Լրահոս

09.02.2011 10:38


ԱՄՆ–ը Եգիպտոսի ճգնաժամը հաղթահարելու համար գործողությունների ծրագիր է մշակել

ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենն իր եգիպտացի գործընկեր Օմար Սուլեյմանին իշխանության փոխանցման այսպես կոչված «գործողությունների ծրագիր» է ներկայացրել։ Այս մասին հայտնի է դարձել երկու փոխնախագահների հեռախոսազրույցից։ Ինչպես հայտնում է BBC-ին՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահի վարչակազմի մամուլի ծառայությանը, առաջնահերթ գործողությունների ցանկը կազմել է Սպիտակ տունը՝ որպես առաջարկություն Եգիպտոսի հասարակության ժողովրդավարացման ճանապարհին։

Ջոզեֆ Բայդենը Եգիպտոսի փոխնախագահին խորհուրդ է տվել կառավարությունում ընդդիմադիր ուժերին լայն ներկայացվածություն ընձեռել։ Ըստ ամերիկյան ծրագրի՝ այն պետք է նախաձեռնել «անհապաղ և անշրջելի»։

«Գործողությունների ծրագիրը» նաև  Եգիպտոսի ներքին գործերի նախարարությանը խորհուրդ է տալիս անմիջապես դադարեցնել լրագրողների և քաղաքական գործիչների ձերբակալություններն ու բռնությունները, քաղաքացիներին հավաքների ազատության և համոզմունքների արտահայտման իրավունք տալ։

Հավելենք նաև, որ այդ հեռախոսազրույցից ժամեր առաջ Օմար Սուլեյմանը ցուցարարներին կոչ էր արել դադարեցնել բողոքի գործողությունները՝  նշելով, որ իշխանություններն այլևս չեն կարող հանդուրժել այդ անկարգությունները, և որ երկրի նախագահ Հոսնի Մուբարաքն էլ չի պատրաստվում հրաժարական տալ ու պաշտոնավարելու է մինչև ժամակետի ավարտը։

Բացի դա, երեկ Եգիպտոսի բանտերից ազատ են արձակվել 34 քաղբանտարկյալներ, և  սա երկրի իշխանությունների կողմից բարեփոխումներ իրականցնելու առաջին քայլն է։

Այս խորագրի վերջին նյութերը