Մեկնաբանություն

27.04.2016 20:10


Սասունցի սակրավոր Հովսեփը (տեսանյութ)

Սասունցի սակրավոր Հովսեփը (տեսանյութ)

Եղբորս՝ ապրիլի 2–ին Մատաղիսի մարտերի ժամանակ զոհված կապիտան Հովսեփ Կիրակոսյանի հիշատակին (ցավոք, վերջին շրջանում, օբյեկտիվ հանգամանքներից ելնելով, քիչ ենք համատեղ նկարվել. հոդվածին կից նկարը նրա ուսանող ժամանակվա է)։

Նա չեկավ, ինչպես խոստացել էր:

Հովսեփին բերեցին զինվորները։ Ձեռքերի վրա: Երբ եղբորս իջեցրեցին, զինվորական հրահանգ հնչեց. «Ճանապա՛րհ տվեք, հերոսին ենք բերում»:

Ի՜նչ հերոս ... մենք մեր տղային էինք սպասում, մեր եղբորը, երկու հրաշք բալիկների հորը, մեր սիրելի, մեր հպարտ, մեր բարի, ժպտերես, մեր քաջ Հովսեփին:

Խոստացավ ու չեկավ...

Ապրիլի 2-ից առաջ դեռ տանը՝ Մատաղիսի իր նոր բնակարանում, ուր այդպես էլ չհասցրեց ապրել, ամբողջ գիշեր ծխել էր ու անհանգիստ քայլել: Մարիամին՝ կնոջը, ոչինչ չէր ասել: Ժամը 3–ին, երբ հարևանները գոռալով ասել էին՝ պատերազմ է, զանգահարել էր զիվորական ընկերոջը, ասել. «Թուրքը եկել հարսանիք ա անում, պարում ա, արի գնանք տեսնենք՝ մենք ինչ պար ենք պարում»:

Հովսեփը կնոջն ու երեխաներին գիշերազգեստով, առանց կոշիկի ու տաք հագուստի իջեցրել էր նկուղ ու վազել: Սա նրա ողջ մնացած ընկերներն ու կինն են պատմում։

Ժամեր անց՝ վաղ առավոտյան, Հովսեփը զանգել էր եղբորը ու խնդրել, որ կնոջն ու երեխաներին տեղափոխի Հայաստան: Ավելի ուշ, երբ հասկացել էր, որ թշնամին առաջ է գալիս, և սպասելու ժամանակ չկա, զանգել էր Մարիամին, խնդրել, որ երեխաներին փրկի և հասցնի Ստեփանակերտ: Մարիամի խնդրանքը, որ հենց Հովսեփը տեղափոխի իրենց, կապիտանը մերժել էր, ասել, որ իր տեղն այս պահին իր զինվորի կողքին է:

«Իմ զինվորներն էլ իմ երեխաներն են, իրենց եմ պետք, դու ուժեղ ես, իմ կինն ես, կարող ես մենակ երեխաներին տեղ հասցնել, խնդրում եմ, փրկի՛ր զավակներիս: Դուք գնացեք, ես կգամ» ...

Մարիամը, ահաբեկված ու խուճապի մեջ, երեխաների՝ երկուամյա Էրիկի և երեքամյա Գեղամի հետ, դուրս է եկել շենքի նկուղից, իր հետ նաև՝ նկուղում եղած այլ զինվորականների կանայք, մեկը՝ հղի, մեկը՝ նորածին երեխայի հետ, առանց վարել իմանալու առաջին պատահած մեքենայով կրակոցների ու արկերի տակ մի կերպ փախել էին Մատաղիսից: Մարտակերտում նրանց արդեն դիմավորել ու տարել էին Ստեփանակերտ:

«Դուք գնացեք, ես անպայման կգամ... »:

Սրանք վերջին բառերն էին Հովսեփի: Մարիամին ու հետո նաև մեզանից ոչ մեկի այլևս չհաջողվեց կապ հաստատել Հովսեփի հետ:

Մարիամը չգիտեր, որ վերջին անգամ էր տեսնում սիրելի ամուսնուն, չգիտեր, որ հետո կտեսնի, բայց չի խոսի, կտեսնի միայն հրաժեշտ տալու պարտադրանքով ու «Հո՜ս, քեզ շատ եմ սիրում»-ին։ Կապիտանը միայն լուռ, հպարտ ու անկենդան կժպտա:

«Հո՜ս, դու հավերջ կմնաս իմ սրտում, Հո՜ս»,–սրանք էլ վերջին բառերն էին, որ իր հետ տարավ Հովսեփը իր սիրելի Մարիամից:

Ապրիլի 2: Ժամը 4–ն էր, երբ մյուս եղբայրս՝ Արթուրը, ով արդեն Մատաղիսում էր, զանգեց ու գոռում էր, օգնություն աղաչում Հովսեփի համար: Չիմանալով՝ ինչ բժիշկ է հարկավոր, զանգեցի Անդրանիկին՝ ամուսնուս, ու ասացի, որ շտապ գտնի իր ծանոթ վիրաբույժներին և գնա Մատաղիս (հետո միայն պարզվեց, որ Անդրանիկը Ղարաբաղի զինվորական շրջանակներից արդեն իմացել էր, որ Հովսեփը զոհվել է, բայց չէր ուզում ինքն այդ լուրը մեզ հայտնել):

Ավելի ուշ ծանոթ բժիշկ գտանք Ստեփանակերտում, ում միջոցով տեղեկություն էինք ստանում Հովսեփի մասին: Մեզ միայն ասացին, որ մեր տղան հերոս է, նա փրկել է իր զինվորներին և անգամ վիրավորվելուց հետո էլ, արնաքամ լինելով, բաց որովայնով կարողացել է հրահանգներ տալ: Ցավոք, վերքերը շատ էին, ներքին օրգանները գրեթե ամբողջությամբ բեկորներով էին: Արյուն շատ էր կորցրել: Մոտ 4 ժամ Արթուրը սպասեց հիվանդանոցում: Վիրահատում էին: Իհարկե, հետո, երբ տեսա Հովսեփի մարմինը, մտածում էի, որ գուցե չեն էլ վիրահատել: 4 ծանր ժամեր բոլորս սպասում էինք: Աղոթում: Քույրս մոմ էր վառել: Հույս ունեինք, որ Հովսեփը մյուս եղբորս՝ Խաչիկի պես ոտքի կկանգնի վիրավորվելուց հետո (Խաչիկը հիմա Ղարաբաղի առաջին գծում ծառայություն է իրականացնում և ամիսներ առաջ մարտերից մեկի ժամանակ վիրավորվել էր, ապա ապաքինվելուց հետո կրկին մեկնել դիրքեր)։ Տանը քար լռություն էր: Միայն երեխաներն էին գնում–գալիս, նայում զարմացած: 4–ամյա տղաս համբուրեց ինձ, ասաց՝ մա՛մ, ինչո՞ւ ես լացում, ո՞վ է նեղացրել, մեխանիկորեն ասացի՝ թուրքը։ Մի անգամ էլ պաչեց, ասաց՝ մա՛մ, մի՛ լացի, ես կգմփացնեմ թուրքին:

Ժամը 8–ին լռությունը պայթեց: Քրոջս վառած մոմը հանգեց: Մայրս ուշագնաց եղավ: Րոպեներ անց Արթուը զանգեց ու, ... միայն ամպրոպի պես ուժեղ մի ոռնոց էր լսվում (այդ ձայնն ամբողջ կյանքում, երևի, դուրս չի գա ականջներիցս) ... Հոսոն չկա ... Հոսոյին չկարողացանք փրկել... վա՜խ, Հոս ջան ...

Արթուրս գժվել էր: Կանգնել էր Մատաղիսից Ստեփանակերտ ճանապարհին ու գոռում էր: Չկաաաաա Հոսոն....... ոնց ասեմ մորս, հորս, Մարիամին, որ Հովսեփին չկարողացա փրկել: Ո՞ւր են ձեր աստվածները... ինչո՞ւ չփրկեցին ...Ես էլ Արթուրին չէի կարողանում փրկել: Հեռախոսով միայն Արթուրի կոկորդը պատռող ձայնն էր ու մեկ էլ կրակոցները, որ լսվում էին, երբ նրա ձայնը նվաղում էր:

Թե ինչ հետո կատարվեց, ոչինչ չեմ կարող պատմել: Բոլորը ցավից գժվել էին... բժիշկներ...շտապ օգնություն... հոգեբաններ, հոգեթերապևտներ... հեկեկացող զինվորներ... հողն իրենց գլխին լցնող հարազատներ ու գյուղացիներ... այո, գժվել էինք բոլորս: Ցավոք, ապրիլյան 4–օրյա պատերազմի հետևանքով շատ ընտանիքներում էր այս դժոխքը: Հիմա որդի կորցրած հայրերն ու մայրերը գալարվում են ցավից, ավելի ուշ, երբ ցավը բթանա, շատ հարցեր կան, որոնց պատասխանները պահաջելու ենք և պետք է լսենք: Պարտավոր ենք պատասխան պահանջել ու պատասխան քայլ կատարել:

Ինչուներն ու ինչպեսները շատ են: Ինչո՞ւ ամենաբարձր մակարդակներով լկտիաբար ու առանց ամաչելու հայտարարում են, որ գիտեին՝ ինչ էր լինելու, ու սպասում էին թշնամու հարձակմանը, իսկ սահմանին կանգնած զինվորը, սպան, հրամանատարը չգիտեին, իսկ ինչո՞ւ չէին պատրաստվել, ինչո՞ւ չէին զինել, իսկ ինչո՞ւ մեր տղաները, մեր լավագույն տղաները միայն իրենց կրծքով կանգնեցին թշնամու առաջ: Ոչ ոք պատերազմ չի ուզում, պատերազմի աչքերը մեծ են ու թաց, բայց պատերազմից չի կարելի վախենալ, դա է պահանջում խաղաղության կանոնը։ Կարելի է կռվել ու զոհվել հայրենիքի համար, բայց չի կարելի օդից թափվող կրակի դեմ միայն մարմին հակադրել: Ինչո՞ւ «վերևներում» դավաճանեցին առաջնագծում կանգնած քաջերին: Այդ ինչո՞ւ և այդ ինչպե՞ս...

Հովսեփը մեզանից լավագույնն էր: Ամենասիրունը, ամենաքաջը, ամենաբարին, ամենավեհը, ամենահպարտը, ամենավառը: Կյանքով լեցուն: Ամեն րոպեն, ամեն ժամը՝ մի երազանք: Հովսեփը շտապում էր միշտ:

Երբ սիրահարվել ու ամուսնանալ էր ուզում, մայրն ասում էր՝ դե մի շտապի, Հոս ջան, կամուսնանաս, էլի: Ասեց՝ չէ, հիմա, մամ ջան, գիտես՝ ո՜նց եմ սիրում Մարիամին: Ամուսնացավ, երկու որդի ունեցավ: Մի աղջիկ էլ էր ուզում: Չհասցրեց:

Հովսեփը մեր գեներալն էր: Դեռ մի քանի տարեկան էր, ասում էր՝ գեներալ եմ դառնալու: Ծիծաղում էինք բոլորս: Ասում էր՝ գեներալ եմ դառնալու, բոլորդ ինձանով հպարտանաք: Սասունցի պապս, ում անունն էր կրում Հովսեփը և ումից հպարտությունն ու քաջություններ էր ժառանգել արյամբ, միշտ ասում էր՝ բալա, պիտի լավ մարդ դառնաս, մե՜ծ մարդ, որ իմ անունը բարձր պահես, դու սասունցու թոռ ես, լաո՜:

Հովսեփ պապիս անունը Կիրակոսյան Հովսեփ թոռը հավերժացրեց: Երբ հակադրվելով մորը, հորը, բոլորիս՝ Հովսեփը ընդունվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա, արդեն ոչ մեկս չէինք կասկածում, որ գեներալ կդառնա: Երեք ամսից արդեն մայորի կոչում էր ստանալու: Ուրախ էր շատ, հպարտ, ասում էր՝ 28 տարեկանում մայոր կլինեմ:

Մինչև 28–ը ապրիլի 2-ն էր: Հովսեփը չգիտեր, որ պիտի հերոսանար: Չգիտեր, որ մայորի ու գեներալի փոխարեն հերոս է դառնալու:

Հովսեփը, այո, փրկեց իր 25 զինվորների կյանքը: Նա զինվորներին բոլորին դուրս էր հանել վաշտից, և րոպեներ անց թշնամին զորամասը պայթեցրել էր: Միայն Հովսեփը չփրկվեց: 25 երիտասարդների նա նոր կյանք տվեց, 25 մոր աչքեր փրկեց արցունքից, 25 մայր փրկեց սևից Հովսեփը, ու միայն իր մայրը սևսիրտ դարձավ: Նա թողեց իր երկու զավակներին և պաշտպանեց իր 25 տղաներին: Այս ամենը ես իմացա արդեն ավելի ուշ, Մուրացանի զինվորական հոսպիտալում, ուր եղբորս հետ գնացել ու խելագարի պես Մատաղիսում վիրավորվածների մեջ փնտրում էինք մեկին, ով կիմանար Հովսեփի մասին: Ու պատահական գտանք ընկերոջը: Սենյակում երկար ու քար լռություն էր: Հովսեփի մարտական ընկերը, զիվորականին վայել հավասարակշռությամբ ու հանդարտությամբ, երկար լռությունից հետո հավաքեց ուժերն ու պատմեց Հովսեփի մասին: Նա ասաց, որ Հովսեփի հետ մի անգամ չէ, որ մահվանը հաղթել են:

Մի ագամ գիշերով ականները դնելուց հետո նույնիսկ հետ են գնացել թշնամու գյուղ. բան էին մոռացել տղաները: Ընկերը ծխում էր և հետո դժվա՜ր-դժվա՜ր խոսում: Ծխի հետ դեպի առաստաղ էին բարձրանում դաժան մարտերի տեսարանները, ընկերներին կորցնելու վիշտն ու ծանր, խոր վերքերի ցավը: Հովսեփի հետ դեռ ձուկ բռնելու պիտի գնային: Հովսեփի ընկերոջ վրա նռնակ էին նետել: Մարմինն ամբողջությամբ վնասվել էր: Նա Հովսեփին տեսել էր վիրավորվելուց հետո. ասաց ու փակեց աչքերը: Ասաց՝ հրաշքը կարող էր միայն փրկել Հոսոյին: Բայց հրաշք չեղավ:

Հովսեփին տարան զինվորները՝ ձեռքերի վրա, բարձր, շատ բարձր ծափահարություններով, ինչպես վայել է հերոսին: Իսկ Հովսեփը մեզ հրաժեշտ տվեց հպարտ, խաղաղ, լուսավոր, սիրուն ու ժպիտը դեմքին, ինչպես որ կար։ Մորը, հորը, կնոջը, քույրերին, եղբայրներին, իր հրաշք զավակներին ու բոլորին թողնելով միայն իր անսահման լույսը ու մեկ էլ հերոսի կոչումը:

Ղարաբաղի հողը մեզ համար նորովի սրբացավ, և այն, ինչ ոմանց համար մի երկու–երեք հարյուր մետր հող է ընդամենը (իրականում ավելի շատ ենք զիջել. Հովսեփի ողջ մնացած ընկերները և մեր ծանոթ ղարաբաղցիները, ովքեր Թալիշից ու Մատաղիսից են, ասում են, որ ադրբեջանցիները մեր մի քանի դիրք վերցրել են ու հայտնվել Թալիշի գլխավերևում՝ կրակակետի տակ պահելով ամբողջ գյուղը), որը կարելի է զիջել թշնամուն, մեզ համար թանկ է, մեր տղայի արյունով է ներկված այդ հողը, մեկ միլիմետրն անգամ թանկ է ու կարևոր, մենք շատ թանկ ենք վճարել այդ հողի համար, մենք մեզանից լավագույնների կյանքով ենք պահել այդ հողը:

Հովսեփն իր զավակների համար ավելի լավ հայրենիք էր ուզում, Հովսեփն իր զավակների համար էր պայքարում առաջնագծում, նա սակրավոր էր, սասունցի սակրավոր Հովսեփը, ինչպես ասում էին նրան Ղարաբաղում։ Իր ամեն օրը կյանքի ու մահվան եզրագծին էր, նա համարձակ էր ու քաջ, նա իր որդիներին սահմանին էր մեծացնում, նա իր որդիների համար օրինակ էր և է։ Նա հավատում էր, որ վաղը ավելի լավ Հայաստան է լինելու, նա ուզում էր, որ իր որդիները ապրեն հզոր, խաղաղ ու զարգացած երկրում:

Հովսեփն իր զավակներին չի մեծացնի: Էրիկին ու Գեղամին կմեծացնենք մենք: Ու մենք պարտավոր ենք նրանց տալ այն Հայաստանը, որին հավատում էր Հովսեփը, որի համար հերոսացավ Հովսեփը: Էրիկն ու Գեղամը պետք է ապրեն Հովսեփի երազած հայրենիքում՝ հզոր երկրում՝ խաղաղ երկնքի տակ:

Էլմիրա Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը