Մեկնաբանություն

12.04.2016 16:55


Շարմազանովենք Սերժ Սարգսյանին կից «ներազգային միասնություն» են ձևավորել

Շարմազանովենք Սերժ Սարգսյանին կից «ներազգային միասնություն» են ձևավորել

Լևոն Տեր–Պետրոսյանի նախաձեռնությամբ Սերժ Սարգսյանի հետ տեղի ունեցած հանդիպումից հետո «7 օրը» ներկայացրել էր իր վարկածն այն մասին, թե ինչ «ռակուրսով» է գնացել զրույցը։

Իր ինքնահարցազրույցով ՀԱԿ առաջնորդը թույլ չտվեց, որ մեր ներկայացրածը երկար ժամանակ որպես վարկած մնա։ Նա հաստատեց մեր վարկածը, այն է՝ տեղի է ունեցել առևտրային առաջարկ՝ քիրվայական գաղափարախոսության շրջանակներում։

Հայտնի չէ, թե ինչպես է արձագանքել այդ առաջարկին Սարգսյանը, բայց նրա խոսնակ Շարմազանովը, ով մի քանի օր առաջ քաղաքական թոշակառու և անսկզբունքային գործիչ էր համարում ՀԱԿ առաջնորդին, սկսել է գովեստի խոսքեր ասել «համազգային միասնության» թեմայի շրջանակնում։ «Միասնության» գործին կցվել է նաև Բաղրամյան փողոցից «սիկտիրի» արժանացած Արմեն Աշոտյանը, ով հիմա ՀԱԿ առաջնորդին է գովերգում։

Փաստորեն, իրար «մոնղոլ–թաթար» և «թուրք» անվանած շրջանակները հիմա «համազգային միասնություն» են բեմադրում չորսօրյա արյունալի պատերազմի զոհերի համապատկերին։

Համազգային միասնություն, իրոք, կա ժողովրդի մոտ։ Միասնությունն այդ ուղղված է ընդդեմ Ադրբեջանի և հանուն Հայաստանում ներքաղաքական փոփոխությունների։ Այսինքն՝ այդ միասնությունը կապ չունի իշխանությունների հետ։

Շարմազանովենց «ներազգային միասնությունը», որի մաս են կազմում Աշոտյանը, Տեր–Պետրոսյանը և նմանատիպ այլ դեմքերը, հանուն Սերժ Սարգսյանի է և հանուն Ղարաբաղի հարցում փուլային տարբերակով զիջումների գնալու։ Ասել է թե՝ այդ միասնությունը բացարձակապես կապ չունի ՀՀ քաղաքացիների, ինչպես նաև ՀՀ և ԼՂՀ անվտանգության ապահովման հետ։

Բայց այն փուլային լուծման տարբերակը, որն առաջարկում է Լևոն Տեր–Պետրոսյանը Ղարաբաղի հարցում, չի պահանջում ներազգային միասնություն։ Անգամ Մոսկվայի ու Երևանի միջամտությունը չի պահանջում։ Շարմազանովն ու Տեր–Պետրոսյանը կարող են ուղիղ զանգել Ալիևին ու ասել, որ փուլայինին համաձայն են։ Բաքվի սուլթանն անմիջապես ընդառաջ կգնա շարմազանովենց առաջարկին, քանզի, ըստ այդմ, տարածքները հանձնվում են, իսկ Ղարաբաղը մնում է Ադրբեջանի կազմում։ Սրա համար ո՛չ միասնություն է պետք, ո՛չ բան։ Միայն քիրվայությունն էլ հերիք է։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպես կարողացանք հեշտությամբ կռահել, թե ինչ է խոսվել երկու մասնավոր անձանց հանդիպման ընթացքում, ապա նկատենք, որ մեզ համար բարդություն չէր ներկայացնում նրանց զրույցի բովանդակությունն առանց լրացուցիչ տեղեկատվության պատկերացնելը, քանզի շատ լավ գիտենք մեր երբեմնի հաճախորդին։ Նրա գինն էլ գիտենք, մտքի թռիչքն էլ գիտենք, մտածողությանն էլ ենք ծանոթ, իրական տեսակն էլ ենք արձանագրել, սակարկելու նրա ձևին ու չափին էլ մոտիկից առնչվել ենք, պահանջվող «վիտամինների» քանակին էլ ենք տիրապետում, «շուստրիության» աստիճանին էլ ծանոթ ենք, «ներազգային միասնության» կոչ անելու սակագներից էլ ենք տեղյակ («քաղաքագիտական վերլուծության» պես), նամակ գրելու հակվածությունն էլ ենք տեսել, քծնելու պատրաստակամությանն էլ ենք ականատես եղել, էժանագին «տրյուկների» հետ էլ ենք առնչվել, «զրոների» նկատմամբ թուլությունն էլ ենք զգացել, խաղեր տալու կարողություններից էլ ենք տեղյակ, մանր հարցերում մեծ ջանքեր դնելու խասիաթն էլ գիտենք, ու նաև գիտենք, որ եթե հաճախորդի «տամարը» բռնես, ապա քո պատվերը քո պահանջածից էլ շատ ավելի մեծ «դոզայով» կկատարի ու հաճելիորեն կզարմացնի քեզ հանրահավաքային ամբիոնից։

Մի խոսքով, մենք «մատերիալին» ծանոթ ենք։ Այդ «զոմբիներն» են, որ բանից բեխաբար՝ համոզված են, որ հաճախորդն ինչ անում է, երկրի համար է անում։

Այն, ինչ հիմա անում է Լևոն Տեր–Պետրոսյանը, ով, ըստ նրա երկրպագուհիներից մեկի, դարձել է ավազակապետության անդամ, Արտաշես Գեղամյանին ու նրա նմաններին դարձնում է բարոյականության ու սկզբունքայնության մարմնավորում։

«Նա մտածում է երկրի մասին» ձևակերպմամբ հիմա ոմանք փորձում են արդարացնել երեխեքի դիակների վրա կոմերցիոն հարաբերության մեջ մտած «Վերջին մարդուն», բայց դա նողկանք է առաջացնում։

Ընդամենը երեկ դուք գտնում էիք, որ «Սերժիկը պետք է հեռանա»։ Այսօր հաճախորդը հայտարարել է, թե Ղարաբաղի բանակցային գործընթացում պետք է կցվել մեր կողմի հրամանատար Սերժ Սարգսյանին ու սատարել նրան, որպեսզի նա ուժեղ զգա իրեն բանակցությունների ժամանակ (ի դեպ, Ղարաբաղի հարցով բանակցությունները ոչ միայն ամիսներ, այլ նաև տարիներ, տասնյակ տարիներ կարող են ձգվել, ու ձեր շեֆն առաջարկում է այդպես կցված էլ մնալ Սարգսյանին), ու հաճախորդի «վկաներն» անմիջապես դարձան նաև Սերժի վկա։

Հարց է առաջանում՝ Սարգսյանն իրեն ուժեղ զգա, որ ի՞նչ անի։ Որ փուլային տարբերակով Ղարաբաղը հանձնի՞։ Նման բան նա չի հայտարարել։ Առայժմ Լևոնն է քարոզը տանում։ Ժամանակը ցույց կտա, թե ինչ գծի վրա է հայտնվել ՀՀԿ ղեկավարը։

Ի դեպ, սերժալևոնախառը «վկաներին» տեղեկացնենք, որ այս անգամ միայն փակ զուգարաններով չի ավարտվելու «երկխոսիստական» պատմությունը։ Սարգսյանի հետ «ներազգային միասնություն» խաղալով՝ «վկաները» նաև մեղսակից են դառնում վերջին ութ տարիներին տեղի ունեցած թալանին ու ավերածություններին։ Իսկ դրա համար միայն փակ զուգարանները քիչ են։

Սամվել Խաչագողյան

Հ.Գ.։ ՀԱԿ առաջնորդին համակրող լրատվամիջոցներից մեկը, արձագանքելով Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, թե ինքը չի պատրաստվում անիմաստ ժամանակ վատնել անիմաստ հանդիպումների վրա, նշել է, թե աղվեսի քիթը խաղողին չի հասնում։

Փաստորեն, Լևոնենց համար Սերժ Սարգսյանը նույնացվում է խաղողի հետ, որին պետք է ձգտել ու հասնել։ Եվ ահա, «վկաների» հիացական բացականչությունների ներքո՝ Լևոնը կարողացել է իր դունչը մոտեցնել այդ խաղողին, իսկ ահա Քոչարյանին դա չի հաջողվել։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ...

Իսկ դուք ասում եք, թե չի կարող պատահել։ Ախր, մենք մեր երբեմնի հաճախորդին լավ գիտենք։

Հ.Գ.–2։ Սերժ Սարգսյան–Լևոն Տեր–Պետրոսյան հանդիպման նախնական արդյունքներն արդեն երևում են։ Լևոնը սկսել է աշխատել Ռոբերտ Քոչարյանի դեմ ու «Սերժն ի՞նչ մեղավոր է ...» կոդը դնել շրջանառության մեջ։ Այսինքն՝ Լևոն Տեր–Պետրոսյանը միացել է երբեմնի ՀԱԿ–ական Արման Բաբաջանյանին ու նրա նմաններին։

Ստույգ հայտնի չէ Քոչարյանի դեմ սերժամետություն անելու «զրոների» չափը, բայց դե, խոսքը, ըստ ամենայնի, քիչ քանակի մասին է, քանզի, կրկնեմ, մենք մեր երբեմնի հաճախորդին լավ գիտենք։ Հատկապես որ նա այս ընթացքում լուրջ արժեզրկման է ենթարկվել։ Իսկ Սերժ Սարգսյանը շատ «չոտկի» է գնանշման հարցում։ Գեղամյանին հարցրեք՝ կասի։

Ի դեպ, «Ելք» կայքը մինչև այս հանդիպումը «Իշխանության «VIP» կլասի հաճախորդը» վերնագրով նյութ էր հրապարակել, որից մի հատված ներկայացնում ենք ձեր ուշադրությանը. «Հանրապետական օդիոզ պատգամավորի գումարներով ՀԱԿ-ի քաղաքական շահերը սպասարկողներին տեղեկացնենք, որ մեր ձեռքի տակ են ՀԱԿ-ի տարբեր առանցքային դեմքերի «գնացուցակները», ինչը, բնականաբար, պատեհ պահի հրապարակվելու է։ Ինչպես նաեւ, այն լուրջ թվի մասին տեղեկատվությունը, հանուն որի ՀԱԿ առաջնորդը «թռավ» Համազգային շարժումից: Հայ հանրությունն իրավունք ունի տեղեկացված լինելու ԱԺ ամբիոնից իրենց կոկորդը պատռող, իսկ իրականում իշխանության հետ ակտիվ համագործակցող ուժերի իրական գնից ու դրանք ապացուցող փաստերից»։

Այս խորագրի վերջին նյութերը