Տնտեսական

14.10.2010 15:35


Արա Նռանյան. «Այսօր վերադառնալ նախաճգնաժամային քաղաքականության՝ նշանակում է չհասկանալ ապագա վտանգները»

Արա Նռանյան. «Այսօր վերադառնալ նախաճգնաժամային քաղաքականության՝ նշանակում է չհասկանալ ապագա վտանգները»

ՀՀ ներկա  տնտեսական քաղաքականության և ազգային մրցունակության մասին խոսելիս ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասել է, որ ՀՀ-ի առջև վերջին տարիներին երկու խոշորագույն խնդիրներ ծագեցին՝ հայ-թրքական հարաբերություններն ու ֆինանսատնտեսական ճգնաժամը։ Դրանք բացահայտեցին այդ ոլորտների բացթողումները, հասարակությունն էլ հանեց վարդագույն ակնոցներն ու սկսեց ավելի սթափ նայել իրողությանը։

Նրա կարծիքով՝ ՀՀ-ի առջև կանգնած հիմնական խնդիրն է հասկանալ, թե ինչպես պետք է շարունակել հետագա գործունեությունը։ Հարկավոր է հասկանալ, որ պարզապես անսեռ, անատամ և ոչինչ չասող պետությունից պետք է անցում կատարվի ազգային պետության կառուցմանը, ինչը նշանակում է արտաքին քաղաքականության մեջ վերադառնալ ազգային հստակ ուղեգծին։ Հասկանալի դարձավ, որ տնտեսության նեոլիբերալ այս նմուշն արդյունավետ լինել չի կարող։

-Հայաստանի Հանարապետությունը՝ որպես պետություն, և հայ ժողովուրդը՝ որպես ազգ, պետք է ի վիճակի լինեն մրցունակ լինել ազգերի գլոբալ պայքարում, և առավել ևս դա խիստ ընդգծված է մեր տարածաշրջանում,-ասել է Ա. Նռանյանն ու ընդգծել, որ ՀՀ-ն սխալ է գործում՝ մեր ազգի և պետության մրցունակությունը մշտապես դնելով կովկասյան երեք հանրապետությունների համեմատության մեջ։ Դա, նրա խոսքերով, տանելու է փակուղի,  այնինչ Հայաստանը պետք է մրցունակ լինի աշխարհի հզոր պետություններին զուգահեռ, ինչի ներուժը ունի։

Նա նշել է, որ չնայած Հայաստանն այսօր Ազգային մրցունակության խորհուրդ ունի, սական վերջինն զբաղվում է հիմնականում Տաթևի վանքով, ճոպանուղու կառուցմամբ և բարձր տեխնոլոգիաներով, որոնք շատ կարևոր են, սակայն դեռևս ազգի մրցունակություն չեն։

ՀՅԴ-ի ներկայացրած ազգային մրցունակության ուղենիշները բաղկացած են երեք մասից՝ ժողովրդավարության հաստատում և անցում ազգային պետության, ազգային ուղեգծի վերականգնում և տնտեսության նեոլիբերալ նմուշի փոփոխություն։

Արա Նռանյանը նշել է, որ Հայաստանում ձևավորվել է մի մթնոլորտ, որտեղ դժգոհ են բոլորը, որովհետև ոչ ոք ապագայի երաշխիքներ չի տեսնում, և բոլորն ապրում են որոշակի լարվածության պայմաններում։

-ՀՀ-ում իրավիճակը կփոխվի այն ժամանակ, երբ ի հայտ կգա մի սերունդ, որը պատրաստ կլինի գնալ զոհողությունների և որն իսկապես պատրաստ կլինի զոհաբերել իրեն հանուն ապագա սերունդների,-ասել է Արա Նռանյանը։

Նա նաև նշել է՝ իրենց մտահոգում է, որ կառավարության ներկայացուցիչները հայտարարում են, թե արդեն կարող են վերադառնալ նախաճգնաժամային քաղաքականությանը և ընդլայնողական քաղաքականություն չեն իրականացնելու։

-Այսօր վերադառնալ նախաճգնաժամային քաղաքականության՝ նշանակում է չհասկանալ ապագա վտանգները։ Վտանգը հետևյալն է. տարբեր զարգացած պետություններ նույնպես սկսում են սահմանափակել միջամտությունը տնտեսական քաղաքականությանը, և դա կարող է դանդաղեցնել տնտեսական աճը։ Եթե հաշվի առնենք, որ այնտեղ անկումը եղել է մի քանի տոկոս, և իրենք կարող են բավարարվել աճի ավելի փոքր տեմպով, ապա Հայաստանում անկումը շատ ավելի մեծ է եղել, և եթե ԵՄ-ում կամ ԱՄՆ-ում սպասվող տնտեսական աճի դանդաղեցումը տեղի ունենա, ապա Հայաստանը լուրջ խնդիրներ կունենա,-ընդգծել է Ա. Նռանյանը։

Այդ իսկ պատճառով կառավարությունը, նրա համոզմամբ, պետք է քայլեր ձեռնարկի ՀՆԱ-ն իրականում ավելացնելու ուղղությամբ։

-Մենք ոչինչ չենք անում ՀՆԱ-ի աճի ավելացման ուղղությամբ, սակայն փորձում ենք ամեն ինչ անել այդ նույն պայմաններում ավելի շատ հարկեր հավաքելու համար,-ասել է Արա Նռանյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը