Լրահոս

09.02.2011 10:18


«Լինսի» հիմնադրամը 10.5 միլիոն դոլար է նվիրաբերել Միացյալ հայկական հիմնադրամին

Միացյալ հայկական հիմնադրամը հայտնում է, որ «Լինսի» հիմնադրամից 10.5 միլիոն դոլարի առատաձեռն նվիրատվություն է ստացել:

Միացյալ հայկական հիմնադրամն այս գումարի մեծ մասը ծախսելու է վեց դպրոցների նորոգման և վերանորոգման համար, որոնք գտնվում են 1988 թվականի դեկտեմբերի աղետալի երկրաշարժի հետևանքով ավերված Հյուսիսային Հայաստանի տարածքում: «Լինսի» հիմնադրամն այս դպրոցների վերականգնման ծրագիրը ձեռնարկել էր 2010 թվականի հունիսին, իսկ այժմ դրա ամբողջացումը փոխանցել է Միացյալ հայկական հիմնադրամին: Ծրագիրը պետք է կատարվի շինարարական որակի, ապահովության և ֆինանսական պատասխանատվության բարձրագույն չափանիշներով:

«Լինսի» հիմնադրամի նվիրած գումարի մնացած մասը Միացյալ հայկական հիմնադրամի կողմից կօգտագործվի իր երկարամյա մարդասիրական առաքելությունը շարունակելու համար, այսինքն' Հայաստանի և Արցախի չքավոր հատվածների համար խիստ անհրաժեշտ բարեսիրական ապրանքների ձեռքբերում, փոխադրություն և տարածում: 1989 թվականին Միացյալ հայկական հիմնադրամի ստեղծման առաջին իսկ օրվանից, «Լինսի» հիմնադրամը հսկայական աջակցություն է ցուցաբերել այս օգտավետ աշխատանքներին: Հիշյալ թվականից ի վեր, Միացյալ հայկական հիմնադրամը 158 թռիչքներով և 1852 ծովային արկղերով 612 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ օժանդակություն է հասցրել Հայաստան և Արցախ:

Միացյալ հայկական հիմնադրամը' Ամերիկայի հայ Ավետարանչական ընկերակցության, «Լինսի» հիմնադրամի, Հայ Կաթողիկե Առաջնորդարանի (Հյուսիսային Ամերիկա և Կանադա), Հայ օգնության միության, Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Ամերիկայի Առաջնորդարանի, Հայաստանյայց Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Առաջնորդարանի և Հայկական բարեգործական ընդհանուր միության համատեղ աշխատանքն է:

Այս խորագրի վերջին նյութերը