Լրահոս

03.12.2009 13:45


Արթուր Ազարյան. «Այսօր մեր ազգին առավելապես հետաքրքրում է, թե ինչո՞ւ է ինքն այսքան որբ»

-Սոցիալական արդարության մասին թեզը, որ Աժ-ում վարչապետն արտաբերեց, միանշանակ ԽՄԿԿ շարքերը համալրելուց առաջացած մի բան էր և հանրության ուշադրությունն այլ հունով ուղղորդելու փորձ,- անդրադառնալով 2010թ. պետական բյուջեի քննարկաման ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթին՝ «7օր»-ին ասել է հրապարակախոս Արթուր Ազարյանը։

Հիշեցնենք, որ Տ. Սարգսյանը հայտարարել էր, թե իրենց ուսումնասիրությունները և սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ ՀՀ քաղաքացիներին առաջին հերթին մտահոգում են ոչ թե թոշակների և աշխատավարձերի խնդիրը, ոչ թե գործազրկության և նոր աշխատատեղերի ստեղծման խնդիրը, ոչ թե գնաճը և փոխարժեքը ու նույնիսկ ոչ թե Լեռնային Ղարաբաղի կամ Ցեղասպանության ճանաչման խնդիրը, այլ սոցիալական արդարության խնդիրը։

Վարչապետի այս խոսքերն Ա. Ազարյանը համարում է սովորական պոպուլիզմ, իսկ նպատակը՝ երկրի ֆինանսական ողջ հոսքը մեկ մարդու ձեռքում կենտրոնացնելու, ամբողջ դաշտը վերահսկելի դարձնելու փորձ։

-Այսօր մեր ազգին առավելապես հետաքրքրում է, թե ինչո՞ւ է ինքն այսքան որբ, ինչո՞ւ է ինքն այսքան անպաշտպան, և դա ամենևին միայն սոցիալական արդարությամբ չի պայմանավորված։ Սոցիալական արդարությունն ածանցյալ է,- նշել է հրապարակախոսը՝ ավելացնելով, որ սոցիալական արդարության մասին այսօր խոսող նույն վարչապետը երկար ժամանակ է, ինչ իշխանության մեջ է և քաջատեղյակ է օլիգոպոլիաներից , մենաշնորհներից ու հովանավորչությունից։ Հարցն այն է, թե ինչո՞ւ նա հենց այսօր սկսեց խոսել դրանց մասին.

-Հանրապետական կուսակցությունը, մեծ առումով, միակենտրոն կառավարման փորձ է անում, ինչն ի վերուստ դատապարտված է տխուր ապագայի։ Վարչապետն այդ մասին առնվազն կարող էր խոսել միմիայն այն ժամանակ, երբ ինքն իր բնույթով Մահաթմա Գանդի կամ Աբրահամ Լինքոլն լիներ, այսինքն՝ գաղափարի նվիրյալ։ Այդ դեպքում ես կհասկանայի։ Բայց միակենտրոն կառավարումը ենթադրում է ջուր խմել հպատակների սրտից և խոսել սոցիալական արդարությունից։ Սա խորհրդային և կապիտալիստական ատրիբուտիկայի վատ սիմբիոզն է։ Եթե իրենք խոսեն ազատ մրցակցությունից, և իսկապես ազատ մրցակցություն լինի, խոսեն հովանավորչության բացառման մասին և իսկապես չհովանավորեն, մեր հասարակությունն ինքն իրե՛ն կգա նոր շեմի, կզարգանա։ Այլապես ստացվում է կարապի, խեցգետնի ու գայլաձկան պատմությունը, երբ խոսքով ասում են մի բան, իրականում մեկ այլ բան է, իսկ մտքերում լրիվ ուրիշ բան է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը