Մեկնաբանություն

12.04.2016 21:05


Իրական համախմբման հրամայականը

Իրական համախմբման հրամայականը

Ապրիլի 2–ից սկսած՝ մենք ունենք լրիվ այլ Հայաստան ու լրիվ այլ ՀՀ քաղաքացի։

Մարդիկ տեսան, որ եթե իրենք չեն զբաղվում քաղաքականությամբ ու մեր երկրում տեղի ունեցող բացասական երևույթներին նայում են մատների արանքով, ապա մի օր այդ ամենը կուտակվում է ու հարվածում։

Հարվածն այս անգամ դրսից էր։ Ու մենք շատ ծանր գին վճարեցինք այդ հարվածի դեմն առնելու համար։ Տասնյակ հայորդիներ իրենց կյանքով վճարեցին վատ կառավարման, իշխանական վերին օղակի կողմից կազմակերպվող թալանի ու հանցավոր անգործության համար։

Հիմա բոլորն էլ հասկանում են, որ այսպես հնարավոր չէ շարունակել, և մեր երկրի անվտանգությունը ղարաբաղաադրբեջանական շփման գծում պաշտպանելու և թշնամուն խաղաղություն պարտադրելու համար պետք է ներսում համախմբվել ու փոխել Հայաստանը։ Միայն որակապես նորացված Հայաստանը կարող է դիմագրավել արտաքին ու ներքին մարտահրավերներին։

Պարզ է, որ փոփոխության հասնելու համար համախմբում է պետք։ Այն միասնությունը, որը բոլորիս մոտ կար թեժ մարտերի օրերին, պետք է կապիտալիզացնել հարաբերական զինադադարի փուլում, որպեսզի նույն բանը կամ ավելի վատը չկրկնվի։

Իշխանական քարոզչամեքենան փորձում է այդ միասնությունը կարել Սերժ Սարգսյանի վրա, բայց դա հնարավոր չէ։

Այժմ կա համախմբման երկու նախագիծ։ Մեկը՝ բնական, իսկ մյուսը՝ արհեստական։ Քաղաքական ու հասարակական դաշտն էլ, ըստ այդմ, կարելի է բաժանել երկու մասի։

Ջրբաժանի մի կողմում «ներազգային համախմբման», այն է՝ արհեստական միասնության կողմնակիցներն են, ովքեր «համախմբման» տակ հասկանում են Սերժ Սարգսյանի հրամանատարությամբ Ղարաբաղի հարցով բանակցություններին աջակցելը (բանակցություններ, որոնք լինելու են տարածքների հանձնման և խաղաղապահների մուտքի բաղադրիչով)՝ փաստորեն, դեմ չլինելով, որ ՀՀԿ ղեկավարը երկար մնա պետության ղեկին (ղարաբաղյան բանակցությունները տևում են տարիներ ու դեռ էլի տարիներ են տևելու), կարծելով, որ Սերժ Սարգսյանն ունակ է որևէ դրական բան անել ու սխալմամբ հաշվելով, որ բանակցությունները շատ արագ են սկսվելու, և արագ հանգուցալուծում է լինելու։

Նույն այդ շրջանակներն, ի դեպ, «ներազգային համախմբում» ցուցաբերեցին նաև հայ–թուրքական տխրահռչակ գործընթացի ժամանակ։ Եթե ներսից մեծ ճնշում լիներ, ապա «ֆուտբոլային» արկածախնդրությունը հնարավոր կլիներ կանխել, բայց Սերժ Սարգսյանին քաղաքական դաշտից եղավ մեծ աջակցություն այդ պահին տիտղոսային համարվող ընդդիմության կողմից, և ունեցանք այն տխուր հետևանքները, որոնցից մեկը չորսօրյա պատերազմն էր ու մեր զոհերը։

Ջրբաժանի մյուս կողմում բնական համախմբման կողմնակիցներն են, ովքեր համոզված են, որ միայն մեզանում տնտեսաքաղաքական հարաբերությունների արմատական փոփոխության միջոցով է հնարավոր հասնել անվտանգության ապահովման, խաղաղություն հաստատման և երկրի զարգացման։

Բնական ու արհեստական համախմբման կողմնակիցները տարբեր կուսակցություններ են ներկայացնում։ ՀՀԿ–ն, ՀԱԿ–ը, ԲՀԿ–ն, ՀՅԴ–ն ու մյուսները միատարր չեն։ Պետք է, ուրեմն, տարանջատել անուն առ անուն և հասարակական–քաղաքական դաշտում ճիշտ ցուցակագրում իրականացնել։

Լ. Տեր–Պետրոսյանին, օրինակ, պետք է տարանջատել ՀԱԿ–ի առողջ հատվածից, Սերժ Սարգսյանին՝ ՀՀԿ–ի առողջ հատվածից, և այդպես շարունակ։

Իշխանության մեջ բացառապես սատանաներ, իսկ ընդդիմության մեջ միայն հրեշտակներ փնտրել պետք չէ։ Ամեն տեղ էլ ամեն տեսակից կա։

Նրանք, ովքեր արհեստական ու հակապետական գաղափարների շուրջ են ուզում համախմբվել, կմնան մինչապրիլյան Հայաստանում, հավասարապես կկիսեն պատասխանատվությունը ՀՀԿ ղեկավարի արածների համար ու կմարգինալացվեն։

Մյուսները պետք է գնան մեծ համախմբման և լուրջ փոփոխությունների։ Այ ա՛յդ փոփոխությունների հարցում է իրական համախմբում պետք՝ ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնության ու քաղաքական առողջ ուժերի համախմբում։

«Առանց ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման՝ Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի, անկախ այն հանգա­մանքից, թե ում ձեռքում կլինի իշխանության ղեկը» բանաձևի մեջ տեղավորվող մտածողությունը պետք է արմատախիլ անել՝ այդ մտածողությունը դիտարկելով որպես ՀՀ–ին և ԼՂՀ–ին սպառնացող հիմնական վտանգներից, իսկ այդ մտածողության կրողներին հեռու պահել հասարակական–քաղաքական գործընթացներից։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը