Մեկնաբանություն

15.04.2016 11:20


Նալբանդյան Էձիկի թեմայով

Նալբանդյան Էձիկի թեմայով

Հիմա շատ մոդայիկ է դարձել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականի պահանջը:

Պահանջում են անկեղծորեն ու նաև՝ ուղղորդված:

Անկեղծ պահանջողների մասով բան չունենք ասելու: Միայն տեղեկացնենք, որ արտաքին գործերի նախարարը նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդու հանձնարարական կատարողն է, այլ ոչ թե արտաքին քաղաքականության պատասխանատուն: Այնպես որ, եթե սրտներդ հրաժարական է ուզում, ապա ավելի ճիշտ հասցե կա դրա համար:

Չորսօրյա պատերազմի և մեր ունեցած կորուստների համար Նալբանդյանին մեղադրելը նույնն է, որ «Ֆուտբոլային» դիվանագիտության համար պահանջես արտգործնախարարի հրաժարականը (որպեսզի հետագայում նրա հետ ուս ուսի տված աշխատես):

Էձիկն, իհարկե, արժանի է հրաժարականի, բայց ոչ ավելի, քան մյուսները: Նա աչքներիս լույսը չէ, բայց դե, ստեղծված իրավիճակի համար թիվ մեկ պատասխանատու հռչակել արտգործնախարարին մի քիչ լուրջ չէ: Անկեղծ է, բայց լուրջ չէ:

Ինչ վերաբերում է Էձիկի դեմ ուղղորդված ձևով քարոզ տանողներին, ապա նրանց ոչ միայն ականջներն են երևում, այլ նաև ներիշխանական «բազառների» արդյունքում առաջացած ստամոքսահյութն է դուրս թափվել ու տարածվել ամբողջ համացանցով:

Պարզ է, թե ով է ուզում արտգործնախարար դառնալ, բայց մի տեսակ ամաչում է այդ մասին բարձրաձայնել: Ավելի ճիշտ՝ չի ամաչում, պարզապես վախենում է այդ մասին հայտարարել, քանզի թաղումներից դեռ ուշքի չեկած մեր ժողովուրդն այդ մի հարվածին կարող է չդիմանալ ու անկանխատեսելի դառնալ:

Նախարարացուն չի ասում, որ ուզում է աթոռ ստանալ: Դրա փոխարեն «ակԾիվ» զանգվածին է դեմ տվել, որպեսզի սրանք մի երթ անեն ու անմեղության մարմնավորում Սերժ Սարգսյանից պահանջեն Էձիկի հրաժարականը, ով ուղղորդողների կողմից հռչակվել է որպես տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատու:

Ակնհայտ է, որ երիտբոլշևիկների սիրտը արտգործնախարարի աթոռ է ուզում, քանզի այս պահին չի ստացվում «փուռը» տալ Հովիկ Աբրահամյանին ու գրավել նրա աթոռը՝ հետագայում «սամալյոտի միս» ուտելու ակնկալիքով: Բացի այդ՝ հիմա վարչապետի աթոռը «մուխաննաթ» բան է, քանզի արդյունքներ պետք է ցույց տալ, ինչը սրանց պարագայում բացառվում է:

Իսկ ահա արտգործնախարարի աթոռը հնարավորություն կտա «Հակաօլիգարխիկ» պայքարի քողի տակ շարունակել տոտալ թալանը, մեղքը բարդել վարչապետի, ֆինանսների նախարարի, ոստիկանության, պաշտպանության նախարարի ու մյուսների վրա և, միևնույն ժամանակ, «ակԾիվ» նախարար խաղալ՝ «աչոկներ» հավաքելու հաշվարկով: Ահա այս նպատակով էլ Էձիկի վրա են քշում՝ շատ լավ իմանալով, որ նա, կոպիտ ասած, մեխի գլուխ է:

Սարգսյանին ու իր նեղ շրջապատին հենց մեխի գլուխներ են պետք՝ նրանցից «բոբո» սարքելու և սեփական մեղքերը թաքցնելու նպատակով: Բայց, ախր, Էձիկը հեչ չի ձգում «բոբոյի» դերին: Ամենաշատը՝ Կալաբոկ: Այնպես որ, էժանագին «տրյուկները» չեն անցնելու: Ուրիշ «կրեաԾիվ» բան մտածեք:

Հանրությանը, բնականաբար, այս ամենը չպետք է շեղի: Կա գլխից բռնելու խնդիր: Մնացածը էժանագին «Ծիխնալոգիաներ» են:

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը