Մեկնաբանություն

18.04.2016 12:30


Հայրենասիրության ու պետական դավաճանության մասին

Հայրենասիրության ու պետական դավաճանության մասին

Այս օրերին ամենաշատ օգտագործվողներից են «հայրենասիրությունն» ու «պետական դավաճանությունը»: Ընդ որում՝ առկա է դեմագոգիայի և այդ հասկացությունների միտումնավոր խեղաթյուրման հսկայական չափաբաժին:

Հայրենասիրության անվան տակ ահագին սրիկայություններ են արվում:

Հայրենասիրությունը որպես վահան է օգտագործվում քստմնելի գործարքներն ու էժանագին բաները թաքցնելու համար:

Վերջին հանգրվանում հայտնվածներն աշխուժացել են:

Պետական դավաճանությունն էլ է որոշ մարդկանց միջոցով երկիմաստ դարձել:

Պարզվում է, որ խնդիրներից խոսելն ու այդ խնդիրների ստեղծման թիվ մեկ պատասխանատուին քննադատելը դավաճանություն է, քանզի Ղարաբաղի հարցում բանակցություններ են սպասվում (այդ բանակցություններն, ի դեպ, տևելու են տարիներ ու, գուցե, տասնամյակներ. հիմա ի՞նչ, այդքան ժամանակ Սերժ Սարգսյանին հանդուրժենք ու նրա դեմ թթու խոսք չասե՞նք):

Իրականում պետական դավաճանությունը ոչ թե խնդիրներից խոսելն ու լուծման ուղիներ առաջարկելն է, այլ խայտառակ անարդարությունների մասին լռելը՝ «Օգնենք, որպեսզի Սերժը Ղարաբաղի հարցում լավ բանակցի» դեմագոգիկ ձևակերպման միջոցով: Ի դեպ, պետական դավաճանությունը Ղարաբաղի հարցում մեր միակողմանի զիջումներին աջակցելն է (այսօր ՀՀ իշխանություններից պահանջում են միակողմանի զիջումներ. Ադրբեջանի փոխզիջման մասին խոսք անգամ չկա):

Պետական դավաճանություն են ընտրակեղծիքը և այդ ընտրակեղծիքի մասին լռությունը՝ «Հիմա դրա ժամանակը չէ» թեմայով:

Պետական դավաճանություն են փոփոխությունների դեմ քարոզ տանելն ու հանրությանը կեղծ թիրախներ մատուցելը:

Պետական դավաճանություն է այնպիսի քաղաքականությունը, որը հանգեցնում է պատերազմի ու զոհերի:

Եվ վերջապես, հայրենասիրությունն ու պետական դավաճանությունը վերացական հասկացություններ չեն: Ամեն ինչ շատ կոնկրետ է:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը