Տնտեսական

25.04.2016 14:58


Մարտ ամսին Արարատյան հարթավայրում գրանցված ցրտահարությունների հետևանքների վերաբերյալ

Մարտ ամսին Արարատյան հարթավայրում գրանցված ցրտահարությունների հետևանքների վերաբերյալ

Հանրապետությունում մարտ ամսվա առանձին օրերի ընթացքում արձանագրված բացասական ջերմաստիճանների արդյունքում հիմնականում վնասներ են գրանցվել Արմավիրի և Արարատի մարզերում, որտեղ տուժել է ծիրանենու բերքը: Առավել մեծ չափով տուժել են Արմավիրի մարզի համայնքների գյուղացիական տնտեսությունները: Մարզի Արմավիրի և Էջմիածնի տարածաշրջաններում, Բաղրամյանի տարածաշրջանի առանձին համայնքներում բերքի կորուստը կազմել է 50-80, իսկ որոշ համայնքներում` նույնիսկ ավելին:

Արարատի մարզի Արարատի տարածաշրջանում ծիրանի բերքի կորուստը գնահատվում է 20-40%, Արտաշատի տարածաշրջանում` 40-70%, Մասիսի տարածաշրջանում` 40-50%, իսկ «Զվարթնոց» օդանավակայանին հարակից (այդ թվում նաև Էջմիածնի տարածաշրջանի) առանձին համայնքներում, որտեղ ծիրանենին հիմնականում մշակվում է տնամերձ հողամասերում` 60-90%: Բերքի որոշակի կորուստներ կան նաև Վայոց ձորի մարզի 2-3 համայնքներում:

Ընդհանրացնելով տուժած համայնքներում մասնագետների կողմից ծիրանի բերքի կորուստների վերաբերյալ կատարված ուսումնասիրությունների արդյունքներն ու հաշվարկները, ինչպես նաև համադրելով մնացած տարածաշրջաններում սպասվող բերքի վերաբերյալ տվյալները` հանրապետությունում 2016 թվականին կանխատեսվում է 45-55 հազար տոննա ծիրանի բերք: Նշված ծավալները կարող են որոշ փոփոխությունների ենթարկվել` պայմանավորված մայիս ամսվա կեսերին երբեմն դիտվող բնական պտղաթափով: Կա ևս մեկ կարևոր գործոն, որը կարող է արդյունքների վրա դրական ազդեցություն ունենալ. ծառերի թույլ ծանրաբեռնվածության դեպքում ձևավորվում են անհամեմատ ավելի խոշոր և բարձրորակ պտուղներ, որի շնորհիվ բարձրանում է ապրանքայնության մակարդակը, և զգալիորեն մեղմվում են կորուստները:

Ծիրանի ընթացիկ տարվա սպասվող բերքի վերաբերյալ առավել հստակ տեղեկություններ կտրվեն մայիսի երկրորդ տասնօրյակին:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը