Մեկնաբանություն

10.04.2016 10:30


80-ականների զենքով, բայց ո՛չ 80-ականների ոգով

80-ականների զենքով, բայց ո՛չ 80-ականների ոգով

Հանրային հեռուստաընկերությունը (որից Ջաղինյանը միայն «Հ» տառը թողեց ու մեկ էլ տերերի հրահանգով՝ կողքին 1 գրեց) լրիվ ընկել է քարոզչական մարազմի մեջ:

Հայտնի է նաեւ, որ 2008-ից հետո Սերժ Սարգսյանը սկսեց «մրսել» «Հայլուր» անվանումից եւ իր սիրելի արմանբաբաջանյանների «հանգով»՝ նշված ալիքի լրատվականը կոչեց՝ «Առաջին լրատվական» (անդեմ, անկապ, անիմաստ): Այն է՝ դա՛ էլ փոխեց (իբր ինքը շա՜տ «ինքնատիպ», «առանձնահատուկ» ու «անկրկնելի» է, որի նմանը հայոց պատմությունը չի ծնել):

Ու այս՝ վտանգներով լի օրերին Ջաղինյանի եթերում բնավորված թերուս գլամուրը, որի համար հայոց պատմությունը սկսվում է 2008-ից՝ բոլոր հաղորդումներում «բուքսիր» է անում, որ կարողանա ինչ-որ ապուշի գրավել իր կողմը: Մինչդեռ, թքելու բան է:

Ապրիլյան առաջին օրերին սկսեցին եթեր տալ սովետի ժամանակ նկարված ամենաանհաջող ֆիլմերը («Մխիթար սպարապետ» եւ այլն): Հետո տեսան, որ էն չի՝ շա՜տ ուշացումով եւ սրտի կսկիծով եթեր տվեցին անկախության շրջանում Արցախյան ազատամարտին նվիրված ամենահաջողված ֆիլմը՝ «Մի վախեցիր»-ը (երեւի, գլխի ընկան, որ խայտառակությունը շատ մեծ է լինելու, եթե չտեսնելու տան բոլորի կողմից սիրված «Մի վախեցիր» ֆիլմը ու ցուցադրեցին): Հո միայն Պասկալեւայով եթեր չե՞ս լցնի (այն էլ կիսառուսերեն-կիսահայերեն տարօրինակ ձեւաչափ ընտրած հաղորդաշարով): Ինչեւէ:

Հանրայինը հետո սկսեց ազգային-ազատագրական, ֆիդայական երգեր հեռարձակել (մերօրյա մեկնաբանությամբ): Սա էլ աբսուրդ կարելի է համարել. 21-րդ դարում 19-րդ դարավերջի երգեր («Ելի՛ր, դաշնակ Դրո» եւ այլն):

Ի դեպ, երբ ՀՅԴ-ն ՀՀԿ ղեկավարին համագործակցության մասին աղերսանքով չէր դիմել, Հանրայինը նման երգեր եթեր չէր տալիս: Եթե տալիս էլ էր, ապա՝ «դաշնակ» բառը դուրս շպրտված: Այդ հիմա է, որ ՀՀԿ-ՀՅԴ սիրավեպ է սկսվել ու Հանրայինը այդ երգերը եթեր է տալիս: Չնայած, ազգային-ազատագրական, ֆիդայական երգերի գերակշիռ մասը «դաշնակցական» պատկանելություն չունի:

Արժանին պետք է հատուցել սովետի լճացման թվերին 17 տարի Հայաստանի հեռուստատեսությունը ղեկավարած՝ պատմաբան Ստեփան Պողոսյանին, որը 1980-ականների սկզբից սկսեց եթեր հեռարձակել ազգային-ազատագրական, ֆիդայական երգերը: Եթերային մի քաղաքականություն, որը լի էր վտանգներով, քանզի ամեն պահի Կրեմլը կարող էր Ս. Պողոսյանին ազատել աշխատանքից (միայն զարմանալի է, թե ինչու է մինչ օրս ՀՅԴ-ն ատում այդ պատմաբանին):

Ստեփան Պողոսյանը եթեր էր տրամադրում ազգային-ազատագրական, ֆիդայական երգացանկով ասպարեզում հայտնված խմբերին: Ու նաեւ հենց Պողոսյանի՛ եթերային քաղաքականությունը հասունացրեց 88-ի ազգային զարթոնքը: Հիմա, սակայն, ավելի մեծ զավեշտի ականատես եղա: Հանրայինը եթեր է տալիս մի չորս տարվա վաղեմության համերգ (Հայոց բանակի հերթական տարելիցին նվիրված կառավարական համերգի տեսագրությունը): Չնայած, կապ չունի, 2008-ից հետո այդ կառավարական համերգների սնամեջ բովանդակությունը չի փոխվել:

Ժամանակին պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը աջակցում էր ինչ-որ «Ճ» կլասի երգերի ստեղծման եւ ձայնագրման գործին (լրիվ գազմանովյան ոճի մարշեր, պլագիատ): Հիմա էդ անարժեք երգերն ու կատարումները «մոդա» են եւ արդեն 8 տարի հնչում են Հանրայինով: Պրիմիտիվ, սաղր, անբովանդակ եւ ոգեզուրկ երգեր…

Հիմա մտածում եմ՝ մինչեւ 88-ը Հայաստանի միակ հեռուստաընկերությունն իր քարոզած երգերով որքա՜ն մեծ լիցք էր հաղորդում, որքա՜ն ոգի կար այդ երգերում:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը