Հարցազրույց

03.12.2009 22:39


Արմեն Ռուստամյան

Արմեն Ռուստամյան

Հարցազրույց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հետ

-ՀՅ Դաշնակցությունը և հայ-թուրքական արձանագրությունների վավերացման դեմ համախմբված ուժերը պայքարում էին դրանց ստորագրման դեմ, սակայն ստորագրվեցին։ Այժմ պայքարում եք վավերացման դեմ, սակայն իշխանությունները չեն հրաժարվել իրենց մտադրություններից։ Խոսվում է ինչ որ ողջամիտ ժամկետների մասին։ Ինչպես կմեկնաբանեիք այս ամենը։

-Մենք դեմ ենք այդ արձանագրություններին։ Մեր տեսակետները բոլորովին չեն համընկնում, և մենք մեր պայքարը հենց դրա համար ենք սկսել, որ այսպիսի տեսքով այս արձանագրությունները չվավերացվեն և ուժ չստանան։ Իհարկե, ողջամիտ ասածը շատ հարաբերական հասկացություն է, որովհետև միջազգային չափանիշներով հստակ սահմանում չկա՝ ի՞նչ է նշանակում ողջամիտ ժամկետ, և ամեն մեկը դա յուրովի է հասկանալու։ Մեզ համար ակնհայտ է՝ Թուրքիայի համար ողջամիտ ժամկետն այն է, որ նա կարողանա նաև Ղարաբաղի հարցով իր համար ձեռնտու առաջընթաց ապահովել և իր երրորդ նախապայմանն էլ լիարժեք կատարել։ Այդ դեպքում արդեն խնդիր չի ունենա սահմանները բացելու հետ կապված։ Սա մեր աչքի առաջ է տեղի ունենում. մեր իսկ թեթև ձեռքով են այդ նախապայմանների իրականացման համար թուրքերն իսկապես ձեռք բերել լուրջ նախադրյալներ։ Դա շատ հստակ արտահայտեց ինքը՝ Դավութօղլուն, և դրանից պերճախոս ապացույց, որ այդտեղ նախապայմաններ կան, որ Թուրքիան ինչ նպատակով է մտել այս գործընթացի մեջ, կարծում եմ՝ այլևս չպիտի լինեն։ Եթե որևէ մեկը տեղեկացված չէ, կարող է սղագրությունը վերցնել, ևս մեկ անգամ ընթերցել Դավութօղլուի ասածը։ Բնականաբար, այս արձանագրությունների վավերացման համար այդպիսի ճիգ գործադրելը բոլորովին չի բխում մեր շահերից։ Ընդհակառակը՝ պետք է այս ամբողջ ընթացքն արդեն հստակ ցույց տար մեր իշխանություններին, որ առնվազն պարտավոր են այդ մտահոգությունները (որոնք իրենք էլ վերջում տեսան, որ իսկապես կան) փարատելու համար գոնե վերացնեն այն հնարավորությունը, որ թուրքերն իրենց նախապայմաններն իրականացնելու համար այս արձանագրությամբ այդպիսի երաշխիքներ ունենան։ Դրա հնարավորությունը դեռ կա։

-Այսինքն, այնպես է ստացվում, որ Ձեր նախազգուշացումներին ընդհանրապես ոչ մի ուշադրություն չե՞ն դարձրել, և որ դրանք հասցեատիրոջը չե՞ն հասել։

-Եթե դարձրած չլինեին, նախ նախագահի ուղերձը չէր լինի, երկրորդ՝ ես վստահ եմ, որ Ցյուրիխում սուսուփուս կհամաձայնվեին, որ թուրքերը հայտարարության մեջ այդ նախապայմանների մասին ասեին։ Իսկ դա պարզապես բանավոր հայտարարություն չէր։ Դա մաս էր կազմելու ստորագրված փաստաթղթին։ Այսինքն, մտահոգություններն իրենք էլ են հասկանում, սակայն ամբողջ խնդիրն այն է, որ իրենք մնացել են իրենց հնարքի տակ։ Երբ հպարտությամբ հայտարարում են, թե սա իրենց նախաձեռնությունն է, բնականաբար, նախաձեռնող կողմը չի կարող հայտարարել՝ չէ՛, ես իմ նախաձեռնությունից հրաժարավում եմ, և փորձի արդեն դրանով խոչընդոտներ ստեղծել։ Ամբողջ հարցը հենց դա է, որ սա այնպիսի մի գործընթաց է, որ «ա»-ն ասել ես, «բ»-ն էլ պետք է ասես, և սա անընդհատ շարունակվող մի գործընթաց է, որտեղ քեզ թվում է, թե դո՛ւ էիր նախաձեռնողը, բայց հետո արդեն պարզվում է, որ նախաձեռնությունը բոլորովին այլ տեղում է, իսկ դու պարզապես դարձել ես դեպքերին հետևող և այդ ընթացքը պահպանելուն պարտավորված մի կողմ։ Դժբախտաբար, այսօր Հայաստանն այդ վիճակում է։

-Դուք իշխանափոխության համար այս պահին համապատասխան ռեսուրս չունեք։ Կարելի՞ է ասել, որ համախմբված ուժերի այս նախաձեռնությունը լճացման փուլում է։

-Չէ՛, բացարձա՛կ։ Մենք ասել ենք, որ մեր այս միավորումը հենց այն նպատակն է հետապնդել, որ կանխվի Հայաստան-Թուրքիա գործընթացով հարաբերությունների նման կարգավորումը, որ չի բխում մեր շահերից։ Եվ դա կանխելու համար էտապներ կան։ Մենք մինչև ստորագրումը պայքարում էինք, որ չստորագրեն, ստորագրեցին, բայց որոշակի բաներ հասկացան։ Հիմա պետք է կարողանանք հասնել նրան, որ Սահմանադրական դատարանն այն պարտավորությունները, որ ստանձնում ենք այդ փաստաթղթերով, ճանաչի ո՛չ սահմանադական։ Դրա հիմքերը կան։ Եթե դա՛ էլ չլինի, բնականաբար, պետք է հասնենք նրան, որ ԱԺ-ն չվավերացնի։ Այդ նպատակով սկսել ենք լայն ստորագրահավաք, որպեսզի ամեն մի ընտրող իր պատգամավորին պատգամի, որ նա չքվեարկի հօգուտ ա՛յս տեսքով արձանագրությունների վավերացման։ Եթե վավերացնի, ուրեմն մնում է մյուս քայլը, որ չեղյալ համարենք վավերացված փաստաթուղթը։ Դա արդեն կարելի է կատարել միայն իշխանափոխության միջոցով։ Ես հուսով եմ, որ այս ընթացքում ժողովուրդն իսկապես ավելի ու ավելի կտեղեկացվի, թե ինչի՞ մասին է խոսքը, այդ վտանգներն ի՛նքն էլ կզգա։ Այսօր մարզերում մեր հանդիպումներով մենք նախ այդ իրազեկումն ենք իրականացնում, որի անհրաժեշտությունն իսկապես կա, որովհետև ժողովրդի զգալի մասին, գտնվելով պաշտոնական լրատվական միջոցների ազդեցության տակ, թվում է, թե որևէ արտառոց բան տեղի չի ունենում, որ հարաբերություններ են հաստատվում, սահման է բացվում, և դա միայն օգուտ է մեզ։ Բայց ի՞նչ գնով. այդ խնդիրը ժողովրդին ամբողջությամբ որևէ մեկը չի բացատրել, և երբ պարզաբանվում է, ժողովուրդն իսկապես սկսում է անհանգստանալ, ընդվզել, և եթե այդ անհանգստությունը, ընդվզումը համապատասխան չափի հասնի, հասկանա, որ այստեղ իշխանակռվի, պաշտոնակռվի հարց չի, կբարձրանա այդ դժգոհության, ըմբոստության ալիքը, և ես վստահ եմ, որ իշխանափոխություն կլինի։ Իշխանափոխությունը մի օրում չի լինում։ Իշխանափոխության համար իսկապես պետք է ամեն օր աշխատել։

-Կարելի՞ է ասել, որ ՀՅ Դաշնակցության արմատական ընդդիմադիր լինելը կախված է Թուրքիայից։ Այսինքն, եթե Թուրքիայի խորհրդարանը որոշի չվավերացնել արձանագրությունները, Դաշնակցության ակտիվ պայքարը կմարի, և Դուք կվերադառնաք այն վիճակին, որն ունեիք կոալիցիայից դեռ նոր դուրս եկած ժամանակ։

-Մեր պայքարն ինքնանպատակ չէ։ Արմատական ընդդիմադիր լինելն էլ ինքնանպատակ չէ։ Արմատականությունը նախ և առաջ նշանակում է գաղափարական տարաձայնություններ, ոչ թե՝ արմատական եմ, որովհետև այդ աթոռին չեմ, և ուզում եմ այդ աթոռն անպայման ինձնով անել։ Դա պարզապես սովորական իշխանակռիվ, աթոռակռիվ կլինի։ Արմատականությունը հենց ելնում է նրանից, որ մենք ուղեգիծը չենք ընդունում, այն ուղեգիծը, որով մեր արտաքին քաղաքականությունն է իրականացվում։

-Եթե Թուրքիայի խորհրդարանը չվավերացնի արձանագրությունները, ստացվում է, որ ՀՀ իշխանությունների մնացած բոլոր ուղեգծերն ընդունո՞ւմ եք և այլևս չե՞ք պայքարելու։

-Թուրքիայի վավերացման հետ մեր պայքարը կապված չի։ Մե՛ր չվավերացնելու մասին է խոսքը։ Թուրքիան իհարկե կվավերացնի։ Թուրքիան կվավերացնի, երբ նաև իր երրորդ խնդիրը կլուծի։ Արդեն ստորագրելուց հետո նա շատ լուրջ հնարավորություն է ստացել իր երկու նախապայմաններն իրականացնելու առումով, և պետք է մեր ժողովուրդն էլ լավ հասկանա, որ ստորագրելով՝ մենք արդեն Թուրքիային մեծ նվեր ենք մատուցել. հիմա ինքը շտապելու բան չունի։ Հիմա պարզապես խնդիր ունի նաև Ադրբեջանի, իր հարցերը լուծելու, իսկ մենք ստիպված այդ խաղի մեջ ենք։

-Ըստ Ձեզ՝ ԼՂ-ի շրջանակային համաձայնագիրը ե՞րբ կստորագրվի։

-Չեմ կարող ասել՝ երբ կստորագրվի, բայց այդ ակտիվանալը նաև սրա հետ է կապված։ Երկու միաժամանակյա գործընթացների ակտիվացումն, ի վերջո, բերեց նրան, որ մենք հայտնվեցինք այս խաղի մեջ՝ պատանդի վիճակում, և, բնականաբար, մենք ինքներս չենք կարող դուրս գալ այս գործընթացից, որովհետև ասվելու է, որ դո՛ւք եք նախաձեռնել, դո՛ւք եք ակտիվությունն իրականացրել, իսկ ակտիվությունը պահելու համար միշտ անհրաժեշտ է ինչ-որ քայլեր կատարել, որը նաև դիմացի կողմին կշահագրգռի, որ գործընթացը արագանա։ Իսկ այսօր ինչո՞վ կարելի է Ադրբեջանին շահագրգռել, բացի հօգուտ իրեն զիջումներ կատարելուց։ Սա՛ է տեղի ունենում, և երբ տեսնում են, որ դա չի հաջողվում, բնականաբար, բանակցություններն այն ընթացքն են ունենում, ինչպիսին, օրինակ, եղավ Մյունխենում։ Ծանր բանակցություններ են եղել։ Շարժումը նաև այն արդյունքը տվեց, որ առնվազն մեր նախագահը չի զիջել Ղարաբաղի հարցում։ Գոնե արդեն երկու անգամ հրաժարվել է փաստաթուղթ ստորագրելուց։ Նախագահը նաև պետք է այդ ուժը տեսնելով՝ այստեղ օգտագործի, որպեսզի կարողանա խուսափել արտաքին ճնշումներից։ Իսկ որ ճնշումները մեծ են, և իսկապես օր օրի մեծանում են մեր վրա, մեր աչքի առաջ տեսնում ենք։

Զրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը