Տնտեսական

07.04.2016 21:37


Ստորագրվել են հայ-ռուսական համագործակցության խորացմանն ուղղված մի շարք փաստաթղթեր

Ստորագրվել են հայ-ռուսական համագործակցության խորացմանն ուղղված մի շարք փաստաթղթեր

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի ներկայությամբ այսօր ՀՀ կառավարությունում ստորագրվել են հայ-ռուսական համագործակցության օրակարգին վերաբերող մի շարք համաձայնագրեր:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության կայքէջից։

Ստորագրվել է համաձայնագիր ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման ոլորտում համագործակցության մասին: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը և ՌԴ «Ռոսկոսմոս» տիեզերական գործունեության պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Իգոր Կոմարովը:
ՀՀ քաղաքաշինության նախարարության և ՌԴ շինարարության և բնակ-կոմունալ տնտեսության նախարարության միջև ստորագրվել է քաղաքաշինության, ճարտարապետության, շինարարության, բնակարանային քաղաքականության և բնակ-կոմունալ տնտեսության բնագավառներում համագործակցության համաձայնագիր: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը և ՌԴ քաղաքաշինության և բնակ-կոմունալ տնտեսության նախարար Միխայիլ Մենը:
ՀՀ առողջապահության նախարարության և ՌԴ սպառողների պաշտպանության և սոցիալական ապահովության իրավունքների վերահսկողության դաշնային ծառայության միջև միջազգային բժշկասանիտարական կանոնների իրագործման բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրը ստորագրել են ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և ՌԴ սպառողների պաշտպանության և սոցիալական ապահովության իրավունքների վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Աննա Պոպովան:
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը և ՌԴ էկոլոգիայի և շրջակա միջավայրի նախարար Սերգեյ Դոնսկոյը ստորագրել են երկու գերատեսչությունների միջև շրջակա միջավայրի պահպանության բնագավառում համագործակցության մասին հուշագիր:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՌԴ տնտեսական զարգացման նախարարության միջև կնքվել է համագործակցության և փոխըմբռնման մասին համաձայնագիր, որը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը և ՌԴ տնտեսական զարգացման նախարարի 1-ին տեղակալ Ալեքսեյ Լիխաչովը:
Ստորագրվել է նաև ՀՀ Արմավիրի մարզպետարանի և ՌԴ Վոլոգդայի մարզի կառավարության միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար համագործակցության մասին համաձայնագիր, որը ստորագրել են Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և Վոլոգդայի նահանգապետ Օլեգ Կուվշիննիկովը:
Երկկողմ համագործակցության համաձայնագիր են ստորագրել Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն ԱՓԲԸ գործադիր տնօրեն Վազգեն Աբգարյանը և Արտահանման վարկերի և ներդրումների ապահովագրության ռուսական գործակալություն ԲԸ գլխավոր տնօրեն Ալեկսեյ Տյուպանովը:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ և «Գազպրոմ էկսպորտ» ՍՊԸ միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի մատակարարման 2013 թվականի դեկտեմբերի 2-ի N 02-13-04 պայմանագրին կից լրացում կատարելու փաստաթուղթը ստորագրել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը և «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը:
Ստորագրվել են ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին և ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունները: Փաստաթղթերը ստորագրել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը և ՌԴ էներգետիկայի նախարարի տեղակալ Անատոլի Յանովսկին:

Այս խորագրի վերջին նյութերը