Լրահոս

03.12.2009 16:44


«Բյուջ-2010»-ի վերջնական տարբերակը պատրաստ է

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ կառավարության կողմից 2009 թ. հոկտեմբերի 2-ին Ազգային Ժողով ներկայացված 2010 թ. պետբյուջեի նախագծում կատարվելիք փոփոխություններին։ ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարվել է, հաշվի առնելով դրանք, լրամշակել ՀՀ 2010 թ. պետբյուջեի նախագիծը եւ լրամշակված տարբերակը եւ ՀՀ ԱԺ-ում քննարկման արդյունքների ամփոփաթերթը ներկայացնել կառավարության աշխատակազմ, որի ղեկավարին հանձնարարվել է նախագիծը եւ ամփոփաթերթը սահմանված կարգով ներկայացնել Ազգային Ժողով։ Բյուջեի նախագծի եկամտային մասը ավելացվել է 65 մլրդ, ծախսային մասը' 75 մլրդ դրամով։
Հիմք ընդունելով «Ուորլի Պարսոնս» կառավարող ընկերության վերլուծության արդյունքները, կառավարությունը հավանություն է տվել Հայաստանում կառուցվող նոր միջուկային էներգաբլոկի ռեակտորային կղզյակը Ռուսաստանի Դաշնության ջրաջրային էներգետիկական ռեակտորային տեղակայանքով (ԱԷԿ-92 նախագիծը, հզորությունը' 1060 ՄՎտ, շահագործման ժամկետը 60 տարի, ստացել է անվտանգության եվրոպական սերտիֆիկատ) կահավորելուն։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն արձանագրել է մեր երկրում միջուկային նոր էներգաբլոկ կառուցելու սահուն գործընթացը եւ ռուսական գործընկերների հետ արդյունավետ համագործակցելու իրողությունը։

Գործադիրը վերաբաշխում է կատարել 2009 թ. պետբյուջեում, փոփոխել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը եւ կառավարության պահուստային ֆոնդից 1.000.000.0 դրամ տրամադրել ՀՀ ԿԱ ՊԵԿ-ին' ՀԴՄ 2009 թ. երրորդ եռամսյակի կտրոնների խմբաքանակներ ունեցող ֆիզիկական անձանց բոնուսի վճարման ծախսերի փոխհատուցման նպատակով։ Մեկ այլ որոշմամբ եւս վերաբաշխվել է 2009-ի պետբյուջեն' ՀՀ եւ ՎԶՄ բանկի միջեւ կնքված Կենսական նշանակության ավտոճանապարհների բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման վարկային ծրագրի ծախսերը բյուջեում ներառելու, ինչպես նաեւ լրացուցիչ համաֆինանսավորում հատկացնելու նպատակով։

Այս խորագրի վերջին նյութերը