Հարցազրույց

15.10.2010 01:00


Լևոն Շիրինյան

Լևոն Շիրինյան

Հարցազրույց քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ

-Մենք այսօր մի կողմից ունենք խիստ քաղաքականացված հասարակություն, իսկ մյուս կողմից էլ, որքան էլ տարիօրինակ է, քաղաքական գնահատականներում հաճախ մեր հասարակությունը սխալվում է։ Դա ինչի՞ հետևանք է։

-Ընդհանուր առմամբ սա հետևանք է հետխորհրդային տարիներին տեղի ունեցած զարգացումների։ Մի խնդիր կա, որ բոլորս պետք է լավ հասկանանք. ոչ թե ազգային պետություններն առաջացան հեղափոխությունների, բնական գործընթացների զարգացման հտևանքով, այլ Մոսկվայում ինչ-ինչ պատճառներով որոշում կայացրին, որ Խորհրդային Միությունն այլևս չպիտի լինի։ Մի խոսքով, եղավ մի բան, որը տեղի ունեցավ կառավարելի քաոսի շրջանակներում։ Սա ոչ դասական իմաստով բերեց պետությունների կազմավորման ընթացքին, և հասարակության մի մասը քաղաքականացավ, մի մասը չքաղաքականացավ, մի մասը անհաղորդ մնաց երկրում տեղի ունեցող գործընթացներին, որը մեզ համար ազգային ազատագրական պատերազմն էր, մյուսը տեսավ սով ու աղքատություն, թալան։ Այս միտումները մնացին մինչև մեր օրերը։ Հայաստանում չձևավորվեց այն մտավոր քաղաքական էլիտան, որը գործընթացը կտաներ հասկանալի, ըմբռնելի և համազգային, պետական շահերի գիտակցումով։ Մի խոսքով, սրանք առաջացրեցին գործընթացներ, որոնք իրենց յուրահատկությունը բերեցին, ինչի մասին դուք հարցնում եք։  Եվ երկրորդ, քանի որ տեղի ունեցավ ոչ թե ունեցվածք ունեցողների բնականոն զարգացումը, այլ վերևից կարգավորվեց սեփականության վերաբաժանումը, համապետականը վերածվեց մասնավորի, սա էլ իր հերթին բերեց որոշակի քաոսային իրավիճակի և էլիտաների արհեստական խմբավորումների։ Բայց մի բան էլ կա. մենք քաղաքականապես զարգացած ժողովուրդ չէինք։ Հայ ժողովուրդը հետխորհրդային տարիներին ցույց չտվեց զարգացման բարձր մակարդակ։ Մեր վատն այն է, որ խմբային շահը գերակայեց, և Հայաստանը դարձավ կլանային պետություն։ Հիմա խնդիր կա այդ կլանները հաղթահարելու։ Բոլորս մի բան պետք է գիտակցենք, բայց նախևառաջ՝ հանրապետության բարձր ղեկավարությունը. որ այս բոլորը սպառնալիքներ են մեր ազգային անվտանգությանը։ Մենք տարածաշրջանում ակնհայտորեն հետ ենք մնում մյուս երկրներից։ Մենք բոլոր հնարավորություններն ունենք, բայց ես կարծում եմ, որ բարձրագույն  քաղաքական ղեկավարությունը կա՛մ դա չի գիտակցում, կա՛մ չի ուզում։ Երկուսն էլ վտանգավոր են։

-Չե՞ք կարծում, որ կառավարելի քաոսի պայմաններում շատ հեշտ է նման հասարակությանը քաղաքական մանիպուլյացիայի ենթարկել։

-Այո՛, հեշտ է։ Բայց Հայաստանում իշխանության բավական  հստակ ռեսուրս կա, իշխանության պաշարը շատ բարձր է. 2008-ի մարտին դա ապացուցվեց։ Եթե մենք թույլ լինեինք, վստահ եղեք, որ Ադրբեջանն ու Վրաստանը հիմա մեզ հոշոտել էին։ Բայց սա չի նշանակում, թե մենք կարող ենք այսպես երկար մնալ։ Մենք ժամանակի մեջ տանուլ կտանք։ Նախագահն իր թիմով և ընդդիմությունն էլ իր թիմով պետք է Հայաստանի զարգացման և ճգնաժամի հաղթահարման համատեղ ծրագիր ունենան, ոչ թե՝ բլեֆի համար։ Մեր կազմակերպվածության աստիճանը չափազանց ցածր է։

-Ընդունո՞ւմ եք, որ տիտղոսակիր ընդդիմությունն ու իշխանությունը գաղափարական տարաձայնություններ գրեթե չունեն թե՛ ներքին, թե՛ արտաքին հարցերում։

-Նախ պետք է հասկանալ, թե ընդդիմությո՞ւնն ով է։ Եթե Կոնգրեսին նկատի ունենք, ապա նրա գաղափարական պլատֆորմը լիբերալիզմն է։ Իշխանության ընդհանուր տեսական-գաղափարական պլատֆորմը ևս լիբերալիզմն է՝ մի քիչ թվացյալ ազգայնականությամբ՝ նժդեհականությամբ, որն ըստ էության որևէ դեր չի խաղում, բացի թատերական ներկայացումից։ Նրանք գաղափարական-քաղաքական պլատֆորմի իմաստով հակասություն չունեն։ Ուղղակի կան խմբեր, որոնք նախկին և այժմյան օլիգարխներ են, ընտանիքներ են փոխվել, բայց այս դեպքում կառուցվածքը չի փոխվում, փոխվում են դերակատարները, նույն մեքենայի մեջ տարբեր տեղեր են նստում։ Մնացած ընդդիմությունն ո՞վ է։ Դաշնակցությու՞նն է ընդդիմությունը։ Նա ի՞նչ ընդդիմություն է։ Դաշնակցությունն այս տարիներին կարողացել է իշխանության հետ ընդդիմության ճանապարհներն ինչ-որ տեղ փակել՝ զբաղեցնելով մի տեղ, որն իրենը չէ։ Երկու լիբերալ ուժեր՝ ընդդիմությունն ու իշխանությունը, գործը տանում են առաջ, իսկ սոցիալիստական կուսակցությունն անհասկանալի պատճառով չի կարողանում սոցիալիստական քաղաքականություն վարել։

-Դուք ասում եք, որ տիտղոսակիր ընդդիմության և իշխանության միջև գաղափարական ոչ մի հակասություն չկա։ Գաղափարական այլընտրանքի անհրաժեշտություն չկա՞ այս պահին։

-Մեզ պետք է մի բան՝ նորմալ հայ՝ նորմալ գաղափարախոսությամբ, որն իր ազգային ավանդույթների տրամաբանությամբ և իր աշխարհագրական միջավայրի տրամաբանությամբ կվերակառուցի և՛ հասարակությունը, և՛ պետությունը։ Այն կազմակերպությունը, որն այդ տեղը պետք է զբաղեցնի, ձախ-կենտրոն է կոչվում։ Այսօր Հայաստանում ձախ-կենտրոն տեղում տեսականորեն Դաշնակցությանն է, բայց նա չի զբաղեցնում իր տեղը։ Ուրեմն այդ նիշն ով կզբաղեցնի, Հայաստանը կտանի առաջ և կծաղկեցնի։ Բայց այսօր ես դեռ այդ ուժը չեմ տեսնում։

Զրույցը վարեց Սյուզի Մելքոնյանը

Այս խորագրի վերջին նյութերը