Մեկնաբանություն

15.04.2016 13:05


Կոմսոմոլական ագիտացիա՝ «համախմբման» թեմայով

Կոմսոմոլական ագիտացիա՝ «համախմբման» թեմայով

Չորսօրյա արյունալի պատերազմից հետո իշխող ուժը Գործադիր մարմնի նիստ է հրավիրում: Ավարտից հետո այդ մարմնի անդամ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հայտնվում է լրատվամիջոցների առաջ եւ որպես հայ կին՝ անգամ չի ցավակցում մոտ 100 նահատակված մեր հերոսների ընտանիքներին:

Չես հասկանում՝ սա ի՞նչ բարոյականություն է, սա ի՞նչ արժեհամակարգ է: Դու էլ, կարծես թե, մայր ես, բա որտե՞ղ է քո գութն ու սփոփանքը, ա՛յ տզրուկ-ունի:

Դե, բայց հիմա եւ երբե՛ք էլ դրա ժամանակը չէ: Իշխանական գործիչների առջեւ մի խնդիր են դրել՝ ամեն վայրկյանը օգտագործել իրենց առաջնորդի շուրջ ժողովրդի համախմբման մասին բլեֆը տիրաժավորելու համար:

Մի առաջնորդի, որին մինչ օրս ժողովուրդը չի տեսել: Նա հասցրել է արյունալի պատերազմի օրերին հասնել անգամ Գերմանիա կամ ժամանակ գտնել ու մեկ ժամով այցելել հայտնի դղյակը եւ զրուցել հայտնի նամակագրի հետ, սակայն ապրիլի 2-ից մինչ օրս ժամանակ չի գտնում խոսել նույն ժողովրդի հետ, որն, իբր, համախմբվել է իր շուրջը:

Ու Նաղդալյանը դարձյալ դա է շեշտում, թե ժողովուրդը երկրի ղեկավարության, Նախագահի շուրջն էր համախմբվել»: Ժողովուրդը համախմբվել էր եւ է հայոց պետականության շուրջ, ինչի հետ երբե՛ք չի նույնացվում քո առաջնորդը, որը մինչ օրս հրապարակավ ցավակցական ուղերձով հանդես չի եկել՝ ուղղված հայրենիքի համար զոհված մեր հերոս զինվորների ընտանիքներին:

Բավակա՛ն է պատերազմի չորսօրյա արհավիրքի ֆոնին ինքնագովազդով զբաղվեք: Ողջ ժողովուրդը տեսավ ձեր պահած երկիրն ու բանակը: Այնպես որ, ճիշտ կլինի՝ լռե՛ք ու «նախագահի շուրջ համախմբման» մասին կոմսոմոլական ագիտացիայով չզբաղվե՛ք:

Հավատացեք, դա ավելի է զայրացնում «համախմբվածներին»:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը