Աշխարհ

12.04.2016 20:50


Եվրախորհրդարանի պատգամավորները հորդորել են ԵՄ-ին ԼՂ հարցում վերջ տալ հավասարության նշան դնող հայտարարություններին

Եվրախորհրդարանի պատգամավորները հորդորել են ԵՄ-ին ԼՂ հարցում վերջ տալ հավասարության նշան դնող հայտարարություններին

Եվրախորհրդարանի լիագումար նիստին ընդառաջ՝ եվրոպացի մի շարք գործիչներ արդեն իսկ իրենց դիտարկումներն են ներկայացրել տարածաշրջանում առկա իրավիճակի վերաբերյալ` կոչ անելով ԵՄ-ին Լեռնային Ղարաբաղին աջակցություն ցուցաբերելու համար իրականացնել հստակ գործողություններ:

Մասնավորապես, Եվրախորհրդարանում Եվրոպայի ժողովրդական կուսակցության խմբի փոխնախագահ Ֆրանսուազ Գրեսետետը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական անձանց զոհվելու կապակցությամբ և Եվրոպական միության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիին գրավոր հարցադրում ներկայացրել: Դրանում պատգամավորը հանձնակատարին հորդորել է քայլեր ձեռնարկել հրադադարի պահպանման և ամրապնդման ուղղությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպությունից, Եվրախորհրդարանի մեկ այլ պատգամավոր Խորդի Սեբաստիան էլ նշել է, որ ԼՂ-ում տեղի ունեցած դեպքերի հետ կապված՝ նամակ է հղել Մոգերինիին, որտեղ ընդգծել է Ադրբեջանի կողմից ԼՂ-ում քաղաքացիական անձանց նկատմամբ ցուցաբերած բռնությունների փաստերը: Նա հորդորել է Եվրոպական միությանը վերջ տալ հրադադարի խախտման հարցում «կողմերին կոչեր անելուց», այն դեպքում, երբ ակնհայտ է կոնկրետ հանցագործը:

Սեբաստիան վերջերս եղել է և Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում:

Այսօր նախատեսվում է նաև Եվրահանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարության ընդունումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ:

«Արմենպրես»

Այս խորագրի վերջին նյութերը