոսել այն վիճակի մասին, որը պետք է լինի հասարակական, քաղաքական և ռազմական կյանքում:

-Ինչպիսի՞ հայտ է ներկայացնում «Համախմբում» կուսակցությունը, ի՞նչ հնարավորություններ ունի 2017թ. խորհրդարանական ընտրություններում:

-Այն, ինչ հայտարարության մեջ ասված է, դրանից ավելին այս պահին չեմ ուզում նշել: Ծրագիրը երբ ներկայացվի, այդ ժամանակ ես կարող եմ ձեզ ավելի սպառիչ պատասխան տալ:

-Եթե խոսենք քառօրյա պատերազմի և դրա հետևանքների մասին, ի՞նչ եք կարծում, Սերժ Սարգսյանի կողմից ռազմական բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկությունը հարցի լուծո՞ւմ է:

-Սահմանից երեկ երեկոյան եմ եկել և լավ ծանոթ չեմ դրան: Բայց, իհարկե, դա հարցի լուծում չի, պետք է շատ փոփոխություններ, հիմնարար փոփոխություններ արվեն: Այն թերացումները, այն բացթողումները, որոնք այսօր կան բանակում, մենք պարտավոր ենք ամենաարագ ձևով լուծել:

-ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը 3 տարի առաջ Սերժ Սարգսյանին զգուշացրել էր հնարավոր պատերազմի վերսկսման, Ադրբեջանի սպառազինության և հայկական կողմի արվելիք քայլերի մասին: Սակայն իշխանությունները անհաղորդ են մնացել և արդյունքում ունեցանք այն խնդիրները, որոնք այժմ բոլորին են տեսանելի։

-Դա նշանակում է, որ մարդիկ այնքան են արդեն արհամարում ուրիշի խոսքը և այնքան են կտրված իրականությունից, որ ոչ մի նախազգուշացում չեն ուզում ընդունել: Դա նշանակում է, որ Հայաստանում չկա այն իրավիճակը, երբ մարդը խոսք է ասում կամ դիտողություն է անում, նրա բարձրացրած հարցի շուրջ քննարկման խնդիր դրվի: Ես կարծում եմ, որ հայ զինվորի, հայ քաղաքացու ամեն մի խոսքը պետք է դառնա քննարկման առարկա: Ուշադիր պետք է լինենք, քանի որ պատերազմի մեջ ենք:

Vesti.am

Այս խորագրի վերջին նյութերը