Աշխարհ

13.04.2016 09:30


Եվրախորհրդարանի նիստում պատգամավորների գերակշիռ մասը հանդես է եկել հայամետ դիրքորոշումներով

Եվրախորհրդարանի նիստում պատգամավորների գերակշիռ մասը հանդես է եկել հայամետ դիրքորոշումներով

Եվրոպական խորհրդարանը նախօրեին իր լիագումար նիստում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրադրությանը։

ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին իր ելույթում կարևորեց, որ ԵԽԽՎ լիագումար նիստին խորհրդարանն անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի խնդրին և նշեց, թե ապրիլյան այս գործողությունները հիշեցնում են, թե որքան վտանգավոր կարող են լինել ձգձգված հակամարտությունները:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության ապրիլյան թեժացմանը՝ նա հայտարարեց, թե «այդ աննախադեպ էսկալացիայից» առաջ իրենք զգուշացրել էին, որ ստատուս քվոն հնարավոր չէ պահել:

«Մեծածավալ բախումներից զերծ մնալու համար փոքր քայլ էր ընդամենը պակասում, ուստի մենք ավելացնում ենք մեր ջանքերը հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Չափազանց մեծ տառապանք են մարդիկ կրել. հակամարտությունը շարունակում է վտանգ սպառնալ մեր հարևանությանը և խոչընդոտում է երկու երկրների և ողջ տարածաշրջանի զարգացմանը»,-ասաց նա՝ նշելով, որ Հարավային Կովկասը կարևոր տարածաշրջան է Եվրոպայի համար. այն խաչմերուկ է և մեծ ներուժ ունի, որը, սակայն, կասեցվում է անկայունության և պատերազմների պատճառով:

Նա նշեց, որ իր վերջին երկու այցերը Հայաստանի և Ադրբեջանի մայրաքաղաքներ հստակորեն ուրվագծել են իր համար, որ լայնածավալ հակամարտությունը ոչ մեկի շահերից չի բխում և ոչ մի լավ տեղ չի կարող հասցնել:

Մոգերինին ասաց, որ այս էսկալացիայի պատճառով մեծաթիվ մարդիկ են զոհվել, այդ թվում նաև՝ քաղաքացիական բնակչությունից:

«Ե՛վ Բաքվի, և՛ Երևանի հայտարարությունից պարզ է դառնում, որ լուրջ վտանգներ կան, եթե իրավիճակը արագորեն չհանդարտեցվի: Ապրիլի 2-ին կոչ եմ արել դադարեցնել կրակը և պահպանել հրադադարը, զսպվածություն ցուցաբերել և զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են էսկալացիայի հանգեցնել: Վերահաստատել եմ օժանդակությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներին որպես հակամարտության, կարգավորման համաձայնեցված ձևաչափին»,-ասաց նա և նշեց, թե բացի այն, որ կառուցողական զրույցներ է ունեցել ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, նաև իրենց հատուկ ներկայացուցիչը հենց այս շաբաթ կայցելի տարածաշրջան:

ԵՄ նոր գերագույն հանձնակատարը նշեց, թե էսկալացիան էլ ավելի պարզորոշ է դարձնում, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի:


ԼՂՀ ճանաչումը կլինի հակամարտության միակ լուծումն այս դեպքում. ԵԽ պատգամավոր Ֆրենկ Էնգել

Եվրախորհրդարանի անդամ Ֆրենկ Էնգելը, դիմելով ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, ասաց, որ ԼՂ ստատուս քվոն կավելացնի բռնության ծավալը:

«Հատկապես մեկ պատճառով, որովհետև Ադրբեջանն այսօր մնում է ագրեսոր, ինչպես ագրեսոր էր 24 տարի առաջ: Նա շարունակել է խախտել հրադադարը ավելի փոքր մասշտաբով և շատ երկար ժամանակով և դա անում է, որովհետև համոզված է, որ բոլոր հայերն այդ տարածաշրջանում պետք է անհետանան»,-ասաց նա և հավելեց, թե այդ պատճառով էլ Մինսկի խմբի համանախագահների որևէ առաջարկ չի ընդունում և չի ուզում որևէ փոխզիջման գնալ:

«Ինչպես հայերը չեն ուզում այլևս փոխզիջում անել մի երկրի, որը հերոսացնում է Ռամիլ Սաֆարովին, դաժան մարդասպանին, ով վերադարձվում է այդ երկրին, և որը չպետք է տեղի ունենար: Միակ բանը, որ այս դեպքում պետք է տեղի ունենա, ԼՂՀ ճանաչումը կլինի»,-ասաց նա:

Պետք է Բաքվի դեմ պատժամիջոցներ կիրառել. ԵԽ պատգամավոր Էլենի Թիոչերս

Մենք պետք է Բաքվի դեմ սանկցիաներ կիրառենք՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ հարձակվելու համար. այս մասին իր ելույթում հայտարարեց Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թիոչերսը։

«Մենք պետք է աջակցենք ԼՂ ժողովրդին, որը պարզապես պայքարում է իր ազատության համար. նրանք ուղղակի չեն կարող ստատուս քվոյի անարդար իրավիճակում մնալ։ Մենք պետք է գնանք Լեռնային Ղարաբաղի ճանաչման և Բաքվի դեմ սանկցիաների կիրառման ճանապարհով»,-ասել է նա։

Մանրամասն՝ «tert.am»–ում

Այս խորագրի վերջին նյութերը