Աշխարհ

26.04.2016 17:25


Ամալ Քլունի. «Նրանց թվում է, թե միայն հայը կարող է դատարանում Բաքվի դեմ գործել»

Ամալ Քլունի. «Նրանց թվում է, թե միայն հայը կարող է դատարանում Բաքվի դեմ գործել»

«Մի՞թե անպայման պետք է ազգությամբ հայ լինել Ադրբեջանի դեմ ներկայացված հայցը դատարանում պաշտպանելու համար», - երեկ երեկոյան BBC-ին տված հարցազրույցում տարակուսում էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության ազատազրկված լրագրող Խադիջա Իսմայիլովայի շահերը ներկայացնող Ամալ Քլունին:

«[Ադրբեջանի իշխանամետ մամուլի կողմից] իմ դեմ ձեռնարկված այս ողջ հարձակման իմաստը հետևյալն էր` եթե նա մի գործ է վարում Ադրբեջանի դեմ, ուրեմն հաստատ պետք է հայկական ծագում ունենա: Դա պարզապես ծիծաղելի է: Գիտեք, ես դատարաններում բազմաթիվ պետությունների շահեր եմ ներկայացրել, ասենք՝ Կամբոջայի կամ նույն Հայաստանի շահերը: Այդ ամենը, սակայն, որևէ առնչություն չունի ազգային պատկանելության հետ: Ազգությունը որևէ նշանակություն չունի», - «Ազատության» փոխանցմամբ՝ հայտարարում էր մարդու իրավունքների խնդիրներով զբաղվող թերևս ամենահայտնի արևմտյան փաստաբաններից մեկը հանդիսացող Ամալ Քլունին, ով, հիշեցնենք, Հայաստանի կառավարության տեսակետն էր ներկայացնում Դողու Փերինչեքի և Շվեյցարիայի դատական վեճի ընթացքում:

Ինչ վերաբերում է Խադիջա Իսմայիլովայի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացրած հայցին, այս առթիվ Ամալ Քլունին BBC-ի լրագրողի հետ զրույցում բացատրում էր, թե ինչու է ստանձնել ադրբեջանցի լրագրողուհու շահերի պաշտպանությունը:

«Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի անդամ է, սակայն այսպիսի աղաղակող քայլերի է դիմում` ազատազրկելով լրագրողին, որպեսզի նա չկարողանա ճշմարտությունն ասել: Դա ինձ ուղղակի զայրացրեց, և ես սկսեցի մտածել, թե ինչ կարող եմ անել նրան օգնելու համար», - նշում էր Քլունին:

Մանրամասն՝ «Ազատությունում»

Այս խորագրի վերջին նյութերը