Կարծիք

04.12.2009 15:23


Հայ-հայկական կոնֆլիկտի շուրջ

Հայ-հայկական կոնֆլիկտի շուրջ

Հետաքրքրությամբ կարդացի Հրանտ Մելիք-Շահնազարյանի «Ազգային շահը, «երրորդ ուժը» և վրացական լոբբին» հոդվածը' հրապարակված «7օր»-ում: Մինչ այդ ծանոթացել էի նաև Վարդան Օնանյանի կողմից տպված հոդվածին «Ժամանակ» թերթում: Ըներցումից հետո մոտս տարօրինակ զգացում առաջացավ: Տարօրինակն այն է, որ, ըստ էության, համաձայն եմ երկու հոդվածագրի կարծիքների հետ միաժամանակ (առանձին մանրամասները, որոնք երկուսի մոտ էլ իմ համար վիճելի կարող են լինել, չեմ հիշատակում. խոսքն էության մասին է): Կարծում եմ՝ ընթերցողն էլ իրավունք ունի զարմանալու՝ ինչպես կարող եմ ես համաձայն լինել երկու հոդվածի հետ, որոնց բովանդակությունը հակադիր դիրքորոշում է արտահայտում: Փորձենք հասկանալ միասին:

Ճի՞շտ է արդյոք այն կարծիքը, որ հայ-վրացական հարաբերությունների սրումը ձեռնտու է երրորդ ուժին, ավելի կոնկրետ՝ Ռուսաստանին, և հաճախ էլ կարող է հրահրվել վերջինիս կողմից: Անշուշտ, ճի՛շտ է, և այս թեզի հետ համաձայնվում է նաև Մելիք-Շահնազարյանը: Մյուս կողմից՝ ճի՞շտ է արդյոք, որ Վրաստանում կա ավանդական հայատյացություն, և եթե դա չլիներ, ապա ոչ մի արտաքին ուժ չէր կարող սադրել հայ-վրացական հարաբերությունների սրացում: Անշուշտ, ճի՛շտ է նաև սա: Ընդ որում, ուզում եմ նշեմ, որ պետք չէ վրացական հայատյացությունը պատկերացնել մեզ մոտ տարածված կենցաղային հակավրացականության նմանությամբ: Վրացական հայատյացությունը զուտ կենցաղային մակարդակի չէ. դա խոր արմատներ ունեցող երևույթ է վրաց մշակույթի մեջ: Օրինակ՝ 19-րդ դ. վերջի - 20-րդ դ. սկզբի վրաց գրականության մեջ տարածված է վաշխառու հայի խիստ բացասական կերպարը, որը խարդավանքներով աղքատացնում է վրաց ազնվականին: Այս գրականությունը մտնում է դպրոցական մինիմումի մեջ, ունի որոշ պատմական հիմքեր (կապիտալիստական հարաբերությունների ձևավորման դարարջանում արագ բուրժուականացող հայերը դիզում էին հարստություններ՝ ի հաշիվ պատմության գիրկն անցնող վրաց ֆեոդալների): Սա ձևավորում է ազնվական վրացի - խաբեբա առևտրական հայ կարծրատիպը վրաց հասարակության մեջ, որի ներկայացուցիչները դպրոցական ավարտական քննություններ են հանձնում նման գրական սյուժեներից: Հայը մոտավորապես «ջհուդի» դեր է կատարում այդ պատկերացումներում: Իսկ ավելի խորքերում վրաց ավանդական հայատյացությունը կապված է պրավոսլավ կղերականության հայատյացության հետ, որի ակունքներն էլ իրենց հերթին միջնադարյան բյուզանդական կղերի հակահայկական գրականությունն է:

Ընդհանրապես պետք է նշել, որ հայատյացությունը (արմենոֆոբիան), որպես առանձին գաղափարական համակարգ (այլ ոչ թե զուտ կենցաղային երևույթ), նոր դարաշրջանում ձևակերպվեց վրաց ու պահպանողական ռուսական գործիչների կողմից՝ հիմքում ունենալով կղերական նախապաշարմունքները և արտացոլելով 19-րդ դարի Կովկասի տնտեսական-քաղաքական իրավիճակը (առաջնության համար մրցակցությունը հայերի և վրացիների միջև. ըստ որում, ռուս միապետականները լուրջ վտանգ տեսնելով հայերի առաջխաղացման և հեղափոխականացման մեջ, հակված էին աջակցել վրացիներին, որոնց հետ կիսում էին նույն պրավոսլավ կարծրատիպերը «հերետիկոս հայերի» նկատմամբ): Քիչ ուշ այդ համակարգը յուրացվեց Կովկասի թաթարների նորածնունդ մտավորականության կողմից, որոնք էլ արտահանեցին այդ գաղափարախոսությունը Օսմանյան կայսրություն, ուր այն գաղափարական հիմքը դարձավ երիտթուրքերի հայաջինջ քաղաքականության: Այսօր էլ հայատյացության համակարգից առատորեն օգտվում են Ադրբեջանի թուրքերը, իսկ Վրաստանում այն որոշակի դիրքեր է պահպանում մանավանդ կղերական և ազգային-պահպանողական շրջանակներում, իհարկե ոչ այն չափով, որքան անցյալ դարում: Ինչևէ, սա առանձին թեմա է: Դառնանք մեր բուն նյութին:

Կարծում եմ՝ հայ-վրացական հարաբերություններն իրոք արժե քննարկել արդեն այսօր, որովհետև թերևս միտում կա դրանց ակտուալիզացիային հայ-թուրքական հարցի «կարգավորման» ֆոնին: Բայց ի սկզբանե ստանում ենք բավականին անարդյունավետ և փակուղային մի պատկեր, որն ինչ-որ տեղ հիշեցնում է նույն հայ-թուրքական հարցի քննարկումը: Բոլորս կարծես ունենք նախօրոք մշակված ինչ-որ դիրքեր և կանխատեսելի ռեակցիաներ ենք տալիս այս խնդրի շուրջ: Բախվում ենք ազատականներ-ազգայնականներ նույն մտահոգիչ և արհեստական տարանջատմանը: Ազատականներն ավելի վրացամետ, իսկ հայրենասերները՝ ավելի հակավրացական դիրքերից են հակված խոսել: Դա ինչ-որ տեղ բնական է, բայց տպավորություն կա ինքնանպատակ վեճի, երբ կողմերն այնքան էլ հակված չեն լսել միմյանց և հարկ եղած դեպքում վերանայել կարծրացած տեսակետները: Ես, իհարկե, չեմ հավակնում անկոչ հաշտարարի դեր ստանձնելուն: Բայց ստացվում է փակուղային սխեմա: Մեկը՝ «երրորդ ուժի գործակալ», մյուսը՝ «վրացական լոբբի»: Վախենամ, թե սա ազգային շատ բնորոշ բաժանում է: Երբ քննարկվում է արտաքին որևէ սուբյեկտի հետ հարաբերությունների հարց' հայ-թուրքական, հայ-վրացական, հայ-ռուսական, հայ-եվրոպական և այլն, միշտ տպավորություն կա, որ բանավիճում են ոչ այնքան հայերը թուրքերի, վրացիների հետ և այլն, որքան հայերը հայերի հետ: Հայկական երկու կողմերն էլ թերևս ավելի հեշտ լեզու կգտնեն արտաքին սուբյեկտի, քան միմյանց հետ: Իհարկե այս ամենը բավական վերացական է հնչում, թեկուզ տեսականորեն ճիշտ է:

Ի՞նչ անել: Խնդիրը ոչ թե ինչ-որ լղոզված կոմպրոմիս գտնելն է, այլ համատեղ ջանքերով ավելի արդյունավետ լուծումների փնտրտուքը: Եթե բոլորս համաձայն ենք, որ հայ-վրացական հարաբերությունների սրումը մեզ ոչ այս պահին, ոչ էլ երկարատև ռազմավարական տեսակետից ձեռնտու չէ, իսկ մյուս կողմից էլ հասկանում ենք, որ ձևացնել, թե խնդիր չկա այն դեպքում, երբ հակահայկական ակտերը Վրաստանում բավականին հաճախակի են տեղի ունենում, և երկու ժողովուրդների եղբայրության մասին ավանդական բաժակաճառերի մակարդակով այդպիսի հարցերը չեն լուծվում, պետք է փնտրել այնպիսի մարտավարություն, որն իրապես պաշտպանի հայկական շահերը, և միաժամանակ գործիք չդառա որևէ երրորդ ուժի համար: Այսինքն, հայ-թուրքականի օրինակով, չընկնենք թուրքերի գիրկը՝ ուրանալով բոլոր սրբություններն ու ոտնահարելով ազգային արժանապատվությունը, ոչ էլ հակառակը՝ «հայդատական» վիճակի մեջ տապակվենք: Ցավոք, հայ-թուրքականի առումով կարծես այդ միջին սթափ դիրքը գտնել չստացվեց: Կարելի է փորձել գոնե հայ-վրացական հարաբերությունների համատեքստում: Կարճ ասած, խնդիրն այստեղ էլ հայաստանակենտրոն տեսակետի փնտրտուքի մեջ է:

Եթե այսքանն էլ դեռ շատ վերացական է թվում, հայցում եմ ընթերցողի ներողամտությունը, բայց իմ նպատակը ոչ թե պատրաստի լուծումներ առաջարկելն էր, այլ միասին մտածելու առաջարկ:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Այս խորագրի վերջին նյութերը