Քաղաքական

08.04.2016 12:45


Ղարաբաղում Սամվել Բաբայանի հետ կապված ստորագրահավաք է սկսվում

Ղարաբաղում Սամվել Բաբայանի հետ կապված ստորագրահավաք է սկսվում

Ղարաբաղում ռազմական գործողությունների ակտիվացումը և դրա հետևանքները լրջորեն մտահոգում են բոլորիս։

Ես այս օրերին ակտիվորեն շփվում եմ մարդկանց լայն շրջանակների հետ։ Ասեմ, որ քննարկման հիմնական թեմաներից մեկը վերաբերում է ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար և ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին։ Բոլորն էլ ցանկություն են հայտնում ու նաև պահանջում Բաբայանին Ղարաբաղ վերադարձնել։

Ամենևին չթերագնահատելով Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության գործունեությունը ու ներդրված ջանքերը` այդուհանդերձ, գտնում եմ, որ այս օրհասական պահին մեծ շռայլություն է Սամվել Բաբայանի փորձն ու գիտելիքներն ի նպաստ Հայրենիքի պաշտպանությանը չծառայեցնելը։

Բոլորս էլ գիտենք, թե ինչ է տեղի ունեցել նախկինում, և ինչու է Բաբայանը հեռացել Ղարաբաղից, բայց հիմա այդ հարցերը քննարկելու ժամանակը չէ։ Մենք օրական զոհեր ենք տալիս, ու դեռ հայտնի չէ, թե ինչ է սպասվում։

Ղարաբաղի բանակի ոգին ու միտքը պատերազմի տարիներին եղել է Սամվել Բաբայանը։ Դա չեն հերքում անգամ նրա ամենաոխերիմ «բարեկամները»։ Ուստի անիմաստ է «մերոնք–ձերոնք» խաղալ, երբ առաջնագծում մեր զինվորը կենաց–մահու կռիվ է տալիս։

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակում ազգային միասնության ապահովման անհրաժեշտությունը՝ որպես ԼՂՀ ԱԺ պատգամավոր նախաձեռնում եմ համաժողովրդական ստորագրահավաք՝ Սամվել Բաբայանին Ղարաբաղ հրավիրելու համար։ Կոչ եմ անում բոլորին միանալ իմ այս նախաձեռնությանը։

ԼՂՀ ԱԺ պատգամավոր
Հայկ Խանումյան

https://www.facebook.com/hayk.khanumyan/posts/10208836242253670?pnref=story

Այս խորագրի վերջին նյութերը