Մեկնաբանություն

12.04.2016 15:06


Ժողովուրդը սրբելու է քիրվայականներին

Ժողովուրդը սրբելու է քիրվայականներին

ՀԱԿ-ին սպասարկող լրատվամիջոցում հրապարակած ինքնահարցազրույցով Լեւոն Տեր- Պետրոսյանը մասամբ բացահայտել է շաբաթ օրը տեղի ունեցած իր եւ Սերժ Սարգսյանի հանդիպման մանրամասները:

2008-ին քաղաքականություն վերադառնալուց հետո անցած յոթ տարիներին Տեր- Պետրոսյանը երբեք չի խոսել ազգային միասնության կայացման, ազգային համախմբման անհրաժեշտության, քաղաքական ուժերի եւ հասարակության միասնականության, համատեղ ջանքերի մեկտեղման, միջազգային հանրության կողմից Հայաստանի հանդեպ դրական ընկալման կարեւորության եւ նման բաների մասին: Իսկ ահա նշված հանդիպմանը հաջորդած ինքնահարցազրույցում նման մտքերի այնպիսի հեղեղ ենք տեսնում, որ լրացնում է անցած տարիների բացը:

Ծանոթանում ես ինքնահարցազրույցին ու զարմանում՝ եթե այդքան մտահոգ ես ու սրտացավ, ինչո՞ւ մինչ օրս նման մտքեր չես արտահայտել: Է՛հ, 2008-ի մարտի 1-ին էլ, երբ Ադրբեջանն օգտվելով մեր երկրի ներսում ծայր առած զանգվածային անկարգություններից, խախտեց հրադադարը, եւ սահմանային լարվածությունը գնալով ուժգնանում էր, այդ ժամանակ ինչո՞ւ Տեր-Պետրոսյանը ձեռագիր նամակ չուղարկեց գործող իշխանությանը, իր տուն չհրավիրեց ու ցանկություն չհայտնեց «պատվով դուրս գալ ստեղծված իրավիճակից՝ առանց քաղաքական կորուստների»: Ինչպես 2016-ի ապրիլի 5-ին է գրել իր ձեռագիր նամակում՝ ուղղված Սերժ Սարգսյանին:

Իր նամակում Տեր- Պետրոսյանը Սարգսյանին տեղեկացրել է, որ խոսակցությունը նաեւ վերաբերելու է «ՀՀ-ի կողմից ԼՂՀ-ի ճանաչման եւ Հայաստանի ու Ղարաբաղի միջեւ ռազմական փոխօգնության պայմանագրի կնքման շրջանառվող գաղափարների նպատակահարմարությանը։ Որպես պրոպագանդիստական հնարքներ՝ այդ գաղափարները, թերեւս, իմաստ ունեն, բայց դրանց իրականացումը, կարծում եմ, պետք է լինի ոչ թե պահի թելադրանքով պայմանավորված իմպուլսիվ արձագանք, այլ լրջագույն խորհրդապահական քննարկման ու ճշգրիտ հաշվարկի հետեւանք»։ Այսինքն, մարդը բացահայտ ակնարկում է, որ պետք չէ ԼՂՀ-ի ճանաչման կամ փոխօգնության պայմանագրի մշակման գործընթաց սկսել:

Նկատենք նաեւ, որ ծավալուն ինքնահարցազրույցում Տեր-Պետրոսյանը շրջանցում եւ ոչինչ չի ասում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին: Այդ խնդիրը նրան չի հետաքրքրում: Նա միայն կարեւորում է տարածքների վերադարձման եւ խաղաղապահ ուժերի տեղակայման հարցերը (այն, ինչի մասին գրել է դեռեւս 1997-ին՝ չթաքցնելով, որ ինքը կողմնակից է Ղարաբաղը փուլ առ փուլ հանձնելու ծրագրին): Սակայն հիմա այդ ամենը վերագրում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ասելով, թե մադրիդյան սկզբունքներում կան նման «հոդվածներ» (մինչդեռ այդ սկզբունքներն ընդամենը ընդունվել են որպես բանակցային հիմք, որոնցում բազմաթիվ կետեր կան, որոնք կարող են դառնալ կամ չդառնալ քննարկման առարկա, և, ի դեպ, այդ սկզբունքներում ամրագրված է Արցախի ինքնորոշման իրավունքը, ինչի հոտն անգամ չկար փուլային տարբերակում):

Եվ ամենազարմանալին այն է, որ Տեր-Պետրոսյանը հիմա ողբում է Սերժ Սարգսյանի «բախտը»՝ ասելով, թե տեսեք՝ խեղճ Սերժը ինչ ժառանգություն է ստացել Քոչարյանից: Ավելին, քոմակ է կանգնում Սերժ Սարգսյանին, թեւերը փռել է վերջինիս վրա ու հայտարարում է, թե պետք է բոլորս ամեն ինչ անենք, որ նա բանակցային սեղանի շուրջ իրեն ուժեղ զգա: Պետք է «սառեցնենք» ներքին տարաձայնությունները, համախմբվենք Սարգսյանի շուրջ, քանզի «մեղադրելու եւ նրանից հաշիվ պահանջելու ժամանակը չէ»:

Կարճ ասած, ամեն ինչ անենք, որ գնա ու տարածքները հանձնի եւ համաձայնի խաղաղապահ ուժերի տեղակայման առաջարկին:

Սերժ Սարգսյանը կարող է հանգիստ լինել, քանի որ ի դեմս Տեր-Պետրոսյանի՝ հմուտ դատապաշտպան ունի: Բայց, միևնույն ժամանակ, նա պետք է անհանգստանա, քանզի, ի դեմս ժողովրդի, ունի վրդովված ընդդիմախոս, որը թաղումների շոկից հետո սրբելու է քիրվայականներին։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը