Մեկնաբանություն

19.04.2016 14:45


«Չար Միհրանը և Սերժ Արդարադատը»

«Չար Միհրանը և Սերժ Արդարադատը»

ԴԱՀԿ ղեկավար Միհրան Պողոսյանի հրաժարականն իշխանական քարոզչամեքենան փորձում է ներկայացնել որպես լուրջ բարեփոխում, հակաօլիգարխիկ պայքար և արդարության վերականգնում։

Այնպիսի աղմուկ են բարձրացրել, որ քիչ է մնում՝ Հայաստանում առկա բոլոր խնդիրների պատասխանատու հռչակեն չար Միհրանին ու բոլոր հարցերը համարեն լուծված։

«Սերժ Սարգսյանը սկսել է իրենից և պատժում է անգամ յուրայիններին, որպեսզի օտարները վախենան և վերջ տան կոռուպցիային»,– սրտաճմլիկ հեքիաթներ են պատմում «անկախ» մամուլի միջոցները։

Իրականությունն այն է, որ ոչ մի բարեփոխում էլ չկա, և ոչ մի հակաօլիգարխիկ պայքար չի կարող լինել Սերժ Սարգսյանի կողմից, քանզի նա Հայաստանի թիվ մեկ օլիգարխն է, ում տնօրինած միջոցներն, ըստ տարբեր գնահատականների, հասնում են 10 միլիարդ դոլարի։

Ինչ վերաբերում է յուրայիններին պատժելուն, ապա Սերժ Սարգսյանը յուրային թիմակիցներ, որպես այդպիսիք, չունի։ Նրա համար յուրայիններ են միայն իր ընտանիքի անդամները, որոնց, սակայն, լարված իրավիճակներում ՀՀԿ ղեկավարը պատրաստ է «փուռը տալ» հանուն իր աթոռի։ Այնպես որ, հեքիաթներն այն մասին, թե ԴԱՀԿ–ի պետին հեռացնելով՝ Սերժ Սարգսյանը յուրայիններին է պատժում ու դառնում արդարադատ, պարզապես ծիծաղ են առաջացնում։

«Վերջի բոլշևիկի» համար այսօր ընտրատեղամասում կեղծիք անող «տասովշիկը» շատ ավելի յուրային է, քան Միհրան Պողոսյանն ու մյուսները՝ միասին վերցրած, մանավանդ որ նա պատրաստվում է ունեցվածք խլել միհրաններից։

ՀՀ–ում հաստատված իշխանական հարաբերություններն այնպիսին են, որ միհրաններն ընդամենը թալանի գործիք են, այլ ոչ թե սուբյեկտ։ Նրանք շատ պայմանական հարուստներ են։

Ի դեպ, Միհրան Պողոսյանը պանամական օֆշորներում չէր կարող ման գալ առանց Բ26–ի գիտության։ Ու դեռ պետք է պարզել, թե դրանք ում փողերն են։

Ուրախանալ, որ Միհրան Պողոսյանին հեռացրել են, հետևաբար ձևավորվում է արդարության մթնոլորտ, նշանակում է քաղաքականապես լինել անմեղսունակ։ Դա նույնն է, որ մարդուն ատրճանակով սպանեն և հետո փողոց շպրտեն ատրճանակը, ու դա համարվի արդարության հաղթանակ, քանզի սպանության գործիքը փողոցում է հայտնվել։

Կրկնենք՝ Միհրան Պողոսյանն ու պետական համակարգում առկա մյուս միհրանպողոսյաններն ընդամենը թալանի գործիքներ են։ Այդ գործիքը տնօրինում է ՀՀԿ ղեկավարը, ով փորձում է հակաօլիգարխիկ պայքարի քող տակ կուլակաթափել իր գործիքներին, նրանց շպրտել փողոց, երկրում ձևավորել «Մեկ օլիգարխի տնտեսություն», դառնալ հայկական թուրքմենբաշի և դա հանրությանը ներկայացնել որպես բարեփոխում։ Նա պատրաստվում է բոլորին ու ամեն ինչ զոհաբերել հանուն իր վերարտադրության։ Այնպես որ, բոլոր պաշտոնյաները պետք է իմանան, որ իրենք միհրաններ են, որոնց վրա ամեն ինչ բարդելով՝ Սարգսյանը փորձելու է իր անձնական խնդիրները լուծել։

ՀՀԿ ղեկավարի համար «Միհրան Պողոսյան» են բոլորը՝ Հովիկ Աբրահամյանը, Սեյրան Օհանյանը, Վլադիմիր Գասպարյանը, Գագիկ Խաչատրյանը, Բակո Սահակյանը, Յուրի Խաչատուրովը և այլք։ Նա անգամ հիսուն հոգու անուն է հրապարակել ու «հանրության պահանջով» ուզում է կուլակաթափել նրանց՝ ձգտելով սուլթանական իր պատկերացումներին տալ քաղաքացիական տեսք։

Սակայն ինչքան էլ «Չար Միհրանը և Սերժ Արդարադատը» վերնագրով թամաշա փորձեն ներկայացնել ու կեղծ թիրախներ մատուցել, միևնույն է, այդ ամենը չի կարող ծածկել բոլոր այն խնդիրները, որոնք սրությամբ երևացին չորսօրյա պատերազմի ընթացքում։ Պատերազմ, որի արդյունքում մենք և՛ մարդկային, և՛ տարածքային ցավալի կորուստներ ունեցանք։

Այս հարցերի պատասխանը տալու փոխարեն հանրությանը փորձում են թամաշաներով ու շոուներով շեղել, թե բա՝ տեսեք, Սերժ Արդարադատը բարեփոխում է անում, և եկեք «ներազգային համախմբում» իրականացնենք նրա շուրջ։ Բայց դե, դրանք կարճաժամկետ էֆեկտներ կարող են ապահովել։ Միևնույն է՝ գալու է կոնկրետ հարցերին կոնկրետ պատասխաններ տալու և հաշիվ պահանջելու ժամանակը։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը