Լրահոս

04.12.2009 09:50

ՀԱԿ-ը՝ ԵԱՀԿ նախարարական հայտարարության վերաբերյալ

Հինգ նախարարների (ներառյալ ՀՀ արտգործնախարարի) դեկտեմբերի 1-ի համատեղ հայտարարությամբ, իսկ այնուհետեւ Աթենքում կայացած ԵԱՀԿ-ի նախարարական խորհրդի 56 երկրների կողմից որպես պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող հայտարարությամբ հայաստանի Հանրապետությունը ստորագրել է մի փաստաթղթի տակ, որում հանձն է առել արագորեն հասնել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ համաձայնության, որը հիմնված կլինի Հելսինկիի Վերջնական փաստաթղթի երեք սկզբունքի վրա՝

-ուժի կամ ուժի սպառնալիքի չօգտագործում,

-տարածքային ամբողջականություն,

-ժողովուրդների իրավահավասարություն ու ինքնորոշում։

Այսպիսով, Հայաստանն առաջին անգամ պաշտոնապես իր համաձայնությունն է տալիս, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Տվյալ դեպքում Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ներառումը կարգավորման սկզբունքների մեջ որեւէ կերպ չի մեղմում կամ փոխհատուցում Հայաստանի կողմից արձանագրված նահանջը։ Տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների միաժամանակյա կիրառումը նշանակում է, որ ինչքան էլ բարձր ինքնակառավարման կարգավիճակ ընտրվի Լեռնային Ղարաբաղի համար, այն միեւնույն է՝ իրագործվելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում, այսինքն՝ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է կազմելու ։ Այսպիսով Հայաստանը համաձայնել է Ղարաբաղյան խնդրի մի կարգավորման, որով փակվում է Լեռնային Ղարաբաղի հանրապետության՝ երբեւէ  միջազգայնորեն ճանաչված անկախ երկիր դառնալու որեւէ հեռանկար։

Նման զարգացումը հետեւողականորեն կասեցվում էր 1992 թվականից ի վեր, երբ Հայաստանը, դառնալով ԵԱՀԿ անդամ, մշտապես օգտագործել է վետոյի իրավունքը եւ դրա կիրառման հնարավորությունը՝ միջազգային փաստաթղթերում թույլ չտալու համար որեւէ արտահայտություն կամ դրույթ, ինչը կենթադրեր Ղարաբաղի խնդրի կարգավորումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա։ 1996 թվականին, երբ ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովում փորձ արվեց Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը սահմանափակել Ադրբեջանի կազմում իրագործելու դրույթով, Հայաստանի Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը վետո կիրառեց այդ դրույթի վրա՝ հակառակ միջազգային աննախադեպ ճնշումների եւ ԵԱՀԿ բոլոր մյուս երկրների դիրքորոշմանը։ Նույն պայմաններում այդ հնարավորությունը ուներ նաեւ այս իշխանությունը, որն այդ իրավունքից չօգտվեց։ Զիջողական այս կեցվածքի միակ բացատրությունը Հայաստանի ոչ լեգիտիմ իշխանությունների խոցելիությունն է, ինչը նրանք փորձում են փոխհատուցել միջազգային հանրության հետ Ղարաբաղի հարցում անհարկի զիջումների գնով կնքվող գործարքներով։ Նման քաղաքականության հիմքը դրվել է դեռ 1999թ. Ռ. Քոչարյանի կողմից, որը ստորագրելով Ստամբուլի խարտիան՝ Հայաստանի համաձայնությունը տվեց տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա հակամարտությունների կարգավորման ընդհանրական դրույթին։ Իսկ Աթենքում, ահա, դա, առաջին անգամ, մասնավորացվեց Ղարաբաղյան հակամարտության համար։

Վտանգավոր այս զարգացումների մասին Հայ Ազգային Կոնգրեսը բազմիցս զգուշացրել է երկու տարի շարունակ՝ որպես դրանից խուսափելու միակ տարբերակ համարելով երկրում սահմանադրական կարգի վերականգնումը եւ իշխող վարչախմբի հեռացումը։ Ակնհայտ է, որ վարչախմբի գոյության ամեն օրը Հայաստանին ներքաշում է հայ ժողովրդի շահերից չբխող միջազգային պարտավորությունների տակ, ուստիեւ նրա օր առաջ հեռացումը դառնում է առավել հրատապ։ Հայ Ազգային Կոնգրեսը շարունակելու է իր հետեւողական պայքարը երկրում լեգիտիմ իշխանության ձեւավորման համար, որն ընդունակ կլինի ներկայացնել հայ ժողովրդի շահերը միջազգային ասպարեզում եւ խուսափելու նորանոր կորուստներից։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։