Աշխարհ

24.04.2016 18:10


Թբիլիսիում կայացավ «Մենք հիշում ենք և պայքարում հանուն արդարության» ցույցը

Թբիլիսիում կայացավ «Մենք հիշում ենք և պայքարում հանուն արդարության» ցույցը

Ապրիլի 24-ին Թբիլիսիում` Հավլաբարի հայկական եկեղեցուն հարակից Երևանյան պուրակում, կայացավ 1915-23թթ. հայ ժողովրդի Ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված ցույցը: Թուրքիայի ցեղասպան քաղաքականության դեմ իրենց բողոքն արտահայտելու համար հավաքված հազարից ավելի ցուցարարները կոչ արեցին նաև Վրաստանին միանալ միջազգային քաղաքակիրթ հանրությանը, ճանաչել և դատապարտել 1915-23թթ. Ցեղասպանության փաստը:

Ցույցի մասնակիցները հերթական անգամ հաստատեցին Հայ դատի արդար լուծման համար պայքարը շարունակելու իրենց պատրաստակամությունը: Ի նշան հայ ժողովրդի միասնականության` ցույցի ընթացքում առաջին անգամ ծածանվեց Ազատ և Անկախ Արցախի դրոշը:

2016թ.-ի ապրիլի 24-ին լրանում է 1915-23թթ.-ին Թուրքիայի կառավարության կողմից իր իսկ պատմական Հայրենիքում պետական մակարդակով ծրագրված և իրականացված հայ ժողովրդի Ցեղասպանության ակտիվ փուլի մեկնարկի 101-րդ տարելիցը:

1915-23թթ. իրագործված հանցագործության արդյունքում հայ ժողովուրդը կորցրեց ավելի քան 2 000 000 իր որդիներին և դուստրերին, իսկ Հայաստանի մեծ մասը բռնագրավվեց հայ ժողովրդի ոչնչացումն իրականացրած պետության` Թուրքիայի կողմից: 1915-23թթ. Թուրքիայի կողմից իրականացրած հանցագործությունը որակավորվում է որպես Ցեղասպանություն` հանցագործություն մարդկության դեմ:

Այսօրվա դրությամբ 1915-23թթ. Ցեղասպանության փաստը ճանաչված է, իսկ նրա կազմակերպիչը` Թուրքիան, դատապարտված է 20-ից ավելի առաջատար երկրների կողմից: 2015թ. Եվրոպական Միության Խորհրդարանն ընդունեց հերթական բանաձևը, որը կոչ է անում Թուրքիային ճանաչել իր պատմությունը և պատասխանատվություն կրել կատարած հանցագործության համար:

Վրաստանի հայ համայնք

Այս խորագրի վերջին նյութերը